Դրախտն իրականություն է

Դրախտն իրականություն է
Չորսամյա ամերիկացի տղան, իր խոսքերով, եղել է դրախտում եւ վերադարձել` այնտեղ տեսնելով աստվածաշնչյան հերոս Սամսոնին, իր նախապապին, փոքր քրոջը եւ Հիսուսին: Հիսուսին նկարագրելիս տղան ասել է, որ նա ծովի նման կապույտ աչքեր ուներ, որոնք մի տեսակ փայլում էին:



Երեխայի պատմությունը նրա քահանա հայրը գրի է առել, եւ «Դրախտն իրականություն է» վերնագրով գիրքն այսօր գլխավորում է ամերիկյան ոչ գեղարվեստական բեսթսելլերների տասնյակը: Պատվերները գնալով աճում են, թեեւ գիրքն առանձնապես չի գովազդվել. մարդիկ այն գնում են՝ պարզապես մեկը մյուսից լսելով դրա մասին:



Դրախտի մասին պատմություններ շատ կան, շատ են նաեւ գրքերը: Բայց այս մեկն առանձնանում է նրանով, որ պատմողը չորս տարեկան երեխա է: Երեխայի հայրը` Թոդը, «Սի Էն Էն» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ պատմել է, որ երեխան` Քոլթոնը, պատմությունը պատմել է մաս-մաս` իր վիրահատությունից ամիսներ անց: Երեխային տեղափոխել են հիվանդանոց, երբ նրա կույր աղիքն արդեն պայթած է եղել: Ապաքինումը եղել է դանդաղ ու երկարատեւ: «Մենք սկզբում լուրջ չընդունեցինք Քոլթոնի վկայությունը,- պատմում է հայրը,- մանրամասներն էին, որ համոզեցին մեզ: Քոլթոնը մորը պատմեց, որ դրախտում տեսել է իր փոքր քրոջը, որը, նրա նկարագրելով, մուգ մազերով ու մեր ավագ դստերը` Քեսսիին նման երեխա է եղել»: «Քո փորիկում երեխա է մահացել, չէ՞, մամա,-հարցրեց Քոլթոնը մորը,- այդ նա էր այնտեղ»: «Բանն այն է,- շարունակում է Թոդը,- որ կինս մի քանի տարի առաջ երեխա է կորցրել, բայց որդիս այդ մասին ոչ մի կերպ չէր կարող իմանալ, որովհետեւ մենք նրան ոչինչ չէինք ասել»: Երեխայի հայրը բողոքել է, որ իրենց մեղադրում են անազնվության մեջ:



Համացանցում հայտնվել են անանուն գրություններ, որոնց հեղինակները մեղադրում են երեխայի ծնողներին գումար վաստակելու նպատակով խաբեության դիմելու մեջ: Թոդը հավատացնում է, որ իրենք երբեք չեն կարծել, թե գիրքն այդքան լավ կվաճառվի: «Մենք աղոթում էինք, որ գոնե հրատարակիչը հանի իր ծախսը»: Այսպես թե այնպես, ընտանիքը գումարի մեծ մասը բարեգործության է հատկացնելու, իսկ մնացյալով տունն են վերանորոգելու:



Քոլթոնը, որ գրքի կազմի վրա պատկերված շեկ, կլոր դեմքով սիրունիկ երեխա է, իր պատմությունն իմիջիայլոց պատմելով, ասել է, որ ինքն ուրախ է, որ մարդիկ հավանում են այն: «Մարդիկ օրհնվում են, եւ ես շատ ուրախ եմ, որովհետեւ նրանք բուժվելու են իրենց վերքերից»: Դրախտ այցելած փոքրիկը տեսել էր նաեւ Հիսուսի ափերի վերքերը, որոնց մասին նույնպես, հոր խոսքերով, նա չէր կարող իմանալ:



Իսկ մինչ այս, մինչ այն, «Դրախտն իրականություն է» գիրքը հավակնում է դառնալ բոլոր ժամանակների ամենաընթերցվող գրքերից մեկը: Նրա տպաքանակն արդեն իսկ անցել է մեկեւկես միլիոնի սահմանը: