Տեխնոլոգիական կենտրոնը` նորաբաց «Cityzen» քաղաքում

Տեխնոլոգիական կենտրոնը` նորաբաց «Cityzen» քաղաքում

Հոկտեմբերի 6-ին «Play City»-ում տեղի ունեցավ մասնագիտությունների մանկական՝ «Cityzen» քաղաքի բացումը, որտեղ, այլ մասնագիտությունների շարքում, ներկայացված է նաեւ հեռահաղորդակցության ոլորտը՝ ի դեմս Հայաստանում այդ ոլորտի առաջատար ՎիվաՍել-ՄՏՍ-ի: Ընկերության տեխնոլոգիական կենտրոնը նախատեսված է 4 տարեկանից բարձր երեխաների համար:



«Cityzen»-ն իրական քաղաքի փոքր մոդել է՝ իր ենթակառուցվածքներով, օրենքներով եւ հաստատություններով: Այն անվտանգ, կրթական եւ խաղային միջավայր է, որտեղ երեխաները կարող են ստանալ նոր գիտելիքներ, փորձ, վառ տպավորություններ եւ զարգացնել ինքնուրույն ստեղծագործելու հմտություններ։



ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնոլոգիական կենտրոնում երեխաներն ինտերակտիվ եւ պարզեցված պարապմունքների միջոցով կծանոթանան ժամանակակից տեխնոլոգիաներին եւ գիտելիքներ կստանան հեռահաղորդակցության ոլորտի վերաբերյալ, ինչպես նաեւ ավելի լայն պատկերացում կկազմեն, թե ինչպես է գործում անլար հաղորդակցությունը: Հատուկ խաղային մոդելի շնորիվ երեխաները կպարզեն, թե ինչպես կարելի է 3G ցանցից անցում կատարել դեպի 4G ցանց, որպեսզի երկրի բնակիչները եւ սպասասրահում սպասող ծնողներն ապահովվեն գերարագ ինտերնետ կապով:



«Հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը «Cityzen»-ում ներկայացված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնոլոգիական կենտրոնում: Այստեղ երեխաները կարող են ծանոթանալ հեռահաղորդակցության հիմունքներին, պատմությանը, բջջային կապի աշխատանքի սկզբունքներին եւ կիմանան, թե ինչով է, օրինակ՝ 3G ցանցը տարբերվում 4G ցանցից: Նախաձեռնությունը կարեւոր է վաղ տարիքից երեխաների մոտ տարբեր մասնագիտությունների մասին պատկերացում ձեւավորելու առումով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



«Cityzen»-ում բացված ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնոլոգիական կենտրոնում երեխաների համար նախատեսված պարապմունքները կանցնեն վեց ուղղություններով՝ բջջային տեխնոլոգիաներ, համացանցի հիմունքներ, ցանցերի աշխատանք, համացանցային անվտանգություն, ռոբոտաշինություն եւ շարժական սարքավորումներ: