Կարինե Խոդիկյան. Ստորագրության ժամկետը

Կարինե Խոդիկյան. Ստորագրության ժամկետը
Ի՞նչ է ստորագրությունը: Սեփական անձը առանց նոտարի միջնորդության հավաստող գի՞ր: Թիթեռի կյանքի տեւողությամբ աստղային «կարիերա» արած գլամուրային երգչուհու ինքնագի՜ր: «Թուղթուգի՛ր»,- առարկություն չհանդուրժող շեշտով կասեր գրող բարեկամս: Բայց ով ինչ էլ ասի` ստորագրությունը շատ կարեւոր բան է: Հատկապես` ո՛վ է ստորագրողը, ի՛նչ է ստորագրում եւ ինչո՛ւ է ստորագրում: Այսօր լրահոսում կարդացի,  որ Վահան Խալաֆյանին ինքնասպանության հասցնողը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման: Հետո կարդացի, թե ինչ է կատարվել դատարանի դահլիճում վճռի ընթերցումից հետո... Այդ վճռի տակ ստորագրություն կա, չէ՞...



Սասուն Միքայելյանին տանում են հիվանդանոց, ինչ-որ բուժումներ են անում ու վերադարձնում բանտախուց: Արցախյան ազատամարտի հերոսը լուրջ, շա՛տ լուրջ հիվանդ է: Էդ, որ վերադարձնում են բանտախուց, ինչ-որ մեկը ստորագրում է, չէ՞, որ Սասունի վիճակը, համենայնդեպս, շատ լուրջ չէ...



Մի քանի օր առաջ թղթապանակներս էի նայում, հին լրագրեր գտա: Անգամ մոռացել էի ինչու եմ պահել սնդուկիս մեջ: Բացեցի էջերն ու` «Ովքեր ինչպես են քվեարկել «ԱրմենՏելի» եւ կոնյակի գործարանի սեփականաշնորհման որոշումը»: Ձեզ էլ եմ խորհուրդ տալիս, արխիվից հանեք ու նայեք. շա՜տ հետաքրքիր ստորագրություններ են...



Այդ նույն թղթապանակներից մեկում «հայտնաբերեցի» անցյալի այս խոսուն վկային` «Օրէնք պետական լեզւի մասին»: Մեր խառնակ օրերի մեջ, երբ միտք ու գաղափար առնելն ու ծախելը «էն գլխեն» արդարացված են, եթե ապահովված են  լավ «բիզնես-ծրագրով», երբ արժեքն ընկալվում է որպես «լավ գին»` մաքուր, զուլալ մտքի, ազնիվ գաղափարի հետ հանդիպումը բալասանի պես մի բան եղավ ինձ համար: Կուզենամ, որ դուք էլ կարդաք, ու թեեւ վստահ եմ, թե ինչպիսին կլինի ձեր եզրահանգումը, թույլ տվեք մեկ անգամ էլ փաստեմ, որ այս ստորագրությունն անժամկետ է: Ու ոչ միայն, որ պատկանում է Լեւոն Շանթին:



Օրէնք պետական լեզւի մասին.

Հաստատւած է 1919 թ. դեկտեմբերի 25-ին




1.  Հայաստանի Հանրապետութեան պետական լեզուն հայերէնն է եւ պարտադիր զօրքի ու բոլոր պետական եւ հասարակական հաստատութիւնների մէջ: Այլ լեզուների գործածութիւնը պետական ու հասարակական հիմնարկութիւնների մէջ սահմանւում է յատուկ օրէնքով:



2. Պետական եւ հասարակական հաստատութիւնները պարտաւոր են վեց ամսւայ ընթացքում հայերէնը դարձնել պետական գործավարութեան պաշտօնական լեզու:



Փոխ. նախագահ Պարլամենտի Լեւոն Շանթ

Ի տ.Աւագ քարտուղարի  Ա. Սաֆրաստեան



Իսկականի հետ ճիշտ է.

Հանրային կրթութեան եւ Արւեստի մինիստրութեան գործավար




ՀԳ - Ես չգիտեմ՝ մարտի 1-ին կրակելու հրամանը ստորագրություն ունի՞, թե՞ ոչ: Ասենք, դա արդեն կարեւոր չէ: Որովհետեւ այդ ստորագրության զոհերն այլեւս չկան, բայց նրանց նզովքն էլ ժամկետ չունի:



Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ