Սարգսյանը նվաճում է նոր հորիզոննե՞ր (կամ` ԲԱՄՕ-ի Մուրադը դեսպան Իրաքում)

Սարգսյանը նվաճում է նոր հորիզոննե՞ր (կամ` ԲԱՄՕ-ի Մուրադը դեսպան Իրաքում)
ՀՀ նախագահն այս շաբաթ մի «արքայական հրովարտակ» է ստորագրել Իրաքում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին, որ իր զվարճալիությամբ ստվերի մեջ է թողնում Սարգսյանի նախընթաց խոսքերն ու գործերը մերձ-դիվանագիտական անդաստանում:



ԱՆՄՏՈՒԹՅՈՒՆ  ԱՆՄՏՈՒԹՅԱՆՑ



Շատերը թերեւս կհիշեն` մարտին Դեր-Զորում Սարգսյանը համոզում էր, թե 1915-ին Կոստանդնուպոլսից աքսորված եւ ամիսներ շարունակ արեւի, անձրեւի, անտառի ու անապատի միջով քայլած հայ բանաստեղծները Դեր-Զոր էին հասել ոչ թե պատառոտված լաթերով, այլ այնպիսի նախանձելի եվրոպական հագուստով, որ թուրք դահիճները առաջինը այդ հագուստը կողոպտեցին ու հագան, հետո բանաստեղծներին գլխատեցին: Ի՜նչ ասես...



Ապրիլին Սարգսյանը գնաց Վաշինգտոն եւ Վուդրո Վիլսոնի շիրմի մոտ հայտարարեց, թե եկել է «զեկուցելու»: Անկեղծ խոստովանություն էր եւ փայլուն ընտրություն, որովհետեւ իր զեկույցի որոշ մասի վրա չծիծաղելու համար իսկապես պետք էր աճյուն լինել («...ամեն հայ պետք է դառնա կաթիլ, որ քար ծակի... մենք այդ ճանապարհին ենք` անտարբերության, ցինիզմի եւ երկերեսանիության պատը կծակենք... մեր ժողովրդի դահիճները մեզ այլընտրանք չեն թողել...»), չգիտես էլ ինչ:



Օգոստոսի վերջին Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը Սարգսյանը երկարաձգեց մինչեւ 49 տարի` իբր անվտանգության նկատառումով: Ոչ մի կերպ չես հասկանում, թե 40-50 տարի հետո որտեղից պետք է Ռուսաստան գոյություն ունենա, որ դեռ Հայաստանի անվտանգությունն էլ իբր երաշխավորի: Նման պայմանագիրը որպեսզի քիչ թե շատ լրջություն ունենար, գուցե Չինաստանը դրանում ներգրավվեր, գոնե հրավիրվեր որպես պայմանագրի գործողությունը երաշխավորող երրորդ կողմ:



Վերջապես սեպտեմբերին Սարգսյանը Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում մի այնպիսի նշանակում արեց, որ ստվերեց իր իսկ նախընթաց քայլերը:



Նախագահ Սարգսյանի հրամանագրով Իրաքում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Մուրադ Մուրադյանը` մի մարդ, որը ծնվել է ՀՀ Գեղարքունիքի շրջանի Ծովասար գյուղում, խորհրդային ժամանակներում ավարտել է Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտը, ավելի ուշ Ռուսաստանում ասպիրանտուրա է ընդունվել: Ռուսաստանում էլ թեկնածուական թեզ է պաշտպանել, նույն տարում հիմնադրել ԲԱՄՕ կոչվող մի ընկերություն եւ սկսել շինարարական գործունեություն: Էհ... վե՞րջը, ինչպես կասեին արեւմտահայերը:



ԲԻԶՆԵՍ ԾՐԱԳՐԵ՞Ր, ԹԵ՞ ԱՎԱՆՏՅՈՒՐԱՆԵՐ



Վերջն այն է, որ 1992-ին ԲԱՄՕ-ն հիմնադրելուց ի վեր այս մարդը միայն շինարարությամբ է զբաղվում, այն էլ Ռուսաստանում: Եվ հանկարծ 2010-ի սեպտեմբերի 6-ին նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է, որ այս վաստակաշատ շինարարը` ինչպես կասեին խորհրդային ժամանակներում, պետք է լինի Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան: Պարզվում է՝ ոչ միայն բարոյական, այլեւ օրենսդրական դաշտում չկա խոչընդոտ: Համաձայն ՀՀ օրենսդրության, ասենք ՀՀ դեսպանատան տասներորդական մի ֆիգուր լինելու համար պետք է մասնագիտական կրթություն, անցած տարիների դիվանագիտական ծառայություն եւ այլն, մինչդեռ դեսպան նշանակվելու համար ոչինչ հարկավոր չէ: ՀՀ նախագահի պաշտոն զբաղեցնողը որ երկրի որ փողոցից ում ուզի կարող է Հայաստանի դեսպան նշանակել: Ինչը եւ Սարգսյանն արել է` Ռուսաստանում գործող մի շինարարական կազմակերպության նախագահի Իրաքում Հայաստանի դեսպան նշանակելով:



Մնում է հարցը` այդ շինարարի ինչի՞ն էր պետք դեսպան լինել: Այստեղ երկու բանական բացատրություն կարող է լինել: Առաջին` միջազգային նավթի գների բարձրացում ապագայում չի նախատեսվում, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը տնտեսական անկումից դեռ երկար դուրս չի գա, եւ այնտեղ նավթադոլարներով սնվող շինարարական բիզնեսը վերստին ծաղկելու մեծ հեռանկար չունի: Փոխարենը Իրաքում Ռուսաստանի ամբողջ բյուջեն երիցս գերազանցող գումարներ են շրջանառվում շինարարական ինդուստրիայում: Միայն Մոսուլում անցյալ թե նախանցյալ տարի 40 մլրդ դոլարի շինարարություն էր իրականացվել: Բոլորովին չի բացառվում, որ մեր ռուսաստանցի հայրենակիցը ՀՀ դեսպանի վկայականը վերցնում է, որպեսզի իբրեւ դիվանագետ անարգել ու ապահով Իրաքում շրջի եւ երկրում շինարարություն ծավալելու հնարավորությունները պարզի:



Երկրորդ հնարավոր բացատրությունն այն է, որ Ռուսաստանում զենքի եւ ռազմամթերքի բիզնեսին առնչվող շրջանակներն են մեր հայրենակցին ուղարկում Իրաք, որպեսզի վերջինս ՀՀ դիվանագետի քողի տակ տեղի խմբավորումներին ռուսական զենք վաճառելու կապեր ստեղծի եւ մեխանիզմ աշխատեցնի: Դժվար թե Հուսեյնի դարաշրջանի բոլոր մարդիկ, ովքեր ԽՍՀՄ-ից զենք են գնել եւ տեղափոխել, այժմ մահացած կամ արտագաղթած լինեն եւ հնարավոր չլինի երբեմնի կապերը վերականգնել:



ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ  ԽԱՌՆԱՓՆԹՈՐՈՒԹՅՈՒՆԸ



Ամեն դեպքում ակնհայտ է, որ ՀՀ դեսպանի պաշտոնը վաճառահանվել է` օտար երկրի կամ նրա քաղաքացու բիզնես ծրագրերին ծառայելու համար: Եթե որեւէ մեկը կարծում է, թե գույներ ենք խտացնում, ապա տեղեկացնենք, որ Սարգսյանի հրամանագրի հրապարակումից ընդամենը մի քանի ժամ անց երկու հարց ուղարկեցինք ՀՀ նախագահի մամուլի քարտուղարին` խնդրելով նշանակման մոտիվացիայի բացատրություն եւ ծագող որոշ մեկնաբանությունների հերքում: Նախագահականից բնականաբար չկարողացան որեւէ պատասխան, բացատրություն կամ մեկնաբանություն տալ: Նախ մամուլի քարտուղարի հետ կապված` եթե հավատաս օգնականներին, ապա Արմեն Արզումանյանը ամբողջ օրը խորհրդակցություններ է անում, այն էլ իր աշխատասենյակից դուրս: Բավական չէ, որ կես տարում մի մամուլի ասուլիս չի տվել (որովհետեւ որեւէ հարցի չի կարող պատասխանել), այնքան է ահաբեկված, որ մի քանի օգնական է պահում` միայն իրեն խոսափող չփոխանցվի եւ ստիպված չլինի հանկարծ լրագրողի հետ խոսել, հիմա էլ ընդհանրապես փորձում է նույնիսկ գրավոր ուղարկված հարցերին չպատասխանել:



Հասկանալի է, որ չգիտի ինչ պատասխանել, բայց դա ո՞ւմ հոգսն է: Երբ մամուլի քարտուղարի տաբուրետկան համաձայնում էր ստանձնել, հարցերի պատասխանելու պարտականությունն էլ ինքնաբերաբար հետն էր ստանձնում: Հետեւաբար թող բարեհաճի մամուլի քարտուղար աշխատել: Կամ էլ գուցե այդ պարտականությունը պատվիրակի ստորադաս տաբուրետկաներ զբաղեցնողներին, ասենք՝ Մերի Հարությունյանին կամ Հասմիկ Պետրոսյանին: Որքան ճշտեցի, երկուսն էլ նախագահականում են, ինչ-որ պաշտոնների պաշտոնակատար են: