Ի՞նչ ես իմացել, ժողովուրդ

Ի՞նչ ես իմացել, ժողովուրդ
27 ապրիլի 2018թ.



Միշտ խուսափել եմ իմաստուն և ընդհանրացնող մտքերից, բայց այսօր դրա պահն է… Գնում ենք հոգեհանգստի:



Միկրոավտոբուսում, ինչպես ընդունված է, տխրագույն մտքերի հետ լսվում է օրվա խնդիրը՝ Նիկոլ, Գյումրի, Մայիսի 1 և այսպես շարունակ: Սկսել եմ վստահ ու ստացվում է, որ ինձ համար ճշմարիտ, աներկբա մտքեր են հորդում, ոգևորվում եմ… դու մի ասա, սկսվում է օրվա «հրատապ», բայց ինձ համար անսովոր հարցադրումը` «կրթություն չունի, կեպկան գլխին, անթրաշ», «նախագահին մեջքով շուռ եկած մի անտաշ» անձնավորություն հանկարծ հակադրվում է իշխանությանը, «Հանրապետության նախագահին» և նույնիսկ վերջնագիր է ներկայացնում: Ես էլ կարծում էի, թե միակամ ենք. չէ՛, այդքան միամիտ չեմ, բայց արի ու տես, որ հազարամյակների իմաստուններն են այդ փաստը արձանագրել և դրանից մտահոգվել` շահեր են բախվում. Զգում ես, որ երբ լուրջ, արմատական հարց պետք է լուծվի, սկսվում է մի հոգեմաշ գործընթաց`արժեքները սևացնելու ճանապարհին:



Անձնական, ընտանեկան, իբր կուսակցական շահերից բխող մի ճղճիմ բանավեճ է սկսվում, թե տղաս զինվորական է, ոստիկան է, մարզպետի տեղակալ, համայնքի ղեկավար, նախարար… Մտքերս խճճվում են, բարդ է, բայց` սիրելիներս, կա հետևյալը. Ամեն քաղքենի երգիչ, թե շատ բարեկեցիկ ընտանիք ու մարդ, իմ կարծիքով, մեր օրերում պետք է գլխավորն ու երկրորդականը տարբերի: Ավելի քան 27 տարի է, մտածում ենք, որ լավ կլինի, Արցախյան հերոսական ազատամարտի կամքի ներքո զսպված և իմաստուն, «երկչոտ» ու առյուծասիրտ վարք հրամցնենք, համբերություն դրսեվորենք, որ հաղթենք:



Ասպարեզ է եկել համեմատաբար երիտասարդ անձնավորություն` Նիկոլ Փաշինյան, որին ուշացած եմ հասկանում…Վերջին տարիներին նրան ամեն կերպ և հմտորեն փորձում են վարկաբեկել, նսեմացնել…Ես էլ քաղաքական ու միջկուսակցական գզվռտոցի աղմուկից հոգնած մի մարդ, որոշեցի, որ սա էլ մի պատվեր է, հերթական գորշություն, խորհրդարանական խմբակցության իմ կողմից ընտրված, կամ չընտրված մի մարդ` դրեցի մի կողմ, կենցաղային խոսակցությունների ժամանակ, երևի նույնիսկ առանց մտածելու, փնովեցի… Ներիր Տեր իմ… Ինչո՞ւ եմ այսօր զայրանում, հունից դուրս գալիս. Որովհետև ամեն անկյունից հիմա ինձ վերադարձնում են իմ բամբասանքը, փորձում են եղկելի կերպով նսեմացնել մի մարդու, որը վերջապես իր համախոհներով ոտքի է ելել, ճամփա է անցել, հիմա էլ չափչփում է Հայաստան աշխարհի մեզ մնացած հատվածը, ձայնն է կորցրել` ի՞նչ է ասում։ Ասում է՝ փոխենք մեզ, փոխենք մեր կյանքը, մերժենք անմարդկայինն ու ոչ հայկականը, անարդարը, ծախուն… Բա ինչպե՞ս ես չկանգնեմ մի մարդու կողքին, ինձնից երիտասարդ, բայց ինձնից ավելի համարձակ, իմ և շատերիս մտքերն ու վշտերը կիսող մի «անթրաշ» Նիկոլի կողքին, որը հոչակել է «ժողովրդական հեղափոխություն»:



Հիմա լրջանանք.



1.Այն ինչ տեղի է ունենում`ժողովրդական հեղափոխություն է, քանի որ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում վերջին 25 տարիներին, համազգային լարումի, զսպվածության, ասկետիկ ու աղքատ կյանքի համադրության, հույսի ու հավատի զուգադրությամբ, ցավոք նաև, փախուստի թռիչք է:



2.Մեր փոքրիկ, հպարտ հանրապետությունը Արցախի Հանրապետության ու մեր ողջ ժողովրդի հետ կնքած լուռ, հայավարի մի պայմանագրով քառորդ դար կրում է բեռ, հավատ, երազանք, փոխարենը «խնդրում» արդարություն, փոխադարձ սեր, հարգանք, օրենք և հաղթանակի ուղերձ: Մեզ պատասխանում են 2017 թ․ ընտրված Ազգային ժողովի նիստի ելույթներով, հրապարակային քծնանքով:



3.Այնպես են ղեկավարել, որ այս տարիների ընթացքում մեր հայրենիքում ձևավորվել են անուղղելի բևեռներ, ատելի շերտեր ու խավեր, անվստահելի և իրար «քցող» ընկերներ ու եղբայրներ, հորը դատի տվողներ, էլ չեմ ասում Նարեկացի կարդացող ու սխալ մեկնաբանողներ…



4.Ինչպես 1918թ. մարտին Անդրկովկասի քաղաքական ուժերը սարսափում էին, թե մի բոլշևիկ Ստեփան Շահումյան Սարիղամիշի բոլշևիկացած ռուսական զորամասերով կարող է գրավել Թիֆլիսը և Անդրկովկասը խորհրդայնացնելու ճանապարհով լուծել հայկական համազգային ծրագիրը, այնպես էլ այսօր մի Նիկոլ, Գյումրիից քայլելով կարող է թմրած, հոգեմաշ հանրությանը արթնացնել, ազատագրել, փրկել:



5.Այս է ժամանակի հրամայականը. մի վարկաբեկեք այդ հպարտ երիտասարդին։ Չէ՞ որ նա է բերում սպասված հոգևոր ազատագրումը-Վ.Տերյանի Հոգևոր Հայաստանը: Սատարենք նրան, վստահենք նրան: Սիրելի ժողովուրդ, սրանք պահի լոկ զգացմունքային ուղերձներ չեն… Գիտակից տարիքից և 1988 թ.-ից իմ ժողովուրդի հետ եմ, նրա մասնիկն եմ: Մեր հանրության հետ 30 տարի է ձգտում եմ լուսավորին, արդարին, ազնիվ կեցվածքին: Տարբերենք գլխավորը երկրորդականից, ազատվենք կեղծիքից, հազարամյակների բարոյական-գաղափարական մարգարեությունը սխալ ու սուտ կրողից ու մեկնաբանողից, ցեղի պաշտամունքը փողի պաշտամունքի իջեցնող փարիսեցիներից, ապրիլի 23-ին մետրոյի վագոնում Մեծ լուրը ստացած աղջնակի հեկեկոցը այսօրվա քաղաքական «տորգի» հետ նույնացնելուց-ազատվենք ու ազատագրվենք: Ո՞վ կմտածեր, որ 19-րդ դարի կեսերին Մ.Նալբանդյանի հռչակած Ազատությունը այսօր կրկին այդքան բարձր կհնչի:



6. Սիրելիներս, այդ երիտասարդը մեզ և ինձ, հատկապես, ազատություն է պարգևել. երբ ես 1990 թ.-ին պաշտպանում էի Ելցինի հռչակած դեմոկրատիան, լուսավոր հայրս հեգնանքով, բայց և իմաստուն հարգանքով աջակցեց ինձ, առաջ մղեց, երևի թե ինձնով անգամ թևավորվեց և, այդպիսով, մենք էլ մի քայլ արեցինք:



7.Ես Նիկոլին կոչում եմ ԱԶԱՏԱՐԱՐ, անձամբ շնորհակալություն եմ հայտնում ինձ ազատագրելու, հուսադրելու համար, ինձ, որ 57 տարեկան եմ, ինձ, որ միշտ հոգեպես ազատ եմ եղել, ազատ իմ Աստծո և «խելառ» հայրենիքիս հետ, բայց ոչ իմ «կողքինների» և հասարակության հետ…



8.Այնպես որ, չխառնենք արժեքները, իմ սիրելի ջահելներ ու ահելներ. հետևենք ժողովրդական հեղափոխությանը, վստահենք միմյանց ու ներողամիտ լինենք, փորձենք անձնական, ընտանեկան, կուսակցական, իշխանական շահերը գոնե այս պահին ստորադասել գլխավորին` Հանրապետական կուսակցության «դավանած» ցեղակրոն, ազգապաշտ գաղափարաբանությանը…



Եվ վերջապես, Սասնա Դավթի պես, մի լավ թափ տանք մեզ ու նորից հիշենք Հովհաննես Թումանյանին. Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ, Քանի՜, քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ, Ի՞նչ են տարել նրանք կյանքից, քե ինչ տանես դու քեզ հետ, Խաղաղ անցիր, ուրախ անցիր, երկու օրվա քո ճամփեդ:



Անցյալ օրը ուսանողներս հարցրին, թէ ում օգտին ի վերջո կքվեարկեմ, ասացի-մեր ազատարար փրկչի օգտին: Պաթոսը շատ է, գուցե, և զարմանալի, նույնիսկ նրանք զարմացան, բայց և հասկացան, որ դասախոսի և իրենց միջև նվազեց, գուցև չկա արդեն տարիքային, գաղափարական անջրպետ: Նիկոլը և երիտասարդությունը ազատագրում են 21-րդ դարի սկզբի հայ հասարակությանը, այդպիսով նաև կամուրջներ գցում մեծ ու փոքր հարևանների միջև, նույնիսկ կարող է «եղբայրացնեն» նրանց: Սիրելիներս, ապրիլի 23-ի մեր բացառիկ երջանկությունն ու ուրախությունը թող քեֆի չվերածվի, թող այն հաղթանակ բերի բոլորիս, թող բոլորիս երջանկության արցունքները կամքի վերածվեն, փոխանցվեն քաղաքական ուժերին, որոնք, հույս ունեմ, հազարամյակների իմաստությունը կկռեն: Նիկոլ Փաշինյանը ժամանակի հայ մարդն է; Հեռու քշենք քաղքենիական և սովորական դարձած նվաստացնող գնահատականների միջոցով մեծ նպատակը սևացնելու և ձախողելու ծրագիրը: Բարձրագույն արժեքը հայ մարդուն, հայկական քաղաքակրթությունն ու ժամանակակից հասարակությունը կեղծիքից, ստից, ազատագրելն է և իրական արժեքների հիմքի վրա մեր պետականության ամրապնդումը:



Վահան Մելիքյան, պատմագիտության դոկտոր,պրոֆեսոր