HI-LINE-ի արագությունը կկրկնապատկվի

HI-LINE-ի արագությունը կկրկնապատկվի
“ԱրմենՏել” ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է, որ կրկնապատկվել է ինտերնետ մատչման արագությունը Hi-Line ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթների բոլոր բաժանորդների համար: Կապուղիների թողունակությունը կրկնապատկվել է առանց որևէ հավելյալ վճարի:



“Հաճելի է հայտարարել Hi–Line ծառայության որակապես նոր փուլի մեկնարկի մասին. մենք կրկնապատկել ենք Hi–Line ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթների արագությունը` պահպանելով ծառայության նախկին արժեքը: Համոզված եմ, որ այս առաջարկը կնպաստի ոչ միայն ինտերնետ մատչման գնի հետագա նվազմանը, այլ նաև էապես կազդի երկրում ինտերնետի միջին արագության վրա”, - նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:



Hi-Line ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթների բոլոր բաժանորդների համար արագության ավելացումը կատարվում է ավտոմատ կերպով: Օրինակ` բեռնավորման առավելագույն արագությունը “Hi-Line Unlimited 1024 /256” սակագնային փաթեթի բաժանորդի մոտ այժմ հասնում է 2048 Կբ/վ-ի, իսկ ամսեկան վճարը մնում է անփոփոխ` 15 հազար դրամ: Այս ամենի հետ մեկտեղ, բաժանորդին պետք չէ վերակնքել պայմանագիրը: Փոփոխությունը գործում է նաև նոր բաժանորդների համար. նրանց նույնպես կտրամադրվի կրկնապատկված արագություն նախկին գնով:



Hi-Line ծառայությունը հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որը թույլ է տալիս սովորական հեռախոսագծով ապահովել ինտերնետ հասանելիություն: “ԱրմենՏել” ՓԲԸ-ն տրամադրում է այս ծառայությունը 2007 թ-ից: Այժմ այն հասանելի է Հայաստանի մարզերի 27 քաղաքում:



b24.am