Ո՞ւմ ձեռքի գործն էր «Գայանե» բալետի տապալումը

Ո՞ւմ ձեռքի գործն էր «Գայանե» բալետի տապալումը

Հունիսի 8-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսված «Գայանե» բալետը տապալվել է, նվագախումբը պարզապես չի ներկայացել։ Թե որն է եղել դրա պատճառը, եւ թատրոնում իրականացվող կրճատումներն ինչքանով կապ ունեն կատարվածի հետ, լրագրողներին, թատրոնի գեղղեկավար Կոնստանտին Օրբելյանի փոխարեն, կցկտուր պարզաբանումներ տվեց նրա առաջին տեղակալ, վերջերս այդ պաշտոնին նշանակված Կարինե Կիրակոսյանը։ Նա նշեց, որ դա պարզելու համար թատրոնում ժողով է անցկացվել՝ նախարարի, փոխնախարարների, գեղղեկավարի, գլխավոր բալետմայստերի եւ թատրոնի արտիստների մասնակցությամբ, որի ընթացքում նախարարը խնդրել է, որ ոտքի կանգնեն կազմակերպիչները եւ ասեն, թե որն է իրենց պահանջը, բայց այդպես էլ ոչ ոք չի ստանձնել պատասխանատվությունը։ Անկախ այդ հանգամանքից, նաեւ ասվել է, որ մեղավորները պատժվելու են։ «Այն պահին, երբ պետք է սկսվեր ներկայացումը, երաժիշտներն իրենց տեղում նստած չեն եղել, այդ պատճառով հիմա բոլորը բացատրագիր են գրում, թե ով դիտավորյալ իր տեղում չի եղել, ով՝ պատահմամբ, բոլորը բացատրություններ կներկայացնեն, այսօր շատ խիստ տոներով այդ մասին խոսեց նաեւ պարոն Ամիրյանը»,- ասաց Կիրակոսյանը։ Թե ինչ պատժամիջոցների մասին է խոսքը, հղում արեց Աշխատանքային օրենսգրքին։



Ինչ վերաբերում է թատրոնում ընթացող կրճատումներին, ապա 583 աշխատակցից կրճատվել է 10 հոգի, բոլորն էլ՝ վարչական մասից, որոնց մի մասի գործառույթները կրկնվում էին։ Դրանց թվում են նաեւ թատրոնի տնօրենի 3 տեղակալները. «Ուռճացված աշխատակազմ էր, եւ պետք էր աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից կրճատումներ կատարել, եւ դա գեղարվեստական մասի հետ ամենեւին չի առնչվում»։ Բայցեւայնպես, առաջիկայում գեղարվեստական մասում ատեստացիաներ են սպասվում, որոնք, ըստ Կիրակոսյանի, ենթադրաբար, կբերեն նաեւ կրճատումների։



Թե ինչ կապ ունի, օրինակ, վարչական մասի աշխատողների կրճատումը նվագախմբի, նրա աշխատել-չաշխատելու հետ, ապա իրենք հենց դա են փորձում հասկանալ։ Կիրակոսյանը նկատեց, որ մարդիկ պարզապես իրենց անձնական խնդիրներն են փորձում լուծել։ «Պարզ է, որ կադրային եւ կառուցվածքային փոփոխությունները ցավոտ են ու հատկապես՝ որոշ մարդկանց համար, ովքեր իրենց անձնական խնդիրները փաթաթում են ամբողջ կոլեկտիվի վզին»,- ասաց նա, ով, ի պատասխան բոլոր հարցերին, ասում էր, որ չի կարող սպառիչ պատասխան տալ, մինչեւ բոլորը բացատրություն չգրեն։



Լրագրողների բոլոր ջանքերը՝ հանդիպելու նվագախմբի անդամների, ղեկավարի հետ, անարդյունք անցան։ Այս տարվա փետրվարից թատրոնում աշխատող դիրիժոր Զավեն Վարդանյանը թեեւ զրուցել է երաժիշտների հետ, բայց դժվարանում է ասել, թե նվագախումբն ինչու է հրաժարվել նվագելուց։ «Լսել եմ, որ իբրեւ թե այստեղ կազմակերպված բան կա, նվագախումբը դժգոհելու առիթ չունի, քանի որ իրեն ձեռք չեն տալիս եւ նվագախմբից ոչ մեկին չեն կրճատում, ուրեմն սա ուրիշ կողմից է ուղղորդված»,- ասում է նա ու, ի պատասխան հարցին՝ տեղակալների՞ կողմից է ուղղորդվել, նկատում է. «Կան դժգոհություններ այլ օջախից, որ գալիս են մի ուրիշ օջախ»։



Օպերային թատրոնում կայացած ժողովի մասին հաղորդագրություն տարածեց նաեւ մշակույթի նախարարությունը, համաձայն դրա՝ Ամիրյանը թատրոնի աշխատակիցներին կոչ է արել համախմբվել գեղարվեստական ղեկավար եւ տնօրենի պաշտոնակատար Կոնստանտին Օրբելյանի շուրջ, մասնավորապես նշելով. «Ամենաբարդ խնդիրները բարձրացրեք, բայց ոչ մի դեպքում չի կարելի տապալել ներկայացումը։ Որեւէ կերպ պատկերացնելի չէ, թե ինչպես կարող է արտիստը տապալել ներկայացումը... Տոմսերը վաճառված են, լեփ-լեցուն դահլիճ՝ մոտ 750 մարդ սպասում է, եւ դուք դավաճանում եք ձեր հանդիսատեսին։ Հանդիսատեսը եւ ներկայացումը սրբություն են իսկական արտիստի համար։ Դա պարզապես սաբոտաժ էր եւ ապացուցեց, որ, իրոք, անհրաժեշտություն են վարչական կառուցվածքային այն փոփոխությունները, որոնք որոշել է իրականացնել մաեստրո Օրբելյանը, եւ որոնց մենք հավանություն ենք տվել։ Միայն դրանք իրականացնելով՝ մենք կունենանք մեր երազած նոր թատրոնը»։



Ժողովի ժամանակ պոռթկացել է նաեւ Կոնստանտին Օրբելյանը, ով բավական վրդովված ու վիրավորված դիմել է ժողովի մասնակիցներին. «Արտիստը բացարձակապես իրավունք չունի լքելու հանդիսատեսին՝ երբեք եւ ոչ մի պատճառով։ Ինձ համար միեւնույն է, թե ով է հեռացված կամ ով՝ ոչ։ Բայց դուք իրավունք չունեք այդպես վարվելու հանդիսատեսի հետ, այդպես վարվելու մեր երկրի հետ»։



Ինչպես պարզեցինք, ներկայացումից առաջ ինչ-որ մեկը սադրել է իրավիճակը․ բալետի պարողներին ասել են, որ նվագախումբը չի ներկայացել, նվագախմբին էլ ասել են, թե բալետի պարողները դուրս չեն գալու բեմ։ Թատրոնում գրեթե ոչ մեկի մոտ կասկած չկա, որ ներկայացման տապալումն աշխատանքից ազատված 3 տեղակալների ձեռքի գործն է, ավելին՝ նախարարության տարածած հաղորդագրության մեջ էլ ակնհայտորեն հղում կա դրան. «Չնայած անդրկուլիսային փսփսոցները տանում են դեպի Օպերայի՝ աշխատանքից ազատվելու ծանուցում ստացած որոշ պաշտոնյաներ, սակայն դա թերեւս փաստական դառնա միայն այն ժամանակ, երբ ներկայացմանը ներգրավված բոլորը նախարարի պահանջած բացատրագրերում պատասխանեն մեկ հարցի՝ ինչու եւ ինչպես որոշեցին ելույթ չունենալ հունիսի 8-ին»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ