Մթնոլորտը շիկացած է՝ բռնկվելու պատրաստ

Մթնոլորտը շիկացած է՝ բռնկվելու պատրաստ
Չգիտեմ որքանով է ճշգրիտ իմ զգացողությունը՝ որպես խմբագրի, բայց մեզ համար նկատելիորեն դժվարացել է աշխատելը: Գուցե թերթերի դեմ ձեռնարկվող դատական գործընթացներն են պատճառը:



Գուցե հասարակության մեջ քաղաքացիական գիտակցության բարձրացմանը զուգընթաց, մամուլի դերակատարությունն է մեծանում եւ ըստ այդմ՝ մեր նկատմամբ ուշադրությունը: Իսկ գուցե պարզապես «Հրապարակի» խոսքն է ավելի ընկալելի դարձել հասարակության մեջ: Ամեն դեպքում, այս երեւույթը մի կողմից դրական, մյուս կողմից բացասական է մեզ համար:



Դրականը, կարծում եմ, հասկանալի է, ավելի շատ մարդիկ են կարդում թերթը, արձագանքում, հետեւություններ անում: Եվ դա լավ է՝ մամուլը, որին հաճախ հանիրավի են չորրորդ իշխանություն կոչում, գուցե մոտենո՞ւմ է այդ կոչմանը: Չէ որ իշխանությունը, թեկուզ՝ չորրորդ, պետք է ոչ միայն արձանագրի ինչ-որ փաստեր, այլեւ լուծումներ հուշի, օգնի, որ երկրում թերությունները նվազեն: Իսկ բացասականը մեր աշխատանքում այն նյարդային լարումն է, որ ապրում ենք ամեն օր՝ նոր հայցադիմումի, մի ընթերցողի անհեթեթ հեռախոսազանգի, ոչ ճշգրիտ ընկալումի պատճառով:



Այս շաբաթն ընթացավ բժշկականի ռեկտոր Գոհար Քյալյանի «աստղի» ներքո: Երբ անցած շաբաթ օրը տպագրում էինք նրա՝ ուսանողների հետ հանդիպման մասին ռեպորտաժը, չէինք պատկերացնում, որ այն այդպիսի բուռն արձագանքների կարժանանա: Մի իսկական փոթորիկ: Անշուշտ, ամենաակտիվը, ինչպես իրենք են իրենց կոչում, «ֆեյսբուքահայությունն» էր: Սա մարդկանց մի մեծ խումբ է (ասում են՝ 170 հազար մարդ է Հայաստանից գրանցված այս սոցիալական կայքում), որ ապրում է ինտերնետում՝ քնում, սիրում, շփվում, գիտելիքներ ստանում, ինտրիգներ հյուսում, բամբասում, կռվում, բարեկամանում եւ այլն: Երբ մարդիկ իրար չեն տեսնում, հավանաբար ավելի հեշտ է դառնում շփումը, ոչ մի կոմպլեքս չի խանգարում:



Իսկ գրավոր տեքստը մի փոքր մտածելու ժամանակ է պահանջում եւ վեճը քաղաքակիրթ վարելու հնարավորություն տալիս, ինչը գրագետ մասսային դուր է գալիս: Մի խոսքով, «Ֆեյսբուքում» սկսված պատերազմում մարդիկ բաժանվեցին երկու բանակի՝ նրանք, ովքեր հավատում էին մեր հոդվածին, եւ նրանք, ովքեր չէին հավատում: Ընդ որում, չգիտես ինչու, սկսեցին մեզնից ձայնագրություն պահանջել: Ձայնագրություն, որտեղ լսվում են հոդվածում մեջբերված խոսքերը: Հասկանալի էր, որ մարդիկ կարող են չհավատալ, որ բուհի ռեկտորը՝ հայտնի մի կին, կարող է նման լեքսիկոնից օգտվել, հրապարակավ, այն էլ ուսանողների մոտ, նման արտահայտություններ անել:



Ամենահետաքրքիրն այն էր, որ մենք ամեն օր տասնյակ հոդվածներ ենք հրապարակում, դրանցից մի մասում ոչ պակաս կուրիոզ խոսքեր են մեջբերվում, սակայն ոչ ոք երբեւէ մեզնից ձայնագրություն չի պահանջել: Ոչ ոք չի կասկածել, որ մենք կարող ենք խեղաթյուրել կամ աղավաղել մարդկանց խոսքերը, մեր կողմից, բայց նրանց բերանով ինչ-որ տեքստեր ասել: Ուրեմն ինչո՞ւ այս անգամ կանգնեց այդ հարցը: Եվ ամենակարեւորը՝ ոչ թե իր՝ Գոհար Քյալյանի, այլ տարբեր անձանց կողմից, որոնց մենք պարտավոր էլ չենք որեւէ բան ապացուցել: Քանզի նրանք դատարան չեն, տուժող չեն, կողմ չեն, նրանց շահերն ու իրավունքները որեւէ կերպ չեն ոտնահարվել:



Եվ ընդհանրապես, այն չարությունը, որ կա մթնոլորտում, կասկածների ու անվստահության ավելցուկը, ուղղակի թույլ չի տա, որ որեւէ լավ բան ծնվի ու ապրի այս հողի վրա: Ասենք, ինչքան պետք է ապականված միտք ունենա մարդը, որ Գոհար Քյալյանի հանդիպման մասին մեր ռեպորտաժը նրան հանգեցնի այն մտքին, որ Սերժ Սարգսյանի փեսան ուզում է Քյալյանին վարկաբեկել մեր միջոցով, եւ նա է այդ հոդվածի «պատվիրատուն»: Այսինքն, մենք ի՞նչ պետք է անեինք, որ նման կասկածի տեղիք չտայինք. պետք է ճշտեինք Միքայել Մինասյանի բոլոր թշնամիներին ու նրանց դեմ հոդվածներ չգրեի՞նք, պետք է խուսափեինք մեր ընթերցողին հետաքրքրող հանդիպումը ներկայացնելո՞ւց, թե՞ Միքայել Մինասյանի ու նրա մտերիմների դեմ հայհոյանքներ տպագրեինք:



Եվ մի բան էլ. լրագրողներին պետք չէ դիտել որպես ռոբոտներ, որոնք միայն որպես ձայնագրիչ են աշխատում եւ իրավունք ունեն միայն սղագրել այն, ինչ ձայնագրիչի ժապավենի վրա արձանագրված է: Ես, օրինակ, ամբողջ կյանքում աշխատել եմ թուղթ ու գրիչով: Մեր լրագրող Լուսինե Պետրոսյանը հսկայական հարցազրույցներ է անում առանց ձայնագրելու՝ միայն հիշողությամբ, եւ երբեւէ դեպք չի եղել, որ որեւէ մեկը դժգոհի, թե իր խոսքը խեղաթյուրվել է: Ի վերջո, լրագրողի ու լրատվամիջոցի տարիների աշխատանքը ձեր աչքի առաջ է, եւ եթե մենք ձեզ կասկածների տեղիք ենք տվել, շպրտեք «Հրապարակը» գրողի ծոցը եւ կարդացեք այն թերթերը, որոնց հավատում եք:



Ի պատիվ Գոհար Քյալյանի պետք է ասել, որ խորհրդի նիստի ժամանակ հաշվետվություն տալիս նա հայտարարել է, որ չի պայքարելու մամուլի դեմ, եւ յուրաքանչյուր լրատվամիջոց ունի ազատ գրելու իրավունք: Լավ կլիներ իրենց դեմոկրատ հռչակած տարբեր անձինք եւս նման մոտեցում դրսեւորեին: