Մեդվեդեւները գալիս են

Մեդվեդեւները գալիս են
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով օգոստոսի 19-ին պետական այցով Երեւան կժամանի ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը  տիկնոջ` Սվետլանա Մեդվեդեւայի հետ:



ՌԴ Նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդ`Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ կդնի Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից` ի պատիվ  ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի,  ՀՀ Նախագահի նստավայրում կտրվի պետական ճաշ:



Օգոստոսի 20-ին նախատեսվում է  ՀՀ եւ ՌԴ նախագահների առանձնազրույց, որին կհաջորդեն երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ: Կստորագրվեն հայ-ռուսական ռազմավարական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված մի շարք պայմանագրեր եւ համաձայնագրեր: ՀՀ Նախագահի նստավայրում այնուհետ  տեղի կունենա Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի  համատեղ մամուլի ասուլիսը:



ՌԴ Նախագահի պետական այցի շրջանակներում, ՀՀ եւ ՌԴ նախագահները կայցելեն Գյումրի` մասնակցելու “Պատվո բլուր”   հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:



Պետական այցի ավարտին ՌԴ Նախագահը կմասնակցի նաեւ  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների ղեկավարների` օգոստոսի 20-22-ը Հայաստանում անցկացվելիք ոչ պաշտոնական գագաթնաժողովին:



Այս մասին հայտնում են նախագահականի մամլո գրասենյակից: