Հնազանդ երեխան դժբա՞խտ է. ի՞նչ են նշանակում մանկական կամակորությունները

Հնազանդ երեխան դժբա՞խտ է. ի՞նչ են նշանակում մանկական կամակորությունները

Որքան էլ շատ ենք սիրում մեր երեխաներին, նույնքան հաճախ էլ նրանց վրա անտեղի բարկանում ենք: Անընդհատ շտապող ու անհանգստացող մեծահասակներիս ցանկությունը մեծ է կարգադրել երեխային և անհապաղ տեսնել դրա կատարումը: Եվ հաճախ չենք էլ նկատում, թե որքան անտեղի ու անտրամաբանական են մեր պահանջները. «Կե՛ր անձայն», «Տաբատդ փողոցում մի՛ կեղտոտիր» այլն: Դրանց ոչ տրամաբանական լինելը մենք գիտակցում ենք միայն այն ժամանակ, երբ հիշում ենք, որ մեր առջև ոչ թե տիկնիկ է, այլ` անհատականություն: Մարդ, որի մեջ մենք հիմա ներդնում ենք նրա աշխարհընկալման, հետագայում նրա արարքների ու ձեռքբերումների հիմքերը: Մենք դա անում ենք հենց հիմա, և այլ հնարավորություն մենք այլևս չենք ունենալու:



Անհնազանդ երեխաների թեման ամենաքննարկվողներից է սոցիալական հարթակներում: Եվ այս քննարկումներում ամենատխուր բանը հաճախ տրվող մի հարց է` «Ինչպե՞ս երեխային ստիպել ենթարկվել», իսկ թե «ինչո՞ւ երեխան չի լսում» հարցը հազվադեպ է առաջ քաշվում:



Անհնազանդ է միայն սառցաբեկորի գագաթը



Երբ վախեցած կամ վիրավորված ենք, և չենք կարողանում այդ զգացողությունները հաղթահարել, մենք փակվում ենք դրանք առաջացնող աղբյուրի առջև կամ հակառակը` ցուցաբերում ենք արտաքին ագրեսիա: Այդպես մեծանում է չարության, զայրույթի սառցաբեկորը: Մեր բոլոր արտաքին ռեակցիաները այդ սառցաբեկորի գագաթն են: Ամենակարևորն ու իրականը թաքնված է ջրի տակ, այնպիսի հույզերի շարք, ինչպիսիք են անօգնական լինելը, վախը, զղջումը, վիրավորանքը: Եվ նույնիսկ կենսափորձի տասնյակ տարիները չեն կարող օգնել մեզ հասկանալու և հաղթահարելու այդ խնդիրը:



Հազվադեպ կարելի է երեխայի անհնազանդությունը բացատրել բարդ բնավորությամբ: Շատ հաճախ դա ճիչ է` օգնության, չարտահայտված վիրավորանքի, վախի կամ ուշադրության արժանանալու: Եթե սուզվենք ջրի տակ` տեսնելու համար սառցաբեկորի հիմքը, կարող ենք հասկանալ երեխայի անհնազանդության իրական պատճառները: Այդ նպատակով թղթի վրա փորձե՛ք գրել այն ամենը, ինչը Ձեզ չի բավարարում Ձեր երեխայի մեջ: Այնուհետև գրե՛ք այն բոլոր գործողությունները, որոնք Ձեզ ուրախացնում են նրա մեջ: Ապա ուշադիր նայե՛ք առաջին ցուցակը, և փորձե՛ք հնարավորինս անկեղծ պատասխանել` ինչո՞ւ է հենց այդ գիծը նյարդայնացնում Ձեզ: Ինչո՞ւ է այդքան կարևոր, օրինակ, որ նա սովորի 10-երով, չճոճվի աթոռին և միշտ անի այնպես, ինչպես Դուք եք ասում: Այդ ցուցակից ջնջե՛ք այն բոլոր կետերը, որոնց պատասխաններն են` այդպես ընդունված է, այդպես է պետք, այդպես ճիշտ է: Դրանք չունեն իրական իմաստ, քանի որ հաշվի չեն առնում Ձեր իրավիճակի յուրահատկությունները: Այս սկզբունքով Դուք առաջին ցուցակից կհեռացնեք պահանջների կեսը, և կմնան միայն նրանք, որոնց ուղղությամբ իսկապես պետք է աշխատել:



Անկեղծ ուղերձը միշտ պոզիտիվ է



Աջակցության, սիրո և ընդունված լինելու կարիք ունեցող երեխան ստիպված դիմում է իրեն հայտնի մեթոդներին` կամակորություն և հիստերիա` իր ուզածը ստանալու համար: Սակայն մեզ հաճախ թվում է, թե մեր սիրելի բալիկը «հատուկ է նյարդայնացնում մեզ», կամ ամեն բան անում է դիտավորյալ: Նման իրավիճակը հասկանալու կամ պարզելու համար կարելի է առաջնորդվել հետևյալ բանաձևով` «մտադրություն, գործողություն, իմաստ»: Այսպես կարելի է հասկանալ, որ կամակոր երեխայի իրական մտադրությունը ուշադրություն գրավելն է, ինչը հաստատում է, որ մեծամասամբ, նույնիսկ բացասական գործողության հետևում թաքնված է պոզիտիվ մտադրություն: Թեև մենք կարող ենք նաև նրա գործողությունները մեկնաբանել այլ կերպ` ասելով` «Երեխաս ծաղրում է ինձ»: Ահա՛ թե ինչու է այդքան կարևոր հասկանալ երեխայի իրական մտադրությունը` նրա գործողություններին ճիշտ նշանակություն տալով և նրա պահանջմունքները բավարարելով մեծ ուշադրությամբ ու հոգատարությամբ:



Հնազանդ երեխան հաճախ դժբախտ է



Իրականում ամենասարսափելին միշտ լսող ու հարմարվող երեխան է, երեխա, ով միշտ գիտի իր պարտականություններն ու սահմանները, սակայն աստիճանաբար մոռանում է իր հնարավորությունների մասին: Դա հաճախ դժբախտ երեխա է` զրկված անձնական դիրքորոշումներից:



Այս հարցում թերևս ամենակարևորը, որ պետք է հիշել այն է, որ երեխան ակտիվ է, նա ունի նպատակներ ու ցանկություններ: Նրա մեջ կյանքը եռում է, և նա սովորում է գնալ իր ճանապարհով: Դա ծնողների համար ազդանշան է, հնարավորություն երեխայի մեջ բացահայտելու նոր բաներ, իմանալու նրա դիրքորոշումը, լսելու նրա կարծիքը, տեսնելու նրա ցավը:



Երեխային լսելու կարողությունը ամենևին էլ չի նշանակում նրան երես տալ: Ծնողը կարող է մնալ իր ուղղորդող դերում միայն սիրո ու հարգանքի միջոցով: Հետաքրքիր է` երբ մենք դառնում ենք անկեղծ մեր արտահայտությունների, պահանջների ու դրսևորումների մեջ, երեխան հազվադեպ է դիմում կամակորությունների ու հիստերիաների:



Եվ կարևոր է հիշել, որ, օրինակ, միջակ սովորողները հաճախ դառնում են հաջողված գործարարներ, որ մենք նույնպես ժամանակին ամպերի մեջ կենդանիներ էինք փնտրում, հորինում էինք հեքիաթային աշխարհներ ու երևակայում մեզ` իբրև հրաշագործներ:



Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ



Նյութի աղբյուրը` http://www.forbes.ru/forbes-woman/350899-poslushnyy-rebenok-neschastnyy-rebenok-chto-na-samom-dele-oznachayut-detskie