Ո՞վ է միաբեվեռ քաղաքական համակարգի պատասխանատուն

Ո՞վ է միաբեվեռ քաղաքական համակարգի պատասխանատուն
Ավարտվեցին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունները: Առաջատարն է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի "Ազատ հայրենիք" կուսակցությունը, որը ստացել է ընտրողների ձայների 46,4 տոկոսը: Եւս 6 կուսակցականներ ընտրվել են մեծամասնական ընտրակարգով: Նշենք, որ այս կուսակցությունն առավել համալրված է գործարարներով: Խորհրդարանի ներկայիս խոսնակ Աշոտ Ղուլյանի գլխավորած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը 2-րդ տեղում է՝ 28,6 տոկոս ձայներով: Այս կուսակցությունից մեծամասնականով ընտրվել է 3 պատգամավոր: 3-րդ տեղում Հայ հեղափոխական դաշնակցությունն է՝ 20,2 տոկոս, եւս 2 դաշնակցական ընտրվել է մեծամասնական ընտրակարգով: Կոմունիստները խորհրդարան չեն անցել: 5 անկուսակցականներ ընտրվել են մեծամասնական ընտրակարգով, որոնք, ըստ մեր տեղեկությունների, համակրում են այս կամ այն կուսակցությանը: Դաշնակցական թեկնածուի պահանջով վերահաշվարկ է կատարվելու խորհրդարանի փոխխոսնակ Ռուդիկ Հյուսնունցի հաղթած ընտրատեղամասում: Վերջինս "Ազատ հայրենիք" կուսակցությունից է:

Այս ընտրություններով Ղարաբաղի քաղաքական դաշտը դարձավ ավելի միաբեւեռ. անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ղարաբաղի խորհրդարանում որեւէ ընդդիմադիր ուժ չկա: Խոսել այլակարծության, քաղաքական բազմազանության, բազմակարծության, իրական բանավեճերի եւ այլախոհության մասին, մի խոսքով՝ ժողովրդավարության անհրաժեշտ տարրերի մասին՝ թերեւս դժվար է: Հարց է ծագում՝ ինչո՞ւ Ղարաբաղի քաղաքական համակարգը հասավ նման հանգրվանի, եւ ո՞վ է դրա պատասխանատուն՝ Հայաստանի ներկա իշխանությո՞ւնը, թե՞ Արցախն այնուամենայնիվ միայնակ է "լուծել" ընդդիմության հարցերը: Ոչ միայն Արցախի խորհրդարանում, այլեւ ընդհանրապես Ղարաբաղի քաղաքական դաշտում այսօր չկա դասական ժողովրդավարության պատկերացումներին համապատասխանող ընդդիմություն: Ժամանակին՝ 2004 թ.-ին ստեղծվեց ընդդիմադիր "Շարժում 88" կուսակցությունը: Այդ տարի կուսակցությունը մասնակցեց Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններին, ու ընդդիմադիր կուսակցության ղեկավարը հաղթեց ընտրություններում: Կուսակցության ղեկավարը՝ Էդուարդ Աղաբեկյանը, դարձավ Ստեփանակերտի քաղաքապետ: Դրանից հետո իշխանությունը հնարավորինս սահմանափակեց ընդդիմադիր քաղաքապետի լիազորությունները: 2005թ.-ին ընդդիմադիր "Շարժում 88" կուսակցությունը ՀՅԴ-ի հետ նախընտրական բլոկ կազմեց ու մասնակցեց ընտրություններին, սակայն 33 մանդատանոց խորհրդարանում ունեցավ ընդամենը 3 մանդատ: Իսկ 2007-ին ե՛ւ Դաշնակցությունը, ե՛ւ "Շարժում 88"-ը պաշտպանեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Ընդդիմադիր "Շարժում 88"-ը դրանից հետո, կարելի է ասել, դադարեց որպես կուսակցություն գոյություն ունենալուց ու քաղաքական ակտիվություն չցուցաբերեց: Շատերը հեռացան կուսակցությունից: ՀՅԴ-ն, որը նույնպես 2007-ին սատարեց ներկա նախագահին, այժմ իշխանության համար հենարան է Արցախում:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին երեկ հարցրինք, թե ով է Ղարաբաղի միաբեւեռ քաղաքական համակարգի պատասխանատուն՝ Ղարաբաղի իշխանությո՞ւնը, թե՞ դա թելադրված է Հայաստանի իշխանությունների կողմից: "Ցանկացած իրավիճակի պատասխանատուն հասարակությունն է, ժողովուրդն է, իշխանությունները նրա մի մասն են, որ ընտրվում են հասարակության կողմից",- հայտարարեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը: "Չկա իշխանություն, որ ժողովրդից չէ: Ի՞նչ եք հասկանում ընդդիմություն ասելով: Եթե խոսում ենք այլակարծության մասին, այլակարծությունը միշտ էլ կա": Մեր դիտարկմանը, թե խոսքը դասական իմաստով ընդդիմության մասին է, որը Ղարաբաղի քաղաքական համակարգում փաստորեն վերացել է, քանի որ կուսակցությունները սատարել են գործող նախագահին, Դավիթ Բաբայանը պատասխանեց. "Իսկ ի՞նչ կապ ունի՝ նրանք սատարում են նախագահի՞ն, թե՞ չեն սատարում: Սա խորհրդարանական ընտրություններ են": Ընդդիմության փաստացի վերացումն ԱԺ-ում եւ ընդհանրապես քաղաքական դաշտում արդյոք կապ ունի՞ ԼՂ խնդրի շուրջ ինչ-ինչ տեղաշարժերի հետ: "Ոչ: Բոլոր ուժերը նույն մոտեցումն ունեն Արցախի ապագայի հանդեպ: Կապել դրա հետ՝ ճիշտ չէ,- ի պատասխան ասաց ԼՂՀ նախագահի խոսնակը՝ հավելելով:- Այդպես է դասավորվել, կլինի՞ արդյոք հաջորդ ընտրությունների ժամանակ նույն դասավորվածությունը՝ ցույց կտա ժամանակը":