Հայաստանը պետք է զգուշավոր լինի

Հայաստանը պետք է զգուշավոր լինի
Ղարսի նահանգապետին շրջաբերական է ուղարկվել թուրքական կառավարությունից հարցումով, թե տեխնիկական առումով որքան ժամանակ է հարկավոր հայ-թուրքական սահմանը բացելու համար, այսինքն, արդյո՞ք Ղարսը պատրաստ է բացել սահմանը: Այդ նորությունը գնացել է թերթեր, ինչը, բնականաբար, տարածվել է: Շատ վերլուծություններ կան, որ Թուրքիայի կառավարությունը գոնե երեք օրով ուզում է հայ-թուրքական սահմանը բացել՝ կապված սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում պատարագի մատուցման արարողության հետ, որպեսզի միջազգային հանրության վրա տպավորություն թողնի: Թուրք վերլուծաբանների վերլուծությունները, թե հնարավոր է սահմանի բացումը, հիմնականում այս նորություննների հիման վրա են արվում: Այս առումով հավանականությունը 50/50 է: Շատերն ասում էին, թե 2007-ի ապրիլին՝ Աղթամարի եկեղեցու վերաբացմանը, հայ-թուրքական սահմանը բացվելու է, սակայն Հայաստանից պաշտոնական պատվիրակություն էլ գնաց  մշակույթի փոխնախարար Գյուրջյանի գլխավորությամբ, բայց սահմանը չբացեցին: Այնպես որ, հնարավոր է` վերջին պահին նորից հրաժարվեն այդ մտքից: Խոսքը սահմանի կարճատեւ բացման մասին է, պարզապես Վան գնացող հայ զբոսաշրջիկների այցելությունը հեշտացնելու համար: Սակայն եթե սահմանը անգամ կարճատեւ բացվի, դա նախադեպ կլինի եւ հնարավոր կլինի հետագայում կրկին նման բաների մասին խոսել:  Իրարամերժ լուրեր են պտտվում, որ հենց այդ օրերին կարող է Ադրբեջանն ակտիվացնել իր սադրանքները սահմանի վրա, ուստի այդ համատեքստում սահմանի բացումն ավելի բարդ կլինի: 2011-ի մայիս-հունիսին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են, եւ  հայ-թուրքական հարցն այժմ բավականին սուր է, ուստի Թուրքիայի կողմից որեւէ զիջում քաղաքական ինքնասպանություն կլինի, որովհետեւ ընտրություններից առաջ հաստատ նրանք այդ քայլին չեն գնա: Եթե ամռանն ընտրություններ են, ուրեմն կառավարությունը կկազմավորվի 2011-ի հոկտեմբեր-նոյեմբերին, այսինքն մինչեւ հոկտեմբեր-նոյեմբեր որեւէ հստակ առաջընթաց չի կարող լինել: Մեզ մոտ էլ խորհրդարանական ընտրությունները 2012-ի մայիս-հունիսին են եւ 2012-ի հունվար-փետրվարից կսկսվի նախընտրական քարոզարշավը, որի ընթացքում կրկին հայ-թուրքական հարաբերությունների ջերմացումից խոսելը քաղաքականապես բավականին զգայուն կլինի: 2011-ի նոյեմբեր-դեկտեմբերին եթե մենք հասցրեցինք ինչ-որ քայլ առաջ անել, կստացվի, եթե չէ, պետք է սպասել մինչեւ 2012-ի աշունը: Թուրքիայի նախագահն ասել էր, որ այժմ լուռ դիվանագիտության շրջան է, այսինքն ծածուկ ինչ-որ բաներ ամեն դեպքում արվում են, սակայն բացահայտ որեւէ բան ոչ հայկական, ոչ թուրքական կողմին դեռեւս ձեռնտու չէ: Այնպես որ, ավելի շատ պետք է հող նախապատրաստենք մեկ-երկու տարի հետո ավելի հիմնարար առաջընթաց ունենալու համար: Միացյալ Նահանգների պետքարտուղարն է ասել, որ գնդակը Թուրքիայի դաշտում է, այնպես որ, Թուրքիայի հերթն է քայլեր անելու: Բնականաբար, եթե Թուրքիան սահմանը բացի կամ որեւէ այլ դրական քայլ անի, մենք կողջունենք ու կփորձենք համագործակցել, բայց ամեն դեպքում ՀՀ-ն դեռեւս պետք է շատ զգուշավոր լինի՝ ոչ մի նախաձեռնություն չանի, որովհետեւ այն, ինչ հարկավոր է եղել, մենք արդեն արել ենք: Մենք դեռ սպասողական վիճակում ենք ու դեռ խնդիրներ ունենք Ադրբեջանի ու նրա սադրանքների հետ: Թուրքիան ինքն է հայտարարել, որ իր ներքին խնդիրների պատճառով չի կարող  առաջընթաց ունենալ, եւ հենց ինքն է խնդրել Հայաստանին սպասել:



Արտակ ՇԱՔԱՐՅԱՆ

թուրքագետ