ՀԱԿ-ը կպահանջի մոնիտորինգային խիստ ռեժիմ

ՀԱԿ-ը կպահանջի մոնիտորինգային խիստ ռեժիմ
Առաջիկայում ՀՀ իշխանություններին նոր փորձություն է սպասվում: Հոկտեմբերի 4-ին նախատեսվում է գումարել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի ընդլայնված նիստ նաեւ արտապառլամենտական ընդդիմության՝ ՀԱԿ մասնակցությամբ: Հայաստանի մասով քննարկման հիմնական թեմա լինելու է ԵԽԽՎ բանաձեւի եւ ՀՀ իշխանություններին ներկայացված բարեփոխումների ժամանակացույցի կատարումը, որը ներկայացրել են Հայաստանի հարցով համազեկուցողները: Իշխանությունները, բնականաբար, "շորերը պատռելու են", թե իրենք ահագին բան արել են ու պատրաստ են անել՝ փորձելով կրկին ժամանակ ձգել: ԵԽԽՎ բանաձեւերի կատարման հետ կապված՝ ՀԱԿ-ի տեսակետը ներկայացնելու է ԵԽԽՎ-ում ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանը:



- Հայ ազգային կոնգրեսը ի՞նչ է պատրաստվում ներկայացնել ԵԽԽՎ Մոնիտորինգի նիստում:



- Դեռ մեկ ամիս կա, բայց ես շատ կզարմանամ, որ ինչ-որ բան փոխվի էս մեկ ամսվա ընթացքում: Եթե ես հենց այսօր ներկայացնելու լինեի մեր զեկույցը, այսօր մասնակցեի այդ հանդիպմանը, պիտի ասեի, որ 1677 բանաձեւի ընդունումից հետո ՀՀ իշխանությունները բացարձակ ոչնինչ չեն արել: Եվ եթե այսօր ընդունվեր 1677 բանաձեւը, դա նույնքան արդիական կլիներ, որքան անցյալ տարվա հունիս ամսին: 1677-ի պահանջները կարող ենք դնել, համեմատել ներկա իրավիճակի հետ. քաղբանտարկյալները դեռ բանտում են, ԶԼՄ-ների ազատության հարցը որեւէ կերպ չի լուծվել, դատաիրավական ռեֆորմի մասին դժվար է խոսել, ոստիկանական ռեֆորմի մասին դժվար է խոսել, ցույցերի ու հավաքների վերաբերյալ արգելքներ կան: Հերթական ապացույցն է սա, որ ՀՀ իշխանությունները մտադիր չեն բարի կամք դրսեւորել, կատարել ԵԽԽՎ պահանջները, բարեփոխումներ անել:



Նրանք ինչ էլ արել են, արել են որոշակի ճնշումների եւ սպառնալիքների ներքո, այն էլ կիսատ-պռատ: Եվ ԵԽԽՎ մարտավարությունը՝ ժամանակ տալ, վստահել



ՀՀ իշխանությունների քաղաքական կամքին, հերթական անգամ ցույց տվեց իր սնանկությունը: Իմ կարծիքով՝ եթե ԵԽԽՎ-ն ուզում է, որ որեւէ քայլեր արվեն բանաձեւերի կատարման ուղղությամբ, ճիշտ կլինի Հայաստանը նորից հատուկ ռեժիմի մոնիտորինգի տակ դնել:



- Ասել է թե՝ հնարավոր է հոկտեմբերին Հայաստանը կրկին հայտնվի հատուկ ռեժիմի մոնիտորինգի տա՞կ:



- Չէ: Հոկտեմբերի 4-ի լիագումար նիստում չի քննարկվելու Հայաստանի հարցը, իսկ էդ տեսակ որոշումները լիագումար նիստում են ընդունվում: Հաջորդ նստաշրջանում գուցեեւ մտնի Հայաստանի հարցը լիագումար նիստի օրակարգ՝ կախված Մոնիտորինգի հանձնաժողովի ընդունած որոշումներից: Եթե մինչեւ հոկտեմբերի 4-ը ոչինչ չփոխվի, մենք առաջարկելու ենք, որ Հայաստանը հատուկ մոնիտորինգի ռեժիմի տակ դնեն: Կընդունվի թե ոչ՝ չեմ կարող ասել, բայց ակնհայտ է, որ Հայաստանում եթե ինչ-որ բան արվել է, միայն էդ ռեժիմի պայմաններում է արվել: Միայն այն դեպքում է արվել, երբ հատուկ ուշադրություն է եղել Հայաստանում տիրող իրավիճակին: Երբ 1677 բանաձեւից հետո հնարավորություն տրվեց ՀՀ իշխանություններին ինքնուրույն քայլեր անելու, նրանք բացարձակ ոչինչ չարեցին:



- Կասկած չկա, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ պատվիրակության իշխանական անդամները կրկին երդումներ կտան, կասեն, որ հսկայածավալ քայլեր են արվել, ժամանակ կխնդրեն: Ձեր կարծիքով՝ այս անգամ ո՞ւմ կլսի ԵԽԽՎ-ն:



- Չգիտեմ ում կլսեն: Դժվար է նման կանխատեսում անելը: Երբեմն այս կամ այն որոշումը կայացնելու դեպքում խնդիրը փաստերը չեն, քաղաքական նպատակահարմարությունն է: Ես ի նկատի չունեմ Ղարաբաղի կամ հայ-թուրքական հարցերը: Երբեմն ԵԽԽՎ մարտավարությունը հետեւյալն է, որ շատ մեծ ճնշումները կարող են հակառակ կամ չնախատեսված արդյունք տալ, եւ դա այն չէ, ինչ պետք է ԵԽԽՎ-ին կամ Հայաստանի հասարակությանը: Բայց ի վերջո, սահմաններ կան, որից այն կողմ նույնիսկ ԵԽ համբերության բաժակն է լցվում, եւ հավերժ հնարավոր չէ հույս դնել, որ ԵԽ-ն մատների արանքով կնայի էս ամեն ինչին: Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների բերվելիք փաստերին, այդ փաստերը պիտի լինեն, որ բերեն: Փաստեր չկան: Խոստումներ կարող են լինել, ինչ-որ ընթացիկ աշխատանքի մասին հայտարարություններ կարող են լինել, բայց արդյունքներ չկան: 1677 բանաձեւի մի կետ չկա, որ նայես ասես՝ էս հարցը լուծել են ՀՀ իշխանությունները: Ակնհայտ է նաեւ, որ Հայաստանի հարցով նախկին համանախագահողների՝ Կոլոմբիեի եւ Պրեսկոտի զեկույցը քննարկվեց Մոնիտորինգի հանձնաժողովում, եւ դրա իմաստը, փաստորեն, այն էր, որ ի դեմս Նիկոյանի՝ ՀՀ իշխանությունների ներկայացրած զեկույցը բավարար համարել չի կարելի: Այսինքն՝ մարտի 1-ի գործը փակված համարել չի կարելի, եւ դեռ պետք է հետաքննություն կատարվի, ու պարզվեն մեղավորները:



- ՀՀ իշխանությունները որոշակի ընդվզեցին Հայաստանի հարցով նոր համազեկուցողների դեմ, շվեդ Գորան Լինդբլադը, որը հեղինակել է մարտի 1-ի մասին հայտնի բանաձեւը ԵԽԽՎ-ում, ադրբեջանամետ հռչակվեց, նաեւ վերջերս մամուլում տեղեկություն եղավ, թե իշխանությունը հիմա էլ պատրաստվում է "գնել" Լինդբլադին:



- Ես առաջին անգամ եմ լսում նման բան: Եթե նման խոսակցություններ են շրջանառվում, նշանակում է իմ կախատեսումը, որ Լինդբլադին բոյկոտելը կամ նրա հետ չաշխատելու սպառնալիքները լուրջ չեն, իրական է: Բայց ես չգիտեմ, թե որքանով են արժանահավատ այդ լուրերը: