Մահացու վտանգավոր գրքեր․ ի՞նչ են փնտրում գրադարաններում

Մահացու վտանգավոր գրքեր․ ի՞նչ են փնտրում գրադարաններում

Եվրոպայում զանգվածաբար ստուգումներ են իրականացվում գրադարաններում՝ 19-րդ դարի՝ ենթադրաբար մկնդեղ պարունակող հրատարակությունների հայտնաբերման համար, հայտնում է ֆրանսիական Europe1 հեռուստաալիքը։
«Վերջին շաբաթների ընթացքում հազարավոր գրքեր, որոնք նախկինում աղտոտված էին մկնդեղով, հանվել են գերմանական գրադարաններից: 

Պատճառը՝ կանաչ պիգմենտ, որն օգտագործվում էր 19-րդ դարում կաշին ներկելու համար (որից պատրաստում էին գրքի կազմերը - խմբ.)։ Հարևան Էլզասում ստուգում է անցկացվում նաև Ստրասբուրգի ազգային և համալսարանական գրադարանում»,- ասվում է նյութում։

Ազգային և համալսարանական գրադարանի աշխատակից Ժերոմ Շվեյցերը բացատրել է, որ գրքերի կանաչ շապիկները 1840-ականների նորաձևության մի մասն էին: Կանաչ պիգմենտը պարունակում էր մկնդեղ, որի շնչումը կարող է հանգեցնել փսխման, իսկ երկարատև ազդեցության դեպքում՝ քաղցկեղի առաջացման, ասել է նա։

Շվեյցերի խոսքով՝ վտանգավոր հրատարակությունների որոնումը կարող է ամիսներ տևել միայն Ստրասբուրգի գրադարանում։ Գտնված գրքերը թվայնացվում են և հայտնվում փակ տարաներում։