Փակ ճանապարհների դեմ «պայքարելու» ձեւը գտել էին

Փակ ճանապարհների դեմ «պայքարելու» ձեւը գտել էին
Այս օրերին բազմաթիվ ահազանգեր ենք ստանում քաղաքացիներից, ովքեր բողոքում են փակ ճանապարհներից: Մեկը գնում է զինվորին տեսության, մեկը ուզում է շուտ հասնի իր երեխաների մոտ, մյուսը վատառողջ է եւ շտապում է հիվանդանոց: «Երեկ մինչեւ հասա Կապան, 7 ժամ տեւեց, ակտիվիստները փակել էին Չիվան, Մալիշկան, Արենին, Կապանը, ոչ մի կերպ թույլ չէին տալիս անցնեինք, իսկ մենք բոլորս շտապում էինք, մի կերպ, գյուղերի միջով, շատ վատ ճանապարհներով գնացինք»,-ասաց քաղաքացիներից մեկը:



Մեկ այլ քաղաքացի, ով Մարտունի է գնում-գալիս, փակ ճանապարհները բացելու ձեւը գտել է, մոտը դրոշ է պահում եւ հենց ակտիվիստների է հանդիպում,ասում է՝ բացեք, ես էլ գնում եմ «իմ քայլը» անեմ Մարտունիում: Մեկ այլ քաղաքացի, ով շտապում էր օդանավակայան, պատմեց, որ մինչեւ ավիատոմսը ցույց չի տվել, չեն բացել Երեւան մտնող ճանապարհը: Միեւնույն ժամանակ, բոլոր քաղաքացիները նշում են, որ իրենք շարժման մասնակից են, շատ ուրախ են թավշյա հեղափոխության հաղթանակի համար, սակայն արդեն «հատկապես դպրոցականները համը հանում են», ինչ կարիք կա ճանապարհներ փակելու, երբ արդեն կարծես բոլոր հարցերը լուծվել են, ՀՀԿ-ն չի առաջադրում թեկնածու, մյուսներն էլ սատարելու են ժողովրդի թեկնածուին:



Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հանրահավաքում հայտարարել է, որ դադարեցնում են փողոցները փակելու եւ այլ գործողությունները, մնում են միայն լոկալ երթերն ու հանրահավաքները։



##### ​