Հ1-ը հայ մանուկներին սովորեցնում է ստել և օրենք խախտել

Հ1-ը հայ մանուկներին սովորեցնում է ստել և օրենք խախտել
Սեպտեմբերի 30-ին կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2012» միջազգային հեռուստատեսային երգի մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլը և որոշվեց Հայաստանի ներկայացուցիչը:




ժյուրիի և կարճ հաղորդագրությունների միջոցով քվեարկությունների (50/50 հարաբերակցությամբ) արդյունքում հաղթող ճանաչվեց Compass band-ը` իր «Sweetie baby» երգով: Միջոցառումը հեռարձակվեց Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության կողմից, 19:00, այն դեպքում երբ պաշտոնապես, որպես միջոցառման սկիզբ, հայտարարվել էր 19:30-ը: Սակայն այս «աննշան» հարցին կանդրադառնանք ավելի ուշ:


Կատարենք մի փոսքրիկ էքսկուրս Մանկական Եվրատեսիլյան պատմության էջերով:Մանկական Եվրատեսիլ 2009` Հայաստանը ներկայացրեց Լուարա Հայրապետյանը և իր փայլուն ելույթով բերեց Հայաստանին 2-րդ պատվավոր տեղը: Սակայն արդյոք ուներ Լուարան հայաստանյան նախընտրականին մասնակցելու, առավել ևս Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնելու իրավունք: Ըստ Եվրատեսիլյան կանոնի մասնակիցը պետք է լինի տվյալ երկրի քաղաքացի կամ հայտը ներկայացնելու պահին պետք է անընդմեջ ապրած լինի տվյալ երկրում առնվազն 2 և կես տարի, իսկ Լուարա Հայրապետյանը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ապրում էր Աստրախան քաղաքում, ավելին, 2008-ին մասնակցել և հաղթել էր «Слօвянский Базар» միջազգային մրցույթում, հանդես գալով ՌԴ-ի դրոշի տակ: 



Մանկական Եվրատեսիլ 2010` Վլադիմիր Արզումանյանը, ով կրկին Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէր և բնակվում է ԼՂՀ-ի Ստեփանակերտ քաղաքում, պատվով ներկայացավ մրցույթում և հաղթանակ բերեց Հայաստանին: Սակայն, նախընտրականի մասնակիցներից մեկը կիսաեզրափակիչ փուլում հանդես եկավ «+» ֆոնոգրամմայով` խախտելով Եվրատեսիլյան օրենքը ու, չնայած այդ կոպիտ խախտմանը, շարունակեց պայքարը եզրափակչում և անգամ զբաղեցրեց առաջատար դիրք: Հանրային Հեռուստաընկերության նախագահ Ալեքսան Հարությունյանին մատնանշվեց այս փաստը և պահանջ ներկայացվեց որակազրկել տվյալ խումբը և հանել մրցույթից, որի արդյունքում մասնակիցների դիրքերի լուրջ փոփոխություն էր տեղի ունենալու. 4 մասնակից հավաքում էին հավասար միավորներ և Վլադիմիր Արզումանյանի փոխարեն, Հայաստանը կներկայացներ ոչ պակաս տաղանդավոր երգչուհի Լիդուշիկը: Ալեքսան Հարությունյանը խնդրեց լռել այդ մասին, պատճառաբանելով այն, որ Եվրոպան չի հանդուրժի նման օրինազանցություն և կորակազրկի Հայաստանը, կմերժի մասնակցությունը Եվրատեսիլում առհասարակ և կենթարկի տուգանքի: Ուստի երկրի շահը դարձավ ԳԵՐԱԿԱ և բողոքող կողմը լռեց:



 



Մանկական Եվրատեսիլ 2011` Այդ տարի Եվրատեսիլի նախընտրական փուլի պրոդյուսեր հանդիսացավ Շարմ ընկերության հիմնադիրներից մեկը` Գրիգոր Նազարյանը, որի ընկեր` Արթուր Ասատրյանը (Գ. Նազարյանի հիմնած «Ինգա և Անուշ Արշակյաններ» նախագիծի պրոդյուսեր) ներկայացնում էր Դալիթա երգչուհուն, նրա դուստր` Էմմա Ասատրյանն էր երգի հեղինակը, Գրիգոր Նազարյանի կինը` Լիլիթ Մարգարյանը, կարեց շոուի հագուստները: Եվ վերջապես` Շարմ ընկերության տնօրեն` Կարեն Կազարյանը և Շարմ ՈՒՀԱ-ի (КВН) անդամ` Ռուբեն Թումանյանը ներկայացնում էին «անաչառ» ժյուրին: Գրիգոր Նազարյանի «անկողմնակալ» մոտեցումը իրեն զգացնել էր տալիս մրցույթի ողջ ընթացքում, ինչի արդյունքում Դալիթան իր «շատ լավ մտածված» շոուի շնորհիվ հաղթեց և ներկայացրեց Հայաստանը:



 



Մանկական Եվրատեսիլ 2012` Հանրային Հեռուստաընկերությունը գերազանցեց ինքն իրեն: Այս տարի խախտումները սկսվեցին արդեն իսկ հայտերն ուսումնասիրելու պահից, փոխարենը մանրամասն ուսումնասիրվեր մասնակիցների եվրատեսիլյան կանոններին համապատասխանությունը, ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ խումբը իր վրա էր վերցրել ժյուրիի պարտականություն և լավ ու վատ երգերի ու երգիչների ընտրություն էր կատարում: Դրա հետևանքով նախընտրական փուլին մասնակցելու հնարավորությունից զրկվեցին մի շարք տաղանդավոր երեխաներ և խմբեր: Ոտնահարվեցին երեխաների իրավունքները: Սակայն, բողոքների ու հետևողական պայքարի արդյունքում մի քանիսը ի վերջո ընդգրկվեցին արդեն իսկ հայտարարված վերջնական ցուցակում: Անդրադառնանք 19: 30-ի փոխարեն 19:00-ին ուղիղ երերով հեռարձակվող միջոցառման սկսվելու փաստին: Եվրատեսիլյան կանոնին համապատասխան երգի տևողությունը պետք է լինի 2 րոպե 30-45 վայրկյան, գումարած 30-45 վայրկյան ելույթների հայտարարում, ուստի յուրաքանչյուր ելույթի համար անհրաժեշտ ժամանակն է մոտ 4 րոպե: Միջոցառման հայտարարված և փաստացի հեռարձակման ժամանակային տարբերությունն էր 30 րոպե: 30 րոպե բաժանած 4 րոպե յուրաքանչյուր ելույթի համար հավասար է 7-8 մասնակից զրկվեց հեռուստադիտողի գնահատականից, որ իրականացվում է կարճ հաղորդագրությունների միջոցով (քվեարկությունը սկսվում է անմիջապես առաջին ելույթից):



 



 



Ըստ Եվրատեսիլյան կանոնների, կարճ հաղորդագրություններով հավաքած միավորնեը, ժյուրիի հավասար գնահատականի դեպքում, ունեն առավելություն: Այս տարի Բելգիայում կայացած նախընտրականի կիսաեզրափակչի արդյունքները համարվել են չեղյալ՝ հեռարձակումը ընդամենը 15 րոպե շուտ սկսելու պատճառով, և քաղաքացիներին փոխհատուցվել են կարճ հաղորդագրությունների վրա ծախսված գումարները: Եվ ի վերջո հաղթող խմբի անդամներից մեկի տարիքի անհամապատասխանություն: Եվրատեսիլյան խիստ կանոն` մասնակցի տարիքը պետք է լինի 10-15, մինչդեռ խմբի անդամ` Միքայել Վարոսյանը 9 տարեկան է: Այլ մասնակիցների ղեկավարներից ոմանք անդրադարձել էին այս փաստին դեռ մրցույթից առաջ, սակայն իրենց կազմկոմիտեից հավաստիացրել էին, որ ամեն բան նորմալ է:



 



Ի՞նչ կասի Եվրոպական Հեռարձակողների Միությունը (EBU) Հայաստանի կողմից եվրատեսիլյան կանոնների բազմաթիվ խախտումների վերաբերյալ:

Թերևս այս անգամ էլ Պետության շահերը ընդունենք ԳԵՐԱԿԱ և, Հայաստանի հեղինակությունը չվտանգելու գերնպատակով առաջնորդվելով, չհանենք մեր կեղտոտ լվացքը ի տես միջազգային հանրության:



 



ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ հրատապ կերպով չեղյալ համարել ընտրության արդյունքները և կազմակերպել նոր ընտրություն` ժյուրիի բաց քվեարկությամբ:



 



ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ քաղաքացիներին փոխհատուցել կարճ հաղորդագրությունների վրա ապարդյուն ծախսված գումարները:



 



ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ պատժել Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության ղեկավար կազմին` զբաղեցրած պաշտոններում պարտականությունները լավ չկատարելու, օրինազանցություններ թույլ տալու, երեխաներին հոգեբարոյական վնաս հասցնելու, մանուկների բարոյական նորմերի խեղաթյուրման մեղադրանքի հիման վրա:



 



ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՈՏՆԱՀԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՆԻ ԽԻՍՏ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ:



 



ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ մասնակից երեխաներին հասցված հոգեբարոյական վնասի փոխհատուցում:



 



Հարգանքով,

«Տաղանդավոր Սերունդ» մանկապատանեկան,վ երիտասարդական ՀԿ-ի նախագահ Միքայել Մարգարյան