Ադրբեջանաիրանական «սառը պատերազմ»

Ադրբեջանաիրանական «սառը պատերազմ»
Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Ադրբեջանցիները Սովետական Միության փլուզումից հետո մշտապես զգուշանում են իրենց երկրում Իրանի ազդեցության ընդլայնումից:



Ադրբեջանցի քաղաքագետները կարծում են, որ ներկայումս Իրանի իշխանությանը չի հաջողվի ընդլայնել իր ազդեցությունն իրենց երկրում: «Իրանն իսկապես փորձում է ապակայունացնել իրավիճակն Ադրբեջանում, բայց նման հնարավորություն չունի: Ադրբեջանն այդքան թույլ պետություն չէ, որպեսզի չկարողանա դիմակայել Իրանին»,- ադրբեջանական «Էխո» թերթի հետ զրույցում ասել է Քաղաքական նորարարությունների եւ տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուն: Ադրբեջանցի քաղաքական գործիչներն Իրանին մեղադրում են Ադրբեջանում իսլամական ըմբոստություն հրդեհելու մեջ, որը թուլացնում է Իլհամ Ալիեւի քաղաքականությունը:



«Իսկ դա իր հերթին երկիրը պակաս անվտանգ է դարձնում ամերիկյան եւ եվրոպական ներդրումների համար: Իրանը չի ձգտում Ալիեւին գահընկեց անել, բայց ուզում է ապակայունացնել իրավիճակն այնպես, որպեսզի այն վախեցնի արեւմտյան ներդրողներին»,- կարծում է Մերձավոր Արեւելքի եւ Պարսից ծոցի ինստիտուտի փորձագետ Թեոդոր Կարասիկը:



Բաքուն ճանապարհներ է փնտրում իրանական «Seher» հեռուստաալիքի հեռարձակումն Ադրբեջանի տարածքում արգելելու համար: Ադրբեջանցիները մեղադրում են հեռուստաընկերությանը իրենց ներքին հարցերին միջամտելու մեջ` նշելով, որ «Seher»-ն ադրբեջաներենով քննադատում է Ադրբեջանի իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունը: Չնայած նրան, որ Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները մշտապես ջերմ մթնոլորտում են անցնում եւ միմյանց եղբայր մնալու խոստումներով են ավարտվում` ադրբեջանական լրատվամիջոցները գրեթե ամեն օր հակաիրանական տեղեկատվություն են տարածում: Իսկ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ալի Հասանովը վերջերս հայտարարել էր, թե «Ադրբեջանում անկարգություններ սադրելու Իրանի ջանքերը հակասում են երկու կողմերի միջեւ ստորագրված համաձայնագրին, ըստ որի, երկրները չպետք է գործեն` հակասելով միմյանց շահերին»:



Նշենք, որ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհամադ Բաքեր Բահրամին պարբերաբար հայտարարում է, որ Իրանը չի փորձում միջամտել Ադրբեջանի ներքին հարցերին: Բաքուն Իրանին մշտապես մեղադրել է նաեւ Ադրբեջանի Իսլամական կուսակցությանը հովանավորելու մեջ: Կուսակցության ժամանակավոր նախագահ Էլչինա Մանաֆովը հայտարարել է, որ ապրիլի 8-ին հակաիշխանական հանրահավաք է անցկացնելու, որին մասնակցելու է 10 հազար մարդ: «Մարդիկ ցանկանում են անաստվածության դեմ դուրս գալ, մենք կորցնելու բան չունենք: Մեր արժեքները պաշտպանելու համար մենք պատրաստ ենք դառնալ Աստծո տառապյալները մեր երկրի եւ ազգի համար»,- ասել է Ադրբեջանի Իսլամական կուսակցության ղեկավարը: Նշենք, որ ապրիլի 2-ին «Հանրային պալատ» ընդդիմադիր ուժը փորձել է բողոքի ակցիա անցկացնել Բաքվում, որի ընթացքում ոստիկանները բռնի ուժով ցրել են քաղաքացիներին` նրանց ծեծելով եւ արցունքաբեր գազ օգտագործելով:



Քաղաքացիները պահանջում էին իշխանության հրաժարականը: Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անտեսել ժողովրդի արդարացի պահանջը` ընդդիմադիր շարժումներին մեղադրելով «դրսից պատվեր» կատարելու մեջ: «Մեր երկիրը պետք է հասկանա, որ Իրանը թշնամաբար է վերաբերվում Ադրբեջանին, եւ հնարավոր է, որ Թեհրանի այս քաղաքականությունը շարունակվի»,- կարծում է Քաղաքական նորարարությունների եւ տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուն: Նրա խոսքով` Բաքուն պետք է Արեւմուտքի եւ Ռուսաստանի ուշադրությունը հրավիրի Իրանի հակաադրբեջանական քաղաքականության վրա: Իսկ ներքին լսարանի համար փորձագետը այլ քայլ է հուշում իշխանությանը: «Ադրբեջանի կառավարությունը պետք է բացատրի հասարակությանը, որ հեղափոխական իրադարձություններն արաբական երկրներում անարդյունք են, դրանից հետո մեր երկրում հանրահավաքների թիվը զգալիորեն կկրճատվի»,- ասել է Մուբարիզ Ահմեդօղլուն: