ՀՀ-ն դարպասաձողի կարգավիճակում

ՀՀ-ն դարպասաձողի կարգավիճակում
Թուրքիայի տարածքում օրեր առաջ ավերիչ երկրաշարժը պատճառ դարձավ հերթական անգամ արժանանալու Թուրքիայի՝ մեր նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքին: Իսկ նման վերաբերմունքը, իմ խորին համոզմամբ, հետեւանքն էր Թուրքիայի հետ այս իշխանությունների անպատասխանատու «ֆուտբոլային» կոչված դիվանագիտական խաղի: Որտեղ, ըստ իս, մենք հանդես եկանք ընդամենը դարպասաձողի կարգավիճակում: Եվ ինչպես դարպասաձողը՝ ֆիքսեցին միայն մեր առարկայական ներկայությունը: Երբ ստորագրեցինք հայ-թուրքական արձանագրությունների տակ, ըստ ամենայնի աքսիոմատիկ ճշմարտությունը վերածեցինք ապացուցման ենթակա թեորեմի: Քանի որ արձանագրություններով պահանջեցինք համապատասխան հանձնաժողով, որը պետք է քններ այդ հարցը:



Այս գործընթացից հետո մատնացույց արեք գեթ մի երկիր, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Մինչդեռ սպորտային դիվանագիտությունից առաջ չկար մի տարի, որ մի քանի երկիր չճանաչեին ցեղասպանությունը: Արդյունքում Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, երբ ՀՀ ոչ օրինակարգ իշխանություններն օգնության ձեռք մեկնեցին, այն արհամարհվեց: Իսկ ամենազավեշտալին թուրք վարչապետի արձագանքն էր՝ խայտառակ հեգնանքով, թե համակարգչում է տեսել, որ Հայաստանն օգնության առաջարկ է արել:



Այսինքն, պետական մակարդակի մեր նամակն անգամ ուշադրության չի արժանացել: Իհարկե, երեկ ընդունեցին մեր առաջարկած օգնությունը, բայց, համոզված եմ՝ եղավ այն բանից հետո, երբ Եվրոպան, հավանաբար նաեւ նախագահ Օբաման, հանդիմանեցին Թուրքիային՝ ՀՀ իշխանությունների մեկնած օգնության ձեռքն օդում թողնելու համար: Ինչ խոսք, թուրքերը պատահական չհրաժարվեցին առհասարակ միջազգային հանրության առաջարկած օգնությունից, քանզի Արեւմտյան Հայաստանի գոհարներից մեկը՝ Վան քաղաքն այժմ բնակեցված է քրդերով, եւ թուրքը հայտնի է՝ անտարբեր է նրանց ցավի հանդեպ:



Այս ամենի պատճառն անշուշտ այն է, որ չունենք լեգիտիմ, ժողովրդի կողմից ընտրված նախագահ, հետեւաբար, երբ խոսում ենք արտահերթ ընտրությունների մասին, նկատի ունենք հենց այս: Այժմ կարեւոր էլ չէ՝ այս իշխանությունները հետ կկանչե՞ն իրենց ստորագրությունն այդ չարաբաստիկ արձանագրությունների տակից, թե՞ ոչ: Եղածը եղած է, մենք արդեն մտանք այդ գետը եւ թրջվեցինք այնտեղ, մեր սրբության սրբոցն էլ սարքեցին մի թեմա, որն ապացուցման կարիք ունի՝ արհամարհելով երկու միլիոն մորթված հայի գերեզման:



Գուրգեն Եղիազարյան, ՀԱԿ անդամ