Օրբելյանին դուր է գալիս ոչ թե տնօրեն լինելը, այլ օպերային թատրոնը

Օրբելյանին դուր է գալիս ոչ թե տնօրեն լինելը, այլ օպերային թատրոնը

Օպտիմալացումն ու կրճատումները հասան նաեւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն։ Այդ մասին առաջինը բարձրաձայնեցին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի անանուն օգտատերերը՝ գրելով, որ տնօրենի հրամանով կառուցվածքային փոփոխությունների անվան տակ կրճատվել են թատրոնի մի շարք աշխատակիցներ, այդ թվում՝ տնօրենի 3 տեղակալները, որոնց փոխարեն աշխատանքի է ընդունվել տնօրենի նոր տեղակալ։ 



Ինչպես տեղեկացանք, աշխատանքից ազատվել են տնօրենի 4 տեղակալներից 3-ը՝ ընդհանուր կառավարման հարցերի գծով տնօրենի տեղակալ Նարեկ Անտոնյանը, պլանավորման եւ շահագործման գծով տնօրենի տեղակալ Հրաչ Գրիգորյանը, շենքի, սարքավորումների սպասարկման հարցերի գծով տնօրենի տեղակալ Սուրեն Աղաբաբյանը։ Տնօրենի տեղակալ Հրաչ Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միայն իրեն չեն կրճատել, էլի մարդիկ կան, ապա հրաժարվեց խոսել։ Մյուսների հետ կապ հաստատել չհաջողվեց։



Օպերային թատրոնի գեղղեկավար եւ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես իրականացնող Կոնստանտին Օրբելյանից հետաքրքրվեցինք, թե որն է իր 3 տեղակալների կրճատման պատճառը՝ վա՞տ էին աշխատում, ավելորդ հաստի՞ք էին զբաղեցնում։ Օրբելյանը նշեց, որ կա կառավարության որոշում, ըստ որի՝ պետք է կրճատեն իրենց ադմինիստրատիվ անձնակազմի 18-20 տոկոսը, եւ հորդորեց այդ հարցով դիմել կառավարությանը։ Այսինքն՝ էլի՞ են լինելու կրճատումներ։ «Այս պահին կրճատել ենք միայն 10 հոգու»,-ասաց նա։ Թե 3 տեղակալներից բացի մյուսներն ովքեր են, Օրբելյանը կոնկրետ չի կարող ասել, քանի որ Օպերայում աշխատում է 700 հոգի, եւ բոլորին անուններով չգիտի։ «Մենք անում ենք այն, ինչ ասում է կառավարությունը, սա մշակույթի նախարարի դիրեկտիվն է»,- ասաց նա՝ նշելով, որ սա արվում է՝ համաձայնեցված կառավարության որոշման հետ։ Ինչ վերաբերում է նրա նոր տեղակալին՝ Կարինե Կիրակոսյանին, ապա նա նշանակվել է մշակույթի նախարարության կողմից՝ իր նշանակման առաջին օրվանից։



Անդրադառնալով թատրոնի տնօրենի ընտրություններին եւ այն հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է հայտ ներկայացնել տնօրենի մրցույթին մասնակցելու համար, Օրբելյանը դրական պատասխան տվեց. «Կարծում եմ՝ այո, դա ինձ դուր է գալիս, այսինքն՝ դուր է գալիս ոչ թե տնօրեն լինելը, այլ՝ թատրոնը, ես հասցրել եմ սիրել ձեր թատրոնը»։ Թե ինչպես է պատրաստվում իր խիտ գրաֆիկի պայմաններում համատեղել գեղղեակավարի եւ տնօրենի պարտականությունները, Օրբելյանը նշեց, որ իր գրաֆիկն այնքան էլ խիտ չէ, եւ կփորձի ամեն ինչ անել, որ բոլորին հարմար լինի՝ միաժամանակ անելով հետաքրքիր գործեր թատրոնի համար. «Ես արդեն ինչ-որ բաներ ցույց եմ տվել, թե ինչ կարող եմ անել, կաշխատեմ ավելին անել»։



Ինչ վերաբերում է իր հայերենի իմացությանը եւ այն խնդրին, թե քննության ժամանակ արդյոք կկարողանա՞ հաղթահարել լեզվաիմացության պատնեշը, Օրբելյանն ասաց. «Կփորձեմ հաղթահարել, եթե՝ ոչ, ուրեմն իմ փոխարեն մեկ ուրիշը կլինի»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ