Հանրապետականների խնջույքից տուժում են վարորդները

Հանրապետականների խնջույքից տուժում են վարորդները
Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն Էջմիածնի «Վան» ռեստորանում նշում էր ՀՀԿ հաղթանակը Նուբարաշենի ՀՀԿ ակտիվի հետ: Մինչ նախագահ Սարգսյանն իր կուսակիցների հետ նշում էր կուսակցության հաղթանակը, Ճանապարհային ոստիկանության տասնյակ աշխատակիցներ բառիս բուն իմաստով տեռորի էին ենթարկում ՀՀ ոչ հանրապետական քաղաքացիներին: Խնդիրն այն է, որ նախագահ Սարգսյանի՝ Էջմիածնում գտնվելու ընթացքում Երեւան-Էջմիածին խճուղին հսկում էին տասնյակից ավելի ՃՈ մեքենաներ. ամեն կես կիլոմետրի վրա՝ մի մեքենա: Բայց նրանք ոչ միայն հսկում էին ճանապարհը, այլեւ ձեռքի հետ զբաղվում այդ ճանապարհով անցնելու դժբախտություն ունեցող վարորդների ահաբեկմամբ: Այլ բան դժվար է այս դեպքում ասել, քանի որ մարդուն 10 րոպեի ընթացքում երեք-չորս անգամ կանգնեցնելը եւ երթեւեկության կանոնները խախտելու մեջ մեղադրելը չի կարող օրինաչափություն համարվել: Այնպես որ, նախագահ Սարգսյանն ավելի լավ կանի մարզ գնալիս չօգտվի ՃՈ պարեկային ծառայությունից. դրանից ոչ մի օգուտ չկա՝ բացի շարքային քաղաքացիներին պատճառվող հսկայական գլխացավանքից եւ ֆինանսական կորուստներ պատճառելուց: