Ինչ մասշտաբային իրադարձություններով էր Փաշինյանը սպառնում Հայաստանին

Ինչ մասշտաբային իրադարձություններով էր Փաշինյանը սպառնում Հայաստանին

Ի՞նչ մասշտաբային իրադարձություններ են մեզ սպասվում այս տարվա ապրիլին, որոնց մասին խորհրդարանի ամբիոնից մի քանի օր առաջ սպառնում էր Փաշինյանը: Այո, հենց սպառնում էր, որովհետեւ Փաշինյանի իշխանության օրոք մասշտաբային են եղել Հայաստանին պատուհասած աղետները, կորուստներն ու ողբերգությունները: 
Առաջին մասշտաբայինը, որ կարող էր նկատի ունենալ Փաշինյանը, իրենց կողմից այդքան սպասված եւ արդեն երկու տարի գովազդվող հայ-թուրքական սահմանի բացումն է՝ դիվանագիտական անձնագրեր ունեցողների եւ երրորդ երկրների քաղաքացիների համար:

Այսինքն, հիմնականում ՔՊ-ական վերնախավի համար, որովհետեւ դիվանագիտական անձնագիր ունեն բացառապես իշխանության ներկայացուցիչները, որոնց մի մասը նաեւ երրորդ երկրների քաղաքացիներ են: Փաշինյանն ուզում է, որ ՔՊ-ականներն անարգել գնան-գան Թուրքիա, օրվա որ ժամին ուզենան՝ ցերեկ, թե գիշեր: Թուրքիայի իշխանությունները սրանց անընդհատ հույս են տալիս ու անվերջ հուսախաբ անում: Երեւի հիմա էլ խոստացել են, որ ապրիլին կբացեն սահմանը, գուցե հենց ապրիլի 24-ին: Չի բացառվում, որ այդ օրը մի քանի ժամով բացեն, որ հերթական անգամ նվաստացնեն սրանց: Հնարավոր է, որ հերթական անգամ ցույց տան, որ իրենք Հայաստանի իշխանության ղեկին գտնվողներին վերաբերվում են որպես ոչ թե շնչավոր էակների, այլ անշունչ առարկաների: Ինչո՞ւ համեմատություն չենք անում կենդանիների հետ, որովհետեւ կենդանիներն էլ արժանապատվություն ունեն, նեղանում են, երբ իրենց հետ վատ են վարվում, եւ բավական երկար հիշում են դրա մասին:

Երկրորդ մասշտաբայինը կարող է լինել եվրոպական 1-2 երկրի հետ անվտանգության երաշխիքների մասին պայմանագրերի ստորագրումը եւ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությունը: Այնպես, ինչպես Ուկրաինան անվտանգության երաշխիքների մասին երկկողմանի համաձայնագրեր ստորագրեց Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի հետ, մեր տեղեկություններով՝ նման մի բան էլ կարող է ստորագրվել Հայաստանի հետ: Այդ փաստաթղթերով նախատեսվում է, որ, ենթադրենք, Հայաստանը ռազմական ագրեսիայի ենթարկվելու դեպքում կարող է ռազմական աջակցություն ստանալ այդ երկրներից: Այդ համաձայնագրերը պարտադիր իրավական ուժ չունեն եւ պարտադիր չեն իրենց վրա պարտավորություն վերցրած երկրների համար: Օրինակ, հիմա Ուկրաինան ռազմական հարձակման է ենթարկվել Ռուսաստանի կողմից, բայց այդ երկրներից որեւէ մեկը չի պատրաստվում զինվորական ստորաբաժանումներ ուղարկել ուկրաինական ռազմաճակատ՝ կռվելու Ռուսաստանի դեմ: Ֆրանսիայի արտգործնախարարը բառացի հայտարարեց, որ ֆրանսիացիները չեն մեռնի հանուն Ուկրաինայի:

Որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ նույն բանն ասելու են նաեւ Հայաստանի համար: Բայց թուղթ կստորագրեն եւ այդ օդ փաստաթղթերի ստորագրումը հնարավորություն կտա Փաշինյանին հայտարարելու, որ Հայաստանն արեւմտյան երկրներից ստացել է անվտանգության աննախադեպ երաշխիքներ ու այլեւս ՀԱՊԿ-ի կարիքը չունի, այնպես որ՝ Հայաստանը խզում է հարաբերություններն այդ դաշինքի հետ: Ի վերջո, ՀԱՊԿ-ն եւ հատկապես Ռուսաստանը պահանջում են, որ Հայաստանն արագ կողմնորոշվի, Հայաստանն էլ, որ վաղուց կողմնորոշվել է, ապրիլին կհայտարարի իր որոշման մասին, որը կներկայացվի մասշտաբայինի մի մաս: Կան մարդիկ, որոնք ասում են, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացը Փաշինյանին թելադրվում է Մոսկվայից, բայց այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու են արեւմտյան տերություններն այդքան համառորեն աջակցում Մոսկվայի թելադրանքի իրագործմանը: Իրականում այդ մարդիկ ուզում են Փաշինյանի ցանկացած խելահեղ ու կործանարար քայլի պատասխանատվությունը գցել Ռուսաստանի վրա՝ դրանով արդարացնելով Արեւմուտքին ու նրան մաքուր հանել Հայաստանի ոչնչացման հարցում: Ի վերջո, այդ մարդիկ ապրում են Արեւմուտքում եւ ուզում են իրենց խիղճը հանգիստ լինի, իրենք էլ իրենց մասնակից չզգան սեփական երկրի եւ ժողովրդի դեմ իրականացվող մասշտաբային հանցագործությանը:

Երրորդ մասշտաբային իրադարձությունը, որ կարող է բեմականացնել Փաշինյանը, «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հանելն է: Հիմա ռուս սահմանապահները հայ սահմանապահների հետ համատեղ են իրականացնում անձնագրային հսկողությունը, ինչը նրանց հնարավորություն է տալիս տեղեկատվություն ունենալ օդային տարածքով Հայաստան եկող-գնացողների մասին: Իշխանությունը որոշել է նրանց զրկել օդանավակայանում ծառայություն իրականացնելու իրավունքից, բայց դրան ուղղված իրավաքաղաքական քայլեր նախաձեռնելու փոխարեն, իր վերահսկողության տակ գտնվող կուսակցությունների եւ ՀԿ-ների ղեկավարների միջոցով փորձում է համապատասխան հանրային մթնոլորտ ձեւավորել, ցույց տալ, որ հայ հասարակությունն է դեմ օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայությանը: Բայց, չունենալով որեւէ հանրային աջակցություն, Փաշինյանն ու թիմը տապալում են նաեւ հակառուսական հանրային տրամադրությունների բեմականացումը: 

Իսկ ինչպե՞ս անել, որ հանրությունն իսկապես ոգեւորվի ռուս սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանից հանելու գաղափարով, եւ նման հանրային պահանջ ձեւավորվի: Փաշինյանը կարծես թե գտել է նաեւ դրա ձեւը: Մեր տեղեկություններով, իշխանությունն առաջիկայում հանրային քննարկման դաշտ կարող է նետել մի նոր թեզ, ըստ որի՝ ԵՄ-ն Հայաստանի առաջ պահանջ է դրել.  եթե ուզում եք, որ Եվրամիությունն ազատականացնի վիզաների ռեժիմը, ՀՀ քաղաքացին առանց մուտքի վիզայի կարողանա այցելել ԵՄ երկրներ, պետք է ռուս սահմանապահները հեռանան օդանավակայանից: Թե ռուս սահմանապահների ներկայությունն ինչ կապ ունի վիզաների ազատականացման հետ, դժվար է ասել: Օրինակ, հիմա ԵՄ քաղաքացիներն առանց վիզայի գալիս են Հայաստան, եւ «Զվարթնոցում» որոշ դեպքերում նրանց դիմավորում են ռուս սահմանապահները: Ինչո՞ւ ԵՄ անդամ երկրների քաղաքացիները պետք է այս դժնդակ պայմաններում առանց վիզայի գան Հայաստան եւ հանդուրժեն, որ իրենց անձնագրերում մուտքի կնիքը դնեն ռուս սահմանապահները, իսկ, այ, Հայաստանի քաղաքացիների՝ ԵՄ մեկնելու դեպքում անընդունելի է, որ ռուս սահմանապահները ելքի կնիք դնեն: Բայց Փաշինյանի հայտարարությունների եւ գործողությունների մեջ երբեք տրամաբանություն չի եղել, եւ դրանց մեջ տրամաբանություն փնտրելն ամենաանտրամաբանական բանն է, որով կարելի է ընդհանրապես զբաղվել:

Ավետիս Բաբաջանյան