Կեղծ մտահոգություն

Կեղծ մտահոգություն
Այս եզրահանգման ենք գալիս` կարդալով Միլի Մեջլիսի պատգամավոր Այդին Միրզազադեի ելույթը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչների վերաբերյալ: Նրա խոսքով` ղարաբաղցիները փաստացի գերու կարգավիճակում են ապրում, քանի որ նրանցից ոչ բոլորն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, իսկ ԼՂՀ անձնագիրը լուրջ չի ընդունվում աշխարհում: Դրանով ադրբեջանցի պատգամավորը փորձում է սեպ խրել հայկական երկու պետությունների բնակիչների միջեւ` ընդգծելով արցախցիների ոչ նախանձելի վիճակը:



Այդին Միզազադեն մոռացել է, թե ով է արցախահայության այսօրվա վիճակի մեղավորը: Այն, որ Արցախի անձնագրով քաղաքացիներին հաճախ մերժում են արտասահմանյան դեսպանատներում, Ադրբեջանի ամենօրյա քարոզչությանն արդյունքն է: Ադրբեջանցիները իրենց ինքնորոշման իրավունքն իրացրած ժողովրդին աշխարհին ներկայացնում են որպես ագրեսոր եւ օկուպանտ:



Եթե ադրբեջանցի պատգամավորն այդչափ մտահոգված է Արցախի բնակչության խնդիրներով, ապա թող իր երկրի ղեկավարությանը կոչ անի չընդդիմանալ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանը, որից հետո արցախահայությունը կարող է ազատորել մեկնել աշխարհի ցանկացած երկիր: Այդին Միրզազադեի ելույթից նաեւ հասկանալի է դառնում, որ ադրբեջանցիները փորձում են աշխարհին ցույց տալ, թե իրենց համակարտությունը ոչ թե Արցախի «գերու» կարգավիճակում ապրող բնակչության հետ է, այլ Հայաստանի իշխանությունների, որոնք «ստրկացրել են» ղարաբաղցիներին: