Սարյանի տուն-թանգարանի վերակառուցումը ձգձգվում է

Սարյանի տուն-թանգարանի վերակառուցումը ձգձգվում է
Չնայած Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի վերակառուցման նախագիծը վաղուց արդեն կա, բայց վերանորոգման աշխատանքներն ընթացք չեն ստանում: Մինչդեռ թանգարանի վերանորոգման հարցն առաջ էր քաշվել հենց Սերժ Սարգսյանի կողմից, երբ վերջինս մեկ տարի առաջ, ամռանը, այցելել էր թանգարան, մոտիկից  ծանոթացել առկա խնդիրներին, ինչից հետո որոշվել էր փոքր-ինչ մեծացնել թանգարանի տարածքը, անգամ 4-րդ հարկ կառուցել: Թե ինչ ընթացքի մեջ է թանգարանի վերակառուցման հարցը, ճշտեցինք հենց տնօրեն Ռուզան Սարյանից:



 



Նա նշեց, որ իրենք նույնպես սպասողական վիճակում են, իսկ թանգարանը շարունակում է աշխատել իր բնականոն հունով, ավելին՝ թանգարանի 14 աշխատակիցները երբեմն չեն հասցնում այցելուների հոսքը սպասարկել: Ինչ վերաբերում է վերակառուցման հարցին, ապա, ըստ Ռուզան Սարյանի, կարեւորն այն է, որ ընթացքը տրված է. «Որովհետեւ դեռեւս անցած տարի 2011թ. բյուջեից գումար հատկացվեց նախահաշվարկային փուլն անցկացնելու համար, այսինքն՝ ստեղծված է նախագիծ, ստեղծված է նախահաշիվ, մնում է միայն ֆինանսավորել: Ես չէի էլ կարող պատկերացնել, թե ինչ գումար դա կարող էր կազմել, մենք շատ համեստորեն ասում էինք, որ պատերը ներկենք, հատակը կարգի բերենք, օդափոխության եւ լուսավորության համակարգը կարգի բերենք, բայց իր այցելության ժամանակ նախագահն ասաց՝ այնպես անենք, որ առնվազն 20-30 տարի թանգարանը պրոբլեմ չունենա: Եվ իհարկե, գումարը շատ ավելին եղավ, քան կարելի էր պատկերացնել, հատկապես եթե 4-րդ հարկ էլ լինի, ապա վերելակի խնդիր էլ է առաջանում, որը թանկ հաճույք է ու մեծ գումար: Հասկանում եմ՝ երեւի դեռ հնարավոր չէ ֆինանսավորել, այսինքն, դեռ սպասում ենք, որովհետեւ մեզ ոչ ոք չի ասել, որ դա լինելիք բան չէ, ուղղակի պետք է, հավանաբար, հնարավորություն ստեղծվի: Սա է խնդիրը, թե չէ որեւիցե այլ խնդիր չեմ տեսնում»:



 



Տնօրենը կարծում է, որ վաղ թե ուշ հարցը լուծում կստանա, բայց, համենայնդեպս, ոչ աշնանը եւ ոչ էլ վաղ գարնանը, ավելին՝ եթե անգամ հիմա գումարը հատկացնեն էլ, անհնար կլինի շինարարություն իրականացնել, որովհետեւ առջեւում եղանակային անբարենպաստ պայմաններ են՝ անձրեւներ, ձյուն, ինչի պայմաններում անհնար է շինարարական աշխատանքներ իրականացնել:



 



Այն դիտարկմանը, թե 4-րդ հարկի գաղափարը նախագահն ի՞նքն է առաջարկել, Ռուզան Սարյանն այսպես պատասխանեց.  «Մենք ուղղակի նախագահի հետ կիսվեցինք մեր երազանքով, թե ինչը լավ կլինի մեր թանգարանի հետագա զարգացման համար, որովհետեւ մենք բազում խնդիրներ ունենք, մեր շենքը կառուցվել է 45 տարի առաջ եւ այսօր իր ոչ մի պարամետրով չի համապատասխանում թանգարանի բովանդակությանը, մենք ունենք խնդիրներ պահոցներում, նկուղում, չունենք միջոցառումների տեղ: Փառք Աստծո, ջեռուցումը եւ ինչ-որ հարցեր լուծված են, բայց ամեն դեպքում կուզես, որ թանգարանը համապատասխանի այսօրվա մակարդակին, եւ այդ բոլոր խնդիրներն աչքի առաջ ունենալով՝ մենք ներկայացրեցինք դրանք, ու թե մշակույթի նախարարը, թե երկրի նախագահը ուզեցին լուծում տալ դրանց: Թե երբ կլինի, չգիտեմ, բայց համոզված եմ, որ կլինի»: Թանգարանի տնօրենը ենթադրում է, որ միակ խնդիրը ֆինանսն է, որովհետեւ ցանկությունը կա, նախագիծը կա, բայց գումարից դեռ ոչ մի նորություն չկա: