Վարորդը կալանավորվել է

Վարորդը կալանավորվել է
Մայիսի 15-ին Վանաձոր-Ալավերդի ավտոմայրուղու 30-րդ կիլոմետրին տեղի ունեցած պատահարի կապակցությամբ «ԳԱԶ-3110» մակնիշի 65 LU 650 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Արսեն Կիրակոսյանը կալանավորվել է։ Հիշեցնենք, որ ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, ընկել էր գետը։



Պատահարից հրաշքով փրկվել էր միայն վարորդը՝ Արսեն Կիրակոսյանը, իսկ մեքենայում գտնվող 4 ուղեւորներին գետը քշել էր։ Նույն օրը հայտնաբերվել էին խեղդվածներից միայն երկուսի մարմինները, իսկ մյուս երկուսի դիակները մինչ օրս չկան։



Փաստի առթիվ Լոռու ոստիկանության քննչականի Գուգարքի բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)։



Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու համար: Դատարանը բավարարել է միջնորդությունը։



Մեզ հետ զրույցում քննիչ Պարույր Գրիգորյանը նշեց, որ քրեական գործի նախաքննության ընթացքում արդեն իսկ ձեռք են բերվել բավարար ապացույցներ, ըստ որի՝ Արսեն Կիրակոսյանի կողմից թույլ է տրվել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի մարդկանց մահ։