Դիլիջան ազգային պարկի ծառահատումներից հետո իրավիճակը փոխվել է

Դիլիջան ազգային պարկի ծառահատումներից հետո իրավիճակը փոխվել է
Վերջերս [անդրադարձել էինք](https://www.hraparak.am/posts/5af2b0f8047e5e06d49b8368/%D5%A4%D5%AB%D5%AC%D5%AB%D5%BB%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BA%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AE%D5%A1%D5%BC%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%A4-%D5%A5%D5%B6-%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D6%81%D6%80%D5%A5%D5%AC) Դիլիջան ազգային պարկում իրականացրած ծառերի սպանդին: Բնապահպան, ակտիվիստ Հայկ Բարսեղյանն ու Բնապահպանի տուն / Eco House and Camp / խմբի անդամները ահազանգի հիման վրա մեկնել էին Դիլիջան եւ հայտնաբերել 200 ից ավել հատված ծառ: Բնապահպաններն առաջարկում են մեխանիզմներ, որոնք կիրառելու դեպքում վերջ կդրվեն ապօրին ծառահատումներին:



Առաջնայինը անտառապահի խնդիրն է, որը չպետք է լինի տեղի բնակիչ: Բոլոր անտառապահները պետք է ունենան զենքեր իրենց մոտ, եւ պետք է գողին ձերբակալելու իրավունք ունենան: Եւ ամենակարևորը պատշաճ աշխատավարձ պիտի տրվի նրանց եւ այլն: Հայկ Բարսեղյանը տեղեկացնում է, որ երեկ իրենց հետ կապ է հաստատել փոխվարչապետի աշխատակազմի ղեկավար՝ Վարագ Սիսեռյանը, ասելով, որ իրենց առաջարկները կապված Դիլիջան ազգային պարկի հետ, փոխանցվել են համապատասխան մարմիններին։



Ինչպես նաև փոխվարչապետի աշխատակազմի ղեկավարը խոստացել է արձագանքել մինչև մայիսի 30-ը։ Իսկ այս ընթացքում բնապահպանները Դիլիջան ազգային պարկի Հաղարծին տեղամասի հսկման համար աշխատանքի ընդունման 400 ից ավել դիմում են ստացել, որից ընտրվելու են ընդամենը 24 անձ: Նախատեսվում է, որ քննություն են վերահանձնելու Դիլիջան ազգային պարկի ներկա աշխատակիցները նույնպես։ Ինչպես նաև Բնապահպանի տուն / Eco House and Camp / նախաձեռնության անդամները դրամահավաք են սկսել, որպեսզի գույք գնեն Հաղարծին տեղամասի հսկման համար:



Կազմակերպիչները կազմել են անհրաժեշտ գույքի ցանկը՝ համապատասխան արժեքով. 6 հատ լեռնային մոտոցիկլետ - Jumper 125, ընդհանուր արժեքը 8400 ԱՄՆ դոլար, 6 հատի առաքման արժեքը 980դոլար, մոտոցիկլետի հանդերձանքը՝ 1100դոլար, առաքումը՝ 100դոլար, 3 հատ GoPro 5 Session՝ 600դոլար, առաքումը՝ 20դոլար, 1 հատ նոթբուք՝ նախատեսված վիդեոմոնտաժի համար, 1200դոլար արժողությամբ, առաքումը՝ 20դոլար, 2 հատ 2tb ծավալով կոշտ սկավառակ՝ ինֆորմացիայի արխիվացման համար՝120դոլար, առաքումը՝ 15դոլար, 3 հատ անօդաչու սարք՝ DJI Mavic Pro Platinum՝ 4500դոլար, առաքումը՝ 100դոլար:



Գույքի ընդհանուր արժեքը կազմում է 17155դոլար: Բայց եթե գտնվեն մարդիկ, ովքեր գումարի փոխարեն կարող են հենց գույքը տրամադրել, կազմակերպիչների խոսքերով՝ միայն շնորհակալ կլինեն: Հաշվեհամարը, որ բացվել է հենց այդ նպատակով՝ Idram: +37494777594, պատկանում է Բնապահպանի տուն / Eco House and Camp նախաձեռնությանը: Կազմակերպությունը պարտավորվում է մանրամասն հաշվետվություն ներկայացնել գնված գույքի, փոխանցված գումարի համար:



«Շատերին կարող է թվալ, թե ընտրել ենք թանկ ապրանքներ: Այդ ուղղությամբ շատ ենք մտածել ու հազար պատճառ ենք հաշվի առել ընտրություն կատարելիս: Ընտրությունը գալիս է գործի բնույթից: Մոտոյով չես կարող գնալ ու մեջքիդ հսկա դռոն տանել: Դրա համար էլ ընտրել ենք թեկուզ թանկ, բայց փոքր բան: Ու պատճառները նույնն են մյուս ապրանքների ընտրության հարցում»,- պարզաբանում է կազմակերպության տնօրեն Գոռ Հովհաննիսյանը:



**Արևիկ Հակոբյան**