"Xter.net"-ը թռավ, մյուսները շահեցին

"Xter.net"-ը թռավ, մյուսները շահեցին
Վերջին օրերի ամենաաղմկոտ միջադեպը ինտերնետ պրովայդերներից մեկի՝ "Xter.net"-ի փակման պատմությունն է: Բավական խորհրդավոր պայմաններում այս հայտնի ընկերությունը փակել է իր գրասենյակը եւ "թռել": Ոչ ոք չգիտի, թե որտեղ են նրանք, եւ ով է պատասխան տալու ընդհատված ծառայությունների համար: Ըստ տարբեր լուրերի, մոտ 400 կորպորատիվ բաժանորդներ զրկվել են ինտերնետից: Սակայն ավելի ծանր է այն կազմակերպությունների վիճակը, որոնք "Xter.net"-ին էին վստահել իրենց դոմեյնները, այսինքն՝ սրանց վեբ-կայքերի գոյությունը պայմանավորված էր սույն կազմակերպության նորմալ կենսագործունեությամբ: Եւ այժմ լավագույն դեպքում նրանց կայքերի բնականոն գործունեությունը կվերականգնվի 10-15 օրից: Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչը կարող է նման անսպասելի անհետացման պատճառ դառնալ: Այս ոլորտին լավատեղյակ անձինք պատմեցին, որ "Xter.net"-ը ստեղծվել է 2001 թվին: Անցյալում պատկանել է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի եղբորը, ավելի ճիշտ՝ բեյրութահայ Կարո Քեբաբյանին, նաեւ հայ-շվեյցարական համատեղ ձեռնարկություն է եղել, իսկ տնօրենը եղել է Վահան Հարությունյանը: Այդ տարիներին է "Xter.net"-ը թափ հավաքել, ապա կոնֆլիկտ է ծագել սեփականատերերի միջեւ, եւ ընկերությունը մոտ 2 տարի առաջ վաճառվել է ինչ-որ երիտասարդ տղաների: Այս շրջանում ընկերությունը, ըստ այդ նույն աղբյուրի, կապվում էր Գագիկ Բեգլարյանի կամ նրա եղբոր անվան հետ, սակայն սեփականատերերը ոմն Արթուր եւ Աշոտ էին: Ի՞նչը կարող էր դառնալ ընկերության փակման պատճառ: Մեր զրուցակիցները միաբերան պնդում էին, որ այն աշխատացնողները կապ չունեին ոլորտի հետ, սխալ մենեջմենթ էին իրականացնում, ինչի արդյունքում նախ սկսվեց կադրերի արտահոսք: Աշխատակազմի մեծ մասը, այդ թվում կոմերցիոն տնօրենը, հեռացան "I-con" նորաբաց ընկերություն, ապա սկսեցին նվազել հաճախորդները: Սխալ բիզնեսն ու ժամանակի պահանջները չգիտակցելը իրենց դերը խաղացին: Մոտ մեկ ամիս առաջ արդեն հայտնի էր, որ "Xter.net"-ը "սկել" է, եւ իրենց հաճախորդներին կամացուկ խորհուրդ էին տալիս հոսթինգները գրանցել այլ ընկերություններում: Այնպես որ, ինտերնետ պրովայդերների շրջանում այս ելքը համարում են միանգամայն կանխատեսելի: Ասում են՝ անգամ խոսակցություններ են եղել ընկերությունը վաճառելու մասին, սակայն ինչ-որ բան չի ստացվել: Բայց հետաքրքիրն այն է, որ ընկերությունը չի փորձել քաղաքակիրթ եղանակով ավարտել իր գոյությունը՝ հանձնել լիցենզիան, կոմպենսացնել հաճախորդների վնասները կամ գոնե ներողություն խնդրել պատճառած վնասների համար: Այժմ հայտարարում են, որ "Xter.net"-ի տնօրենը Հայաստանում չէ, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չքմեղանում է, թե ինքը ոչնչից տեղյակ չէ: Նկատենք, որ Ռոբերտ Նազարյանի ղեկավարած հանձնաժողովն այս ոլորտը կարգավորող պետական մարմինն է եւ որոշակի պատասխանատվություն է կրում կատարվածի համար: Գոնե՝ հավասար մրցակցության, ճնշումների բացակայության եւ ստիպողաբար որեւէ մեկին դաշտից հանելու հնարավոր պատճառները պետք է հերքվեն, եւ կարծում ենք՝ նաեւ ինչ-որ քայլեր պետք է արվեն մարդկանց վնասները նվազագույնի հասցնելու համար:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ