Համշենահայերի «վտանգավորությունն» ենք քննարկում

Համշենահայերի «վտանգավորությունն» ենք քննարկում
Մամուլում լուրեր են շրջանառվում, թե Ղրղզստանում բնակվող համշենահայ 200 ընտանիքներ ցանկանում են բնակություն հաստատել Արցախում։ Համշենահայերին Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու ծրագրի մշակման նպատակով համայնքի ղեկավար Ռուսլան Կարաբաջակովը ժամանել է Երեւան, որպեսզի համշենահայերի՝ Արցախում բնակության համար առավել հարմար վայր ընտրի։ Թե որքանով կիրականանա այս ծրագիրը, ցույց կտա ժամանակը։



Հիշեցնենք, որ դեռեւս 1984 թվականին քրիստոնյա համշենահայերին Կրասնոդարի երկրամասից եւ Աբխազիայից, իսկ մահմեդական համշենահայերին՝ Միջին Ասիայից փորձ է արվել տեղափոխելու Լոռու գյուղերից մեկը, սակայն Սպիտակի երկրաշարժից հետո այդ ծրագիրը չի իրականացել։



Օրերս ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը ողջունել է համշենահայերի՝ Արցախ տեղափոխվելու եւ այնտեղ բնակություն հաստատելու որոշումը, միաժամանակ, ի պատասխան լրագրողներից մեկի հարցին, թե վտանգ չե՞ն ներկայացնի արդյոք մահմեդականացված համշենահայերի 200 ընտանիքները ԼՂՀ անվտանգության համար, հույս է հայտնել, որ նրանց առջեւ կրոնափոխ լինելու եւ քրիստոնեություն ընդունելու պայման պետք է դրվի, եւ ժամանակի հետ այդ մարդիկ հավատափոխ կլինեն ու կվերադառնան իրենց քրիստոնեական արմատներին։



Սակայն մարդն ինքը պիտի որոշի, թե ինչ է դավանում կամ երկնային կուռքերից որին է տալիս նախապատվությունը: Արցախի հողի վրա դեռ ոտք չդրած համշենահայերի առջեւ ինչպե՞ս կարելի է նման նախապայմաններ դնել: Սա առնվազն տարակուսանք է հարուցում։