Ով վճարում է, նա էլ երաժշտություն է պատվիրում

Ով վճարում է, նա էլ երաժշտություն է պատվիրում
Խորհրդային Միության անկումից հետո Հայաստանի փակ տնտեսությունը, այսպես ասած, իր դռները բացեց ներդրողների առջեւ: Օտարերկրյա կապիտալի ներհոսքը նորանկախ Հայաստանի տնտեսության զարգացման համար պետք է որ երաշխիք հանդիսանար: Եթե անկախության առաջին տարիներին նկատելի էր միջազգային կազմակերպությունների կամ միջպետական մասնակցությամբ կապիտալի ներհոսքը, իսկ 1995-96 թթ.՝ հիմնականում մասնավոր կապիտալի, 1999-2000 թվականներից սկսած, Հայաստանի տնտեսության մեջ զգալիորեն մեծացավ հատկապես ռուսական կապիտալի դերը: Հայրենական տնտեսության ռուսիֆիկացման սկիզբը դրվեց հայտնի "Գույք պարտքի դիմաց" ծրագրով:



ԿԱՊԻՏԱԼԻ ՀԵՏ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ



Այսօր մեր երկրի ստրատեգիական նշանակության բոլոր կարեւորագույն ենթակառուցվածքները՝ ամբողջ էներգետիկ համակարգը, կապուղիները, գազատարը, երկաթգիծը, գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ: 2002-2003 թթ. բանկային համակարգի 50 տոկոսը եւս ռուսական դարձավ ("Արդշինինվեստ", "Ամերիաբանկ", ՎՏԲ, "Առեքսիմբանկ", "Յունիբանկ"): Այսօր Հայաստանում կատարած օտարերկրյա ներդրումների ծավալների առյուծի բաժինը Ռուսաստանինն է: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում ռուսական ներդրումները Հայաստանում աճել են 56,7%-ով, իսկ ուղղակի ներդրումների ծավալը՝ 50,9%-ով: Ներկայումս Հայաստանում ռուսական կապիտալով աշխատում են շուրջ 1.250 ընկերություններ:



Տնտեսության բնագավառում ռուսական կապիտալի էքսպանսիան ակնհայտ է, ինչը չի կարող չունենալ նաեւ քաղաքական հետեւանքներ, քանի որ ռուսական կապիտալի հետ մեկտեղ Հայաստան են ներթափանցում նաեւ ռուսական կառավարման համակարգն ու քաղաքական մշակույթը, որը հեռու է կատարյալ լինելուց: Ըստ էության Հայաստանում տարիներ շարունակ վերարտադրվում է ռուսական պետական համակարգը՝ տեղական առանձնահատկություններով: Եվ ինչպես խորհրդային տարիներին էր, այսօր էլ  Մոսկվան որպես ուժային կենտրոն ընկալելու ավանդական մոտեցումը շարունակվում է ոչ միայն արտաքին, այլեւ ներքին քաղաքականության մեջ: Իհարկե, միեւնույն սոցիալ-մշակութային միջավայրում տարիներ շարունակ ապրելու հանգամանքն ու մեր աշխարհաքաղաքական դիրքը արդարացիորեն ենթադրում են ռուսական գործոնի ներկայությունը, բայց խնդիրն այս պարագայում պարզ հավասարակշռության մասին է: Ի՞նչ դեր կարող է խաղալ ռուսական կապիտալի այսչափ ներգրավվածությունը մեր երկրում:



ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ



"Այն, որ ֆինանսական կապիտալը Ռուսաստանի համար դարձել է որպես իր ռազմավարական ներկայությունն ապահովելու  գործիք, դրա մասին խոսում են Ռուսաստանի գրեթե բոլոր բարձրաստիճան ղեկավարները, եւ դա իրենց երկրի  քաղաքականությունն է: Ես ցավում եմ, որ մենք մեր երկրի անվտանգության ռազմավարության փաստաթղթերում՝ թե հայեցակարգում, թե դոկտրիններում, չենք կարեւորել այն հարցը, որ օտարարերկրյա կապիտալի մասնակցությունը պետք է լինի հավասարակշռված եւ ուղղված չլինի  մեկ երկրի ֆինանսական ռեսուրսները ներգրավելուն, ինչն ի վերջո կբերի այդ երկրի կողմից Հայաստանի էքսպանսիայի իրականացմանը: Տվյալ դեպքում այդպիսի վտանգ կա",-ասում է ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը:



Միեւնույն ժամանակ, ըստ նրա, Հայաստանը պետք է վարի  այնպիսի քաղաքականություն, որը չբերի ռուսական կապիտալի կտրուկ արտահոսքին, այլ փորձի այլ երկրների՝ եվրոպական, ամերիկյան, նաեւ պարսկական կապիտալը Հայաստան բերել: "Դրա  համար անհրաժեշտ առաջին հերթին տնտեսական-ժողովրդավարական կանոնների հաստատում տնտեսության մեջ, հակամենաշնորհային ակտիվ քաղաքականություն եւ ներդրողների իրավունքների պաշտպանություն, ինչը, ցավոք, մեր երկրում ներկայումս ցածր մակարդակի վրա է գտնվում: Նույն դատական համակարգի ոչ արդյունավետ գործունեությունը նպաստում է ոչ արդյունավետ ներդրումային միջավայրի ձեւավորմանը: Եթե դրան գումարենք նաեւ իշխանությունների՝ ըստ քմահաճույքի շարժվելու ցանկությունը, ապա պատկերն ամբողջանում է ի վնաս Հայաստանի զարգացման:



Այլ կերպ ասած՝ ձեւավորվել է մի իրավիճակ, երբ ներդրումները պայմանավորվել են իշխանության մեջ կապեր ունենալու հանգամանքով, եւ իշխանությունը, որ պետք է տարանջատված լիներ սեփականությունից, սերտաճած է  նրա հետ",-շարունակում է Մինասյանը: Արծվիկ Մինասյանը նաեւ ակնհայտ է համարում, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի տնտեսության զարգացման օրինաչափության մասին խոսք լինել չի կարող, ինչի վկայությունը մեր տնտեսության կառուցվածքն է, երբ արտահանումը 4,5-5 անգամ զիջում է ներմուծմանը, իսկ ծառայությունների ոլորտը գերազանցում է իրական տնտեսության ոլորտին՝  արդյունաբերությանն ու գյուղատնտեսությանը: Եթե այս ամենին գումարենք նաեւ շրջափակումն ու Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու բավական թույլ համակարգը, պատկերն ակնհայտ կլինի: Մինասյանի կարծիքով՝ այսօր Հայաստանը կանգնած է ազգային տնտեսական քաղաքականություն ձեւավորելու հրամայականի առջեւ:







"Տնտեսությունը ռուսականացվեց, բայց տնտեսության զարգացում տեղի չունեցավ",-վստահաբար ասում է "Ժողովրդի իշխանություն" շարժման համակարգող խորհրդի անդամ Մովսես Արիստակեսյանը: Նրա խոսքով,  "Գույք պարտքի դիմաց" "ֆորպոստային, վասալային պայմանագիրն ուղղակի ջարդեց մեր երկրի տնտեսության ողնաշարը", եւ այսօր ունենք այն, ինչ ունենք՝ պետությունը զուրկ է որոշում կայացնելու իրավունքից: "Կատարվում է ռուսական պետության կայսրապաշտության այն մղումը, որ երկիրը դառնա առեւտրի եւ ներկրումների, սպասարկումների երկիր:  Տեսեք, թե պետական բյուջեից որքան փող ենք հատկացնում միայն այն բանի համար, որ ռուսական բազա պահենք: Ֆորպոստային կախվածության մեջ ենք ամբողջովին: Դա արդարացված կլիներ  90-ական թթ. առաջին տարիներին, երբ շուկան կար եւ կգործեր, երբ ՀՆԱ-ի 67-70 տոկոսը տալիս էր արդյունաբերությունը, այսօր արդյունաբերության դերը երկրի տնտեսության մեջ չնչինացված է 15-16 տոկոսի, որը ոչինչ չի տալիս",-նշում է տնտեսագետը՝ հավելելով, որ Ռուսաստանի կողմից սեփականաշնորհված գիտահետազոտական գործարաններն այսօր ընդամենը անշարժ գույքի կարգավիճակ ունեն, եւ որեւէ ներդրում չի կատարվում, ինչի տխուր օրինակն է "Մարսը", որի տեխնիկան եւ տեխնոլոգիան ֆիզիկապես եւ բարոյապես մաշված վիճակում են:



Որպես ռուսական կապիտալի գործունեության մյուս օրինակ՝ Արիստակեսյանը բերում է "ՀայՌուսգազարդի" եւ գազի սակագների վերջին թանկացումների օրինակը: "Ռուսական կապիտալը մտածում է միայն  իր շահույթի համար, ոչ մի կորպորատիվ պատասխանատվություն չի կրում Հայաստանի ժողովրդի հանդեպ: Նա գնում է մասնավոր հարստությունը՝ ի դեմս որոշ հայկական դեմքերի գրպանը հարստացնելու եւ իր շահերի ճանապարհով",-շարունակում է Արիստակեսյանը եւ կանխատեսում, որ ձմռանը բնակչությունը կհայտնվի շատ դժվար վիճակի մեջ, եւ չի բացառվում, որ էլեկտրաէներգիայի թանկացում եւս լինի:



ԹԵԿՈՒԶ ՍՊԱՆԵՍ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՉԻ ՈՒՐԱՆԱ



Իսկ ահա ԲՀԿ-ական տնտեսագետ Վարդան Բոստանջյանը որեւէ պարագայում ռուսական գործոնը չի կարող ուրանալ: "Ինձ սպանեք, ռուսական գործոնը ես չեմ կարող ուրանալ, որքան էլ նա չմշակված լինի, որքան էլ իր մեջ բացասական բաներ պարունակի: Ոչ թե նրա համար, որ ես ռուսամետ եմ, այլ նրա, որ տեսել եմ՝ ի դեմս Ռուսաստանի, իմ երկրի համար վտանգավոր չի եղել",-համոզված ասում է նա՝ հիշելով, թե Խորհրդային Միության տարիներին Հայաստանն ինչպիսի արդյունաբերական թռիչք ապրեց: ԲՀԿ-ական պատգամավորը միաժամանակ գտնում, որ խորհրդային  համակարգում "դաստիարակված" հայ ժողովուրդը մի տեսակ այն մտայնությամբ է առաջնորդվում, որ իրեն պետք է պահեն, եւ մինչեւ վերջ արդյունավետորեն չի դրսեւորվում: Այդ հոգեբանությունը հաղթահարելու համար, ըստ Բոստանջյանի, երկու սերունդ է հարկավոր: Իսկ ինչ վերաբերում է ռուսական կապիտալի քաղաքական ազդեցությանը, ապա, Վարդան Բոստանջյանի կարծիքով, դա միանգամայն բնական է, որովհետեւ "ով վճարում է, նա էլ երաժշտություն է պատվիրում":