Մրգի փոխարեն ձու կերեք

Մրգի փոխարեն ձու կերեք
ՀՀ մանր ու խոշոր պաշտոնյաների ինքնադիֆերամբները տնտեսական աճի եւ ճգնաժամի հաղթահարման մասին այս օրերին ավելի անտանելի են դարձնում շոգը: Մանավանդ, որ ջերմաստիճանի սնդիկի հետ վերընթաց է գրանցվում նաեւ երեւանյան շուկայում: Բանջարեղենի եւ մրգի գները արեւայրուքի էֆեկտ են թողնում: 2010 թվին գյուղատնտեսությունը հռչակվել է որպես տնտեսության զարգացման գերակա ուղղություն: «Հայ երեխաները հավանաբար պետք է ծիրան չուտեն արդեն»,- վրդովվում էր շոգից հեւացող մի տարեց կին «պրոսպեկտի շուկայում»: Ծիրանի մեկ կիլոգրամը  800-1000 դրամ է: Կեռասինը՝ 700-1.500:



Բալի գինը մինչեւ 2 հազար դրամի է հասնում, սովորական վարունգինը՝ 600-700-ի: Միակ սննդամթերքը, որն էժանացել է, ձուն է: Այն ընդամենը մեկ ամիս առաջ 50 դրամ արժեր, իսկ այժմ որոշ խանութներում հավկիթն արժե 20-25 դրամ: Այն էլ, ասում են՝ անառողջ մրցակցության արդյունք է ձու արտադրողների ոլորտում: Քիչ է մնում երեւանցիները մրգի փոխարեն ձու ուտեն: Նույնիսկ կարտոֆիլն ու սոխն են «կակա» դարձել արեւի տակ հուսահատ շրջող միջին վիճակագրական տնտեսուհիների  համար: Ամենաէժան հին սոխը 400-500 դրամ է, իսկ կարտոֆիլը «կախվել» է 250 նիշի վրա: Բայց ամենամեծ դժգոհությունը «լոլիկ 2010»-ն է առաջացնում: Ոչ միայն խրոնիկական բարձր գինն է նյարդայնացնող՝ 400-500 դրամ, այլ նաեւ տարօրինակ պնդությունն ու ներսի սարսափազդու գունավորումը:



ՄՈՒՏԱՆՏ-ԼՈԼԻԿ



Ժամանակին Հայաստանում պոմիդորի համեղ եւ սննդարար տեսակներ էին աճեցնում՝ «Անահիտ», «Մասիս», «Լիա», «Հոբելյանական 261»: «Իսկ նախալեռնային գոտում աճեցված «Մասիս 202» սորտի լոլիկի պտուղը մինչեւ 600-700 գրամ քաշ ուներ: Այժմ այս տեսակները չկան: Դրանք աճեցնելը ձեռնտու չէ, եւ հայտնի էլ չէ, թե երբ ձեռնտու կլինի»,- պարզաբանում է Երեւանի բուսաբանական այգու բույսերի ֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ Վիգեն Դավթյանը: Նա պատմում է, որ լոլիկը հնարավոր է դրսից կարմրացնել էթիլային գազի միջոցով:



«Կա լոլիկի մշակման նման տեխնոլոգիա: Գազը «փչում են», եւ պտղի արտաքին հյուսվածքները մի քանի օրում կարմրում են: Բայց ներսից այն կանաչ է մնում, չի հասունանում: Այդ լոլիկի սննդային արժեքը շատ ցածր է»: Ըստ գիտնականի, կա նաեւ լոլիկի քարաբջիջների վրա ներազդման եղանակ: «Կոպիտ ասած, քարաբջիջները, որոնք փոխադրող հյուսվածք են կազմում, շինության «արմատուրայի» դեր են կատարում եւ չեն թողնում, որ լոլիկը փչանա, պտուղը ձիգ են պահում: Դա գենետիկապես մոդիֆիկացված լոլիկ է, որը հարմար է տեղափոխել, երկար պահել: Այն գինը չի գցում, բայց վտանգավոր է առողջության համար: Մինչդեռ տեղական սորտերը սննդարար են, բայց շուտ են փչանում, դժվար էլ փոխադրվում են»:



Վտանգը նաեւ նրանում է, որ գենետիկապես մոդիֆիկացված միրգն ու բանջարեղենն «անճանաչելի» են: Անգամ լաբորատոր սարքերի միջոցով դրանք չեն հայտնաբերվում, եւ օրգանիզմի վրա դրանց ազդեցությունը բավականաչափ ուսումնասիրված չէ: Գյուղնախարարի տեղակալ Սամվել Գալստյանի կարծիքով, Հայաստանում ոչ ոք չի կարող ասել` բանջարեղենի տվյալ սորտը գենետիկապես մոդիֆիկացված է, թե ոչ: «Նույնիսկ եւրոպական երկրներում չկան նման լաբորատոր սարքավորումներ: Այնտեղ գենետիկապես մոդիֆիկացված սննդամթերքն արգելված է: Միայն ԱՄՆ-ում է թույլատրված»: Նա բացատրում է, որ մեր պետությունը չի կարող վերահսկել ողջ ներմուծվող բանջարեղենը, քանի որ այն գալիս է Թուրքիայից Վրաստանի տարածքով եւ զարտուղի ճանապարհներով մտնում  Հայաստան: Փոխնախարարից հետաքրքրվեցինք, թե ինչու է այս տարի պոմիդորն այդքան անհամ, նույնիսկ «վախենալու»:



Պատասխանը եղավ. «Էս տարի ավելի շատ տեղական սորտերի պոմիդոր է արտադրվել, ուղղակի դեռ չի հասել: Շուկայում վաճառվում է ավելի շատ ապրանքային պոմիդոր, քան ուտելու: Դա տոմատի պոմիդորն է, որի չորությունն ավելի շատ է, որն ավելի շատ է բերք տալիս: «Ուտելու» պոմիդորն ավելի քիչ բերք է տալիս տոննայի մեջ, փոխադրունակ չէ: Գյուղացին էլ՝ որտեղ շահ, այնտեղ էլ կարողանում է իրավիճակի մեջ մտնել: Բայց դրանք ուտելու համար այնքան էլ նպատակահարմար չեն»:



ԲԱՆՋԱՐԱԲՈՍՏԱՆԱՅԻՆ ԿՐՔԵՐ



- Քաղաքում լուրեր են շրջում, թե այս տարի գյուղացիներն ավելի շատ են քիմիկատներ օգտագործել, քան նախկինում:



- Ճիշտ հակառակը: Անցյալ տարի ներկրվել է 32 հազար 500 տոննա պարարտանյութ, օգտագործվել է 28-30 հազար: Այս տարի արտադրվել է 26 հազար տոննա, անցյալ տարվա մնացորդն էլ հետը, եւ դեռ պահեստներում բավականաչափ պարարտանյութ կա: Դա նշանակում է, որ պարարտանյութի գները բարձր են:



- Իսկ գների մասին ի՞նչ կասեք: Պոմիդորի գինը չի իջնում, թեեւ արդեն շոգ է:



- Պոմիդորի ցանքատարածքները բնականաբար էս տարի կարող է մի քանի հեկտարով քիչ են եղել, բայց դաշտի պոմիդորը դեռ դուրս չի եկել: Դա ընդամենը ջերմոցային պոմիդորն է: Բայց անցյալ տարի պոմիդորն ավելի պակաս էր, քան էս տարի, իսկ գները 50-100 դրամով ավելի բարձր էին: Այս տարի էժանացում կա, ոչ թե թանկացում: Այս տարի ավելի շատ տեղական պոմիդոր է արտադրվել, քան անցյալ տարի:



ԲԱԼԸ ԹԱՆԿ Է ԵՒ ԹԱՆԿ ԷԼ ԿՄՆԱ



- Իսկ միրգն ինչո՞ւ է թանկ: Ծիրանը, բալը:



- Դուք չգիտե՞ք: 80 հազար տոննա ծիրան են ցանել, 25-30 հազար հազիվ է եղել: Պարզ է, որ թանկ պիտի լինի: Գարնանացանի ժամանակ անձրեւաջրերը վնասեցին բերքը: Ծիրանը, բալը, գիլասը:



Չես առարկի: Հիշենք միայն, որ ապրիլին, երբ առատ տեղումներ էին, պաշտոնյաները լավատեսական կանխատեսումներ էին տարածում, թե անձրեւաջրերը, ճիշտ է, վնաս կհասցնեն, բայց Արարատյան դաշտավայրում այն շոշափելի չի լինի: Այսօր նրանք ստիպված են հակառակ եզրահանգումներն անել: Բայց թե գարնանը, թե հիմա պատասխանատուները միեւնույն կրավորական դիրքից են խոսում:



Պետությունն ամբողջությամբ հրաժարվել է գյուղատնտեսության ոլորտում կարգավորիչ դերից եւ դիտորդի նման կողքից ընդամենը արձանագրում է, որ պարարտանյութը, որի համար դեռ երկու տարի առաջ սուբսիդավորում  էր գյուղացուն, թանկ է, որ ցանքատարածքները կրճատվում են, ներմուծումն անվերահսկելի է եւ զարտուղի ճանապարհներով է կատարվում: Այն դեպքում, երբ ՀՀ կառավարությունը 2010-ին գյուղատնտեսությունը հռչակել է որպես գերակա զարգացման ուղղություն: Պետությունը հռչակողի դերում է, իսկ դրա քաղաքացին՝ գալարապտույտ գների եւ մյուս անհարմարությունների համար «պատասխան» տվողի: