Նախարարը սպառնում է քաղաքացիներին

Նախարարը սպառնում է քաղաքացիներին
«Մի մասնակցեք հանրահավաքին». սա Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովի կոչն է քաղաքացիներին: Նա հիշեցրել է, որ այն հավաքները, որոնք սանկցիավորված չեն իշխանության կողմից, արգելվելու են ոստիկանների միջամտությամբ: Ռամիլ Ուսուբովը հուսով է, որ քաղաքացիները չեն մասնակցի ընդդիմադիր ուժերի հանրահավաքին:



«Կազմակերպիչները նախօրորք տեղյակ են, որ ոստիկանությունը թույլ չի տա հանրահավաք անցկացնել եւ հրապարակային հայտարարություններով հանդես գալ, արդյունքում դիմադրություն կառաջանա, իսկ դա կգնահատվի որպես դիմադրություն ոստիկանությանը, ինչին էլ քրեական գնահատական կտրվի, կհարուցվեն քրեական գործեր, եւ կազմակերպիչներն ու ակտիվ մասնակիցները պատասխան կտան օրենքի առջեւ»,- քաղաքացիներին «AzTV» պետական հեռուստաալիքի եթերից բաց տեքստով սպառնացել է նախարարը:



Ռամիլ Ուսուբովի խոսքով` ադրբեջանցիներից շատերը դեմ են ապօրինի հանրահավաքներին, իսկ Ներքին գործերի նախարարությունը բավարար ուժ ունի նման գործողությունները ճնշելու համար: Նշենք, որ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը մշտապես մերժում է ընդդիմության կողմից ներկայացված վայրում հանրահավաք անցկացնելու հայտը ` նրանց առաջարկելով ակցիան անցկացնել քաղաքի ոչ մարդաշատ հատվածում, ինչի հետ չեն համաձայնում ընդդիմադիր գործիչները:



Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական վարչության ղեկավար Ալի Հասանովը հայտարարել էր, թե իշխանությունները նորմալ են վերաբերվում ընդդիմության կողմից կազմակերպվող հանրահավաքներին: Ընդդիմադիր ուժերը ծրագրում են հանրահավաք անցկացնել ապրիլի 2-ին, ժամը 14:00-ին Բաքվի Շատրվանների հրապարակում:



Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության քարտուղար Մուբարիզ Գուրբալդին ադրբեջանական «Trend» գործակալության հետ զրույցում կարծիք է հայտնել, թե ռադիկալ ընդդիմությունը ոչ թե հանրահավաք է փորձում անել, այլ հանրահավաքային շոու, որպեսզի ցույց տա, թե գոյություն ունի քաղաքական ոլորտում:



Նա ընդդիմադիրներին մեղադրել է հայկական լոբբիի ազդեցության տակ ընկելու եւ երկրի հասարակական-քաղաքական կայությունը խաթարելու մեջ: Մուբարիզ Գուրբալդիի խոսքով` ադրբեջանական ընդդիմությունը ֆինանսավորվում է արտասահմանից` գրանտների տեսքով, իսկ գրանտներ տրամադրող կազմակերպություններում մեծ դերակատարություն ունեն հայկական գործիչները: