Կիրանցում օծվեց նորակառույց մատուռը

Կիրանցում օծվեց նորակառույց մատուռը
Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցավ Սուրբ Աստվածածին նորակառույց մատուռի օծումը:  Այսպիսով, սահմանամերձ գյուղի շրջակայքում գտնվող Առաքելոց, Սամսոնի եւ Դեղձնուտի վանքերին ավելացավ եւս մեկ հոգեւոր կառույց: Մատուռը կառուցվել է սրբատաշ կարմիր տուֆից, ուղիղ հարյուր օրվա ընթացքում, արմատներով կիրանցեցի, այժմ Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդ քաղաքում բնակվող փորձարկող օդաչու Վալենտին Նազարյանի նվիրատվությամբ: Օծման արարողությունն իրականացվում էր Հայ առաքելական եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանջյանի ձեռամբ: Նաեւ աղոթք եւ հոգեհանգիստ կատարվեց Արցախյան պատերազմի ընթացքում զոհված տասնութ կիրանցեցի ազատամարտիկների եւ խաղաղ բնակիչների համար: Ամեն տարվա օգոստոսի մեկը Կիրանցում նշվում է գյուղի օրը, որը համայնքում կառուցված Հայրենական եւ Արցախյան պատերազմներում իրենց մահով հայրենիքին խաղաղություն պարգեւած մարտիկներին նվիրված հուշաքարի մոտ է բերում Հայաստանի բոլոր անկյուններում ապրող կիրանցեցիներին: Այս անգամ էլ տոնախմբությունը ստացվեց: Նորակառույց մատուռի բակում հնչեցին զուռնա եւ Սասնա երգեր: Այնուհետեւ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի անունից պատվոգրեր ստացան եկեղեցու նվիրատու Վալենտին Նազարյանը, Կիրանցի գյուղապետ Հմայակ Նազարյանը, "Հայաստանի երկրապահ" հուշամեդալով` գրող, լրագրող, ՀԳՄ Տավուշի բաժանմունքի նախագահ Ռուբեն Սիմոնյանը: Բայց պետք է նշել, որ Կիրանցի շրջակայքում գտնվող վերոնշյալ վանքերը` Առաքելոցը, Սամսոնը եւ Դեղձնուտը, ինչպես Հայաստանում գտնվող շատ տաճարներ, վերակառուցելու կարիք ունեն: Միգուցե նման հնարավորությունների տեր մարդիկ նորը կառուցելու փոխարեն ուշադրություն դարձնեն մեր օրեցօր քանդվող եկեղեցիներին եւ միջոցնե՞ր ուղղեն դրանք վերականգնելու համար: