Կրիպտոարժութային անցուդարձ

Կրիպտոարժութային անցուդարձ

Այս շաբաթ Կանադայի առաջին բլոկչեյն ֆոնդը մուտք կգործի Toronto Stock Exchange բորսա եւ առաջին անգամ այդ երկրում կհայտնի ETF-ն, որը հնարավորություն կտա գումար ներդնել բլոկչեյն նախագծերում:



Ֆոնդը, որը կնքվել է Blockchain Technologies ETF անունով, ստեղծվել է Harvest Portfolios ընկերության կողմից եւ արդեն ունի արտոնագիր՝ տրված Օնտարիոյի արժեթղթերի հանձնաժողովի կողմից: Այս մասին հայտնում է Investfuture հարթակը՝ մանրամասնելով, որ կարգավորիչ հանձնաժողովին արտոնագրի համար հայտ են ներկայացրել եւս երկու նման կազմակերպություն` First Trust Portfolios Canada-ն եւ Evolve Funds Group Inc-ը:



«Ներդրողների համար բլոկչեյնը շատ գրավիչ է հիմա: Այն դեպքում, երբ գաղափարը դեռ մնում է նորարարական, հետազոտությունները ցույց են տվել, որ այդ տեխնոլոգիաները ապագայում կարող են միլիարդավոր դոլարներ տնտեսել: Սա իրոք հետաքրքրիր է», − պարբերականի հետ զրույցում նկատել է First Trust Portfolios Canada-ի ղեկավար Կարլ Չեյոնգը:



Միացյալ Նահանգներում եւս երկու հիմնադրամ է սկսել գործել Նյու-Յորքի եւ Nasdaq-ի բորսաներում, որոնք սկսած 17-ին մուտք են գործել դաշտ եւ հայտարարել են, որ ներդրումներ են կատարելու այն ընկերություններում, որոնք կապված են բլոքչեյն տեխնոլոգիաների հետ: Այս հիմնադրամներն են` Reality Shares NextGen Economy ETF-ն եւ Amplify Transformational Data Sharing ETF-ն, որոնք իրենց գրանցման հայտարարագրում նշել էին, որ այն ներդրումները, որոնք իրենք պատրաստվում են իրականացնել, ռիսկային են եւ հնարավոր է, որ եկամուտներ չապահովեն: Իհարկե, չպետք է շրջանցել նաեւ այն, որ ԱՄՆ Արժեթղթերի հանձնաժողովը` SEC-ն մի քանի օր անց գրանցումից հայտարարեց, որ նախքան այս հիմնադրամները կսկսեն իրենց ակտիվ գործունեությունը, անհրաժեշտ է որոշ հարցեր այնուհանդերձ լավ ուսումնասիրել եւ վերլուծել:



Այս հայտարարությունից հետո հիմնադրամները ժամանակավորապես հայտերը հետ վերցրին, մինչ հանձնաժողովը վերջնական եզրակացություն կհրապարակի: Ու մինչ Կանադայում եւ ԱՄՆ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է ի վերջո բլոքչեյնը, աշխարհի մյուս ծայրերում բորսաները հայտարարում են, որ կրիպտոարժույթներից ամենահայտնին` բիթքոյնը կրկին շեշտակի գնանկում է արձանագրել՝ հասնելով նախ 8 եւ ապա 6 հազար դոլարի նիշին: Dow Jones-ի սանդղակի համաձայն, երկու ամսում բիթքոյնը կորցրել է ավելի քան 200 միլիարդ դոլար:



Շուկայի ընդհանուր կապիտալիզացիան կազմում է 347 միլիարդ դոլար, որից 36%-ը բիթքոյնի մասնաբաժինն է: Նման շեշտակի գնանակման պատճառը Չինաստանի իշխանությունների որոշումն է՝ փակել բոլոր կայք-էջերը, որոնք կապ ունեն կրիպտոարժույթների առք ու վաճառքի հետ, ներառյալ նաեւ արտասահմանյան հարթակները: Պեկինի կենտրոնական իշխանությունների այս որոշման մասին հայտնում են South China Morning Post եւ Financial News պարբերականները՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական բանկ համարվող Ժողովրդական բանկի հայտարարությունը:



Ի դեպ, չինական Weibo սոցիալական ցանցը նույնպես, հետեւելով Facebook-ին արգելել է կրիպտոարժույթների գովազդը իր հարթակներում: Այս պահին կրիպտոարժույթների շուկայի մասնագետները կարծում են, որ Պեկինի նման որոշումից հետո կրիպտոարժույթների շուկայի հիմնական շարժիչ ուժ կարող է դառնալ Հարավային Կորեան:



**investfuture.ru**