80 մլն դրամ բուժկենտրոնին

80 մլն դրամ բուժկենտրոնին
Անցած տարի, երբ Համաշխարհային բանկը որոշեց նորոգել  Գորիսի բժշկական կենտրոնը, այլ ոչ թե Կապանինը, ինչպես նախատեսված էր, Կապանի դաշնակցական քաղաքապետ Արտուր Աթայանը կոչով դիմեց գործարարներին: Քաղաքապետի խոսքով, ինքը նույնիսկ չէր սպասում, որ այսքան արձագանքող կլինի, ու կարճ ժամակամիջոցում տեսքի կբերվեն բժշկական կենտրոնի բաժանմունքները: Մինչ օրս 14 կազմակերպության ու անհատի կողմից տրամադրվել է 80 մլն դրամ, որից 40 մլն դրամը՝ միայն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է տվել: Այդ գումարով  նորոգվել է Կապանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի մասնաշենքը: Շինաշխատանքներն իրականացրել է «Կավարտշին» ՍՊԸ-ն:

Նորոգվել եւ ժամանակակից տեսքի է բերվել մասնաշենքի երրորդ հարկաբաժնի միջանցքը, փոխվել են դռներն ու լուսամուտները, նորացվել է հատակը, կարգի են բերվել վիրահատարանն ու վիրակապարանը, ակնաբույժների եւ բուժքույրերի առանձնասենյակները, փոխվել են էլեկտրալարերը, լաբորատորիաներում տեղադրվել են օդափոխիչ սարքեր: Միաժամանակ ամբողջովին փոխվել է մասնաշենքի տանիքը: Կատարված աշխատանքներին ծանոթանալու համար երեկ հիվանդանոց է այցելել ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Նա հետաքրքրվել է նաեւ հաստատության մյուս խնդիրներով:



Գլխավոր բժիշկ Սմբատ Օրբելյանը նշել է, որ կարեւորը մասնաշենքի ջեռուցումն է: Կոմբինատի գլխավոր տնօրենի խոսքով, իրենք տարեկան 6-8 մլն դոլարի ներդրում են կատարում հանրապետության տարբեր մարզերում ծրագրեր իրականացնելու համար` սկսած շինարարությունից մինչեւ մշակութային կամ մարզական միջոցառումների ֆինանսավորում: Մ. Հակոբյանը չբացառեց, որ ընկերության բաժնետերերի որոշմամբ հնարավոր են նոր ներդրումներ Կապանի բժշկական կենտրոնի այլ բաժանմունքների նորոգման համար: