Ագարակի քաղաքապետի եղբայրը ոստիկանությունում է

Ագարակի քաղաքապետի եղբայրը ոստիկանությունում է
Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի եղբայրը` 36–ամյա Մհերը, այս պահին Մեղրիի ոստիկանական բաժանմունքում է: Նա երեկ ոստիկանությունում  հայտարարություն է տվել, որ ինքն է հարվածել 41–ամյա գործարար Արսեն Հովհաննիսյանին: Հիշեցնենք, որ նոր տարվա առաջին օրերին քաղաքապետի ու գործարարի մտերիմների միջև կոնֆլիկտը գագաթնակետին է հասել: Քաղաքի հրապարակում հունվարի 7-ին նրանք վիճաբանել են, նույնիսկ բանը հասել է նռնակներին ու զենքերին:



Ըստ գործարար Արսեն Հովհաննիսյանի, քաղաքապետը քաղաքական հաշվեհարդար է տեսնում, քանի որ 2 տարի առաջ ՏԻՄ ընտրություններում նրանք չեն պաշտպանել Մխիթար Զաքարյանին: Վերջինս էլ մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում ժխտեց դա: «Նախկին քաղաքապետի բարեկամները  քաղաքապետարանի ենթակայության հաստատություններում են աշխատում: Եթե քեն ու ոխ ունենայի, բնական է, որ առաջինը նրանց պիտի ազատեի, չէ՞»,-ասաց Մ.Զաքարյանը: Ագարակի քաղաքապետի խոսքով, միջադեպը կենացաղային  է:



Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ իր եղբայրը` Մհերը, նկատողություն է արել գործարարի որդուն, որ մեքենան քաղաքում մեծ արագությամբ չվարի: Ի դեպ, Արսեն Հովհաննիսյանն ու նրա ազգությամբ ռուս կինը ՌԴ քաղաքացիներ են, ու նրանք հայտարարել են, որ «դիմելու են ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանություն, թե նրանց Ագարակում ճնշում  են»: Միջադեպի հետևանքով վնասվածքներ են ստացել Արսեն Հովհաննիսյանն ու Սոս Խաչատրյանը: Նրանք Ագարակի հիվանդանոցում երեկ առաջին բուժօգնություն ստանալուց հետո` հրաժարվել են մնալ ստացիոնար հսկողության տակ ու տուն են գնացել:



Հունվարի 8-ին մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում Ագարակի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ծաղիկ Վարդանյանն ասաց, որ տուժածների վիճակը բավարար է, բարդացումներ չեն եղել: Ոստիկանության Մեղրիի բաժանմունքից դեռ պաշտոնապես տեղեկություններ չեն տրամադրվում: Միայն ասում են, որ միջադեպի առիթով նյութեր են նախապատրաստվում: