Երկնքում է որոշվում

Երկնքում է որոշվում
Տղամարդու եւ կնոջ համատեղելիության գաղտնիքը ո՞րն է: Ոմանց կարծիքով, շատ կարեւոր է, որ տղամարդն ու կինը համատեղվող աստղերի տակ ծնված լինեն, անգամ տեսություններ կան մշակված, թե որ աստղի տակ ծնվածին ով է համընկնում, եւ ում հետ չի կարելի կյանքը կապել: Բայց շուրջ բոլորն այդ տեսությունները հերքող իրողություններ են, ուստի ես դրանց լուրջ չեմ վերաբերվում:



Մյուս գերիշխող տեսակետն այն է, որ կա բնավորությունների, ճաշակների, հայացքների համընկնելիություն: Այստեղ արդեն ես կարող եմ առարկել սեփական անհաջող փորձից ելնելով՝ անգամ ճաշակների, հայացքների, սկզբունքների 100 տոկոսանոց համընկնումը երաշխիք չէ, որ տվյալ զույգը կկայանա:



Փոխարենը՝ ունեմ այդ տեսությանը հակասող բազում ապացույցներ. իմ վերջին "փորձը" դրա քայլող հերքումն է: Տարբեր հայացքների, ճաշակի, սկզբունքների առկայությունը չի խանգարում, որ տղամարդն ու կինը լիովին համընկնեն ու իրար հետ լավ զգան: Ուրեմն ո՞րն է գաղտնիքը: Ընկերուհիս, օրինակ, կարծում է, որ գաղտնիքը մարմինների համատեղելիության մեջ է:



Բայց ես դրան էլ համաձայն չեմ՝ իմ կյանքում եղել է "ցնցող սեքս", որը երկարատեւ հարաբերությունների չի հանգեցրել: Այսինքն՝ մարմինների համընկնումը հոգիների համընկնման երաշխիք չի եղել, եւ շատ արագ ավարտվել է այդ "հաճույքը": Ուրեմն ինչո՞ւմն է բանը: Ես կարծում եմ, որ տղամարդու եւ կնոջ հանդիպման հարցը որոշվում է ոչ երկրի վրա, այլ երկնքում: Ինչ-որ մի ուժ, ինչ-որ մի անտեսանելի ձեռք, ինչ-որ ամենատես աչք ընտրում է երկու տարբեր էակների եւ բերում-հանդիպեցնում իրար:



Միայն այդ անտեսանելի ուժի գոյությամբ կարելի է բացատրել, թե ինչպես է պատահում, որ երկու տարբեր մարդ, որոնք կարող էին մի ամբողջ կյանք ապրել ու երբեւէ չհանդիպել, ամենաանսպասելի դեպքերի բերումով հանկարծ հայտնվում են ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, եւ նրանց միջով ինչ-որ կայծ է անցնում, ու զգացմունքներ են ծնվում: Դա է պատճառը, որ երբ փորձում ես հասկանալ, թե ինչից է ծագել այդ զգացումը, ինչով է պայմանավորված այն, որպես կանոն, մարդիկ դժվարանում են ինչ-որ բացատրություն տալ:



Եւ երբ վերանում ես կոնկրետ մարդուց ու փորձում ես նկարագրել քո իդեալին, հաճախ այն քո իրական ընտրյալի հետ ոչ մի ընդհանուր բան չի ունենում: Սերը քիմիական ռեակցիա, պատահականություն, սովորույթ կամ ցեղի վերարտադրության եղանակ դիտողները չարաչար սխալվում են: Կնշանակի՝ նրանք չեն հասկացել սիրո խորհուրդը եւ վերերկրային այդ զգացումը շփոթել են երկրային ճղճիմ հարաբերությունների եւ մանր-մունր կենցաղային վիճակների հետ:



Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ