Շուկայական մաֆիան` գների կարգավորիչ

Շուկայական մաֆիան` գների կարգավորիչ
Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ հայաստանյան շուկան կառավարվում է մաֆիական օրենքներով. ասվածի ապացույց է այն, որ յուրաքանչյուր ամսվա սկզբին, աշխատավարձերի ու թոշակների բաշխման օրերին գներն սկսում են «թռչել»: Իսկ հուլիս ամսվա սկիզբը Վանաձորում ոչ միայն բացառություն չէր, այլեւ գերազանցել էր նախորդ տարիների ռեկորդը: Միրգն ու բանջարեղենն առատորեն լցված են,  դեֆիցիտ չկա, բայց նախորդ ամսվա համեմատությամբ գները կրկնակի բարձրացել են: Վանաձորցիներից մեկը հակված է կարծելու, թե շուկայական մաֆիա կոչվածը հենց իրենք՝ վերավաճառողներն են, որոնք մի օր այս գինն են սահմանում, մի օր` այն: «Ժողովուրդ, էսօր պոմիդորը թանկ ա»,- հայտարարում են իրենք` վաճառողները, խուսափելով բացահայտել այդ «խոհանոցի» այլ գաղտնիքներ. իրե՞նց են հանձնարարել գին բարձրացնել, թե՞ իրենք են բարձր գին սահմանել: Կան նաեւ շուկայական «համքարության» որոշմանը չենթարկվողներ, որոնցից էլ գործընկերները դժգոհում են. ասենք` ինչ-որ մեկը համարձակվում է տվյալ օրվա շուկայական գնից անհամեմատ էժան ծիրան վաճառել` 200 դրամ, ու արժանանում է հանդիմանանքի 350-450 դրամով վաճառողների կողմից. «Էս մարդը բազարի գին գցող ա»: Իսկ վաճառողների քաղաքականացված հատվածը գների բարձրացումը կապում է գյուղնախարարի 1 ամիս առաջվա ելույթի հետ. «Բա չլսեցի՞ք նախարարի ելույթը: Բյուջեն ճեղքվածք ունի` լցնում են»: Հարցիս, թե ինչ կապ ունեն շուկայական վերավաճառողները բյուջեի ճեղքվածքի հետ եւ ինչու վերավաճառողների հաշվին են որոշել բյուջեն լցնել, զրուցակիցս չարախնդաց. «Մեր հաշվին չեն լցնում, ձեր հաշվին են լցնում»: Ի դեպ, վանաձորցիների զարմանքն է հարուցել ոչ միայն գյուղնախարարի «շրջադարձային» ելույթը` մրգի ու բանջարեղենի հնարավոր դեֆիցիտի ու դրա հետեւանքով թանկացման մասին (այն դեպքում, երբ դեֆիցիտ գոյություն չունի), այլեւ տնտեսական մրցակցության հանձնաժողովի արտառոց որոշումը` էժան հավկիթ վաճառող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ վարույթ հարուցելու առումով: Տեղին է hիշել այն ասացվածքը, թե ամեն մի լավ գործ պատժվում է: Այժմ Վանաձորի վաճառակետերում էժան հավկիթները «փախստականի» կարգավիճակում են, ու մեկ այս «դախլում» են ծվարում, մեկ այն, չլինի՞ թե հանկարծ ՏՄՊՊՀ-ն իրենց տեղն իմանա: Հնարավոր է, որ առաջիկայում ՏՄՊՊՀ-ն վարույթ հարուցի նաեւ այն տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, որոնք, ի հեճուկս իրենց մրցակից ֆիրմաների, կոնֆետների գինը չեն բարձրացրել:



Գայանե Հովսեփյան