ԲՀԿ-ի հավանական որոշման եւ դրա հետեւանքների մասին

ԲՀԿ-ի հավանական որոշման եւ դրա հետեւանքների մասին
Վերջին օրերին տարածված լուրերը, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջադրվելու է ՀՀ նախագահի թեկնածու եւ մոտ օրերս հայտարարությամբ է հանդես գալու, կարծես հաստատվում են: Սակայն հայտարարությունը, ըստ ԲՀԿ աղբյուրների, կհնչի նոյեմբերի 25-ից հետո:



 



Միեւնույն ժամանակ ԲՀԿ-ականները հայտարարում են, որ վերջին շաբաթներին իրենց մարզային այցելություններից պարզ է դարձել, որ հասարակության ակտիվ զանգվածը ցանկանում է նախագահի թեկնածու տեսնել հենց Գագիկ Ծառուկյանին: Նկատենք նաեւ, որ ԲՀԿ ղեկավարը եւ ԲՀԿ-ականները նման հայտարարություններով են հանդես գալիս բավականին ուշագրավ շրջանում, երբ դեռ ընթացքի մեջ է հենց իրենց կողմից նախաձեռնված քաղաքական կոնսուլտացիաների գործընթացը, որի երկրորդ փուլում իբրեւ թե պետք է քննարկվեր ընդդիմության միասնական թեկնածուի հարցը: Փաստորեն, շաբաթը ուրբաթից շուտ եկավ:



 



Ինչո՞վ է բացատրվում ԲՀԿ-ի այս շտապողականությունը եւ ընդդիմադիր դաշտին փաստի առաջ կանգնեցնելը: ԲՀԿ-ից արդարանում են, որ որեւէ քայլ արված չէ, միայն հայտարարվել է որոշման առկայության մասին: «Մեր կուսակցության համար միշտ առաջնային է եղել լայն ժողովրդական զանգվածի հետ համագործակցությունը, ժողովրդական աջակցությունը եւ ժողովրդի պահանջը, սա է հիմնական չափորոշիչը, ըստ որի կայացվել է կամ երբեւէ կկայացվի որեւէ որոշում: Մնացած բոլոր հանգամանքները շատ էական ու կարեւոր են, բայց ժողովրդի ցանկության համեմատ՝ երկրորդական»,- նկատեց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:



 



Գագիկ Ծառուկյանի հնարավոր առաջադրումն ի՞նչ ազդեցություն կարող է գործել քաղաքական դաշտի վրա. որոշեցինք լսել այլ ուժերի ներկայացուցիչներին: ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կտրականապես հրաժարվեց ուրիշի գործողությունները մեկնաբանել: «Ես ինձ դասում եմ բոլորից բարձր եւ համարում եմ սխալ ուրիշների գործողությունները մեկնաբանելը»: Իսկ հնարավո՞ր եք համարում միասնական ընդդիմադիր ճակատ ձեւավորելը եւ միասնական թեկնածու ընտրելը: «Միասնական թեկնածու հնարավոր է միայն ընտրությունների միջոցով, եթե դա չի եղել, փրայմերիզ չի արվել, իսկ փրայմերիզը կարող է լինել ինչպես կուսակցության մեջ, այնպես էլ տարբեր կուսակցություններում, ուրեմն միասնական թեկնածուի մասին խոսակցությունները ժամանակի ավելորդ կորուստ են: Հայաստանում այսօր 40 միասնական թեկնածու կա»:



 



ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյան



- Ծառուկյանի առաջադրումը կարո՞ղ է էական ազդեցություն գործել մասնավորապես ՀՅԴ-ի՝  նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական դիրքորոշման վրա:



 



- Մենք մեր դիրքորոշումը հստակ հայտնել ենք, որ այս փուլում կարեւորում ենք քաղաքական ուժերի համախմբումը, որովհետեւ մեր ցանկությունն է, որ քաղաքական գործընթացները քաղաքական առեւտրի չվերածվեն եւ ձեւավորվեն քաղաքական գործընթացների շրջանակներում: Այդ պատճառով մենք կարեւորում ենք քաղաքական պլատֆորմը, օրակարգային հարցերը, որոնք հրապարակել ենք, եւ անխտիր բոլոր քաղաքական ուժերի հետ մեր հանդիպումների ժամանակ շեշտում ենք այդ հանգամանքը: Եթե ունենանք ընդհանուր համաձայնություն քաղաքական ընդհանուր օրակարգի վերաբերյալ, այնուհետ կարելի է անդրադառնալ թեկնածուի խնդրին: Այս պարագայում այդ խնդիրը համարում ենք ժամանակավրեպ եւ կարծում ենք, որ թեկնածուի ինքնառաջադրումը կարող է ավելի դժվարացնել ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիան:



 



- Եթե Ծառուկյանն այնուամենայնիվ ինքնառաջադրվի, բացառո՞ւմ եք, որ ՀՅԴ-ն սատարի նրա թեկնածությունը:



 



- Ես չեմ ուզում թեկնածուների խնդրին անդրադառնամ, մեր  մոտեցումն է, եւ մենք կարեւորում ենք ընդհանուր քաղաքական պլատֆորմի ձեւավորումը, թեկնածուի խնդիրն այս փուլում չենք կարեւորում:



 



- ԲՀԿ-ն կոնսուլտացիաների առաջին փուլում եւս հայտարարում էր, որ կարեւորը գաղափարական մոտեցումներում ընդհանրության գալն է, թեկնածուի հարցը թողնում էին կոնսուլտացիաների երկրորդ փուլում: Մինչդեռ արդեն հայտարարում են, որ որոշում կա նախագահական ընտրությունների վերաբերյալ, եւ որ հասարակության մեծ տոկոսը ցանկանում է Ծառուկյանին տեսնել որպես նախագահի թեկնածուի: Ձեր կարծիքով, ԲՀԿ-ն այս քայլով ի՞նչ խնդիր է փորձում լուծել:



 



- Եկեք արձանագրենք, որ խոսքը վերաբերում է ոչ թե կատարված, այլ ենթադրվող քայլին, եթե քայլը կկատարվի, ԲՀԿ-ն հրապարակավ կհայտարարի, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք. եկեք ժամանակից առաջ չընկնենք:



 



- Իսկ հնարավոր համարո՞ւմ եք ընդդիմության միասնական ճակատի ձեւավորումը:



 



- Մենք այն կարծիքին ենք, որ միայն քաղաքական ուժերի խորհրդակցության արդյունքում չէ, որ պետք է  որոշվի հետագա ռազմավարությունը: Շատ կարեւորում ենք նաեւ հասարակության շրջանակների ներգրավումն այս պրոցեսների մեջ եւ նախատեսում ենք առաջիկայում մեր օրակարգային հարցերը քննարկել ավելի լայն շրջանակներում:



 



ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյան



 



- Ծառուկյանի առաջադրումն ի՞նչ ազդեցություն կգործի մյուս ուժերի դիրքորոշումների վրա:



 



- Չեմ կարծում, որ այդ թեմայով հիմա ես պիտի խոսեմ, դա ինձ համար այսօր ցանկալի թեմա չէ, որովհետեւ պետք է սպասել:



 



- Իսկ հնարավո՞ր է՝ քաղաքական ուժերի փակ կոնսուլտացիաների ընթացքում այնուամենայնիվ միասնական թեկնածու է ընտրվել Գագիկ Ծառուկյանը:



- Նախ, կոնսուլտացիաները դեռ ընթանում են գաղափարների շուրջ, բայց չի բացառվում, որ վերջիվերջո միասնական թեկնածուի շուրջ քննարկում լինի, եւ ես հույս ունեմ, որ մենք կգանք համաձայնության: Մեզ համար նախընտրելի թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է, ԲՀԿ-ի համար, բնականաբար՝ Գագիկ Ծառուկյանը, կոնսուլտացիաները ցույց կտան, թե մենք ինչ ընդհանուր հայտարարի կարող ենք գալ, չի բացառվում ՀՅԴ-ն նույնպես ունենա թեկնածու, «Ժառանգությունն» արդեն իսկ ներկայացրել է թեկնածուին, հետեւաբար այսօր խոսել միասնական թեկնածուի մասին, չենք կարող:



 



- Եթե Ծառուկյանն այնուամենայնիվ ինքնառաջադրվի, հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀԱԿ-ը սատարի նրա թեկնածությունը:



 



- Այն, ինչը որ տեղի չի ունեցել, դրա շուրջ մեկնաբանություններ տալը ժամանակի անիմաստ կորուստ եմ համարում, որովհետեւ, երբ կավարտվեն կոնսուլտացիաները, եւ կլինի որոշակի ընդհանուր տեսակետ, մենք մեզ իրավունք կվերապահենք արտահայտել մեր կարծիքը: