Խալաֆյան-2

Խալաֆյան-2
Հերթական խայտառակ պատահարն է գրանցվել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Հենց բանտի բուժկետում կալանավորված անձն ինքնասպանություն է գործել՝ ինքն իրեն թուք է ներարկել: Հին ռեցիդիվիստներն ասում են, որ սա ստույգ մահ պատճառելու հին ու փորձված մեթոդ է՝ օդի ներարկման մի տեսակ, որը դաժան ու ցավոտ, բայց արագընթաց մահվան է հանգեցնում: Բայց թե ինչպես է կալանավորը ներարկիչ վերցրել ու հասցրել այդ բոլոր գործողություններն անել, որոնց համար առնվազն մի 10 րոպե ժամանակ կպահանջվեր, անհասկանալի է: Այս պարագայում Չարենցավանի «ռեկորդը»՝ պահարանից վերցված դանակով Խալաֆյանի՝ ինքնասպանության դիմելու փաստը կարելի է գերազանցված համարել: Պետք է սպասել, թե այս դեպքում արդարադատության նախարարությունը, որի կազմում են գտնվում ՔԿՀ-ները, ինչ ֆանտաստիկ բացատրություն կգտնի: Ուշագրավ է, որ երեկ արդեն նախարարությունից հաստատել են կատարվածը, սակայն հաղորդագրության մեջ հատուկ շեշտել են սպանվածի երեք անգամ դատված լինելու հանգամանքը: Իսկ Վանաձորում այս դեպքին բոլորովին այլ բացատրություն ունեն. մարդը նախկինում դատված է եղել, փորձել են կոտրել գլխին, իմացել է, որ չի կարողանալու ապացուցել իր անմեղությունը, եւ ճարահատ դիմել է այս քայլին: Գուցե արժե, որ այս դեպքին իրավապահներն ու հասարակությունն այլ աչքով նայեն. ասենք, ի՞նչը կարող էր ստիպել չորս երեխայի հորը, 36-ամյա հոգեպես առողջ տղամարդուն դիմել նման հուսահատ քայլի: Իսկ գուցե իսկապե՞ս մարդը մեղավոր չի եղել՝ գոնե սպանության մեջ, եւ այլ ելք չի տեսել, քան կյանքից հեռանալն է: Իսկ եթե անգամ մեղավոր է եղել, ինչպե՞ս կարող էր պատահել, որ հենց բանտում մարդը նման քայլի կարողանար գնալ եւ ոչ ոք նրան չհասցներ խանգարել: