Վեհափառի աշունը

Վեհափառի աշունը

Երկար ժամանակ գերիշխող այն մտայնությունը, թե եկեղեցին անձեռնմխելի կառույց է, եւ նրա մասին, ինչպես ասում են` կամ լավ, կամ ոչինչ, խիստ նպաստավոր է հոգեւոր դասի համար, քանի որ ամեն անգամ, երբ որեւէ մեկը համարձակվում է հրապարակավ քննադատական խոսք հնչեցնել կղերականների հասցեին, անմիջապես հետեւում է պատասխան սաստումը. «Ինչպե՞ս կարելի է ստվեր նետել Առաքելական սուրբ եկեղեցու վրա»: Բայց արի ու տես, որ ստվեր նետելու արհեստածին ջանք չկա, քանի որ ստվերն ինքնին արդեն գոյություն ունի, եւ այն խիստ թանձր է, այնքան թանձր, որ նկատեցին նույնիսկ իրենք` մինչեւ վերջերս ոչինչ չնշմարող հոգեւոր դասի ներկայացուցիչները:



Մենք չենք թվարկի այն բոլոր աղմկահարույց իրադարձությունները, որոնք վերջին շրջանում հերթական անգամ հասարակության ուշադրությունը բեւեռեցին եկեղեցու ներսում առկա խոցերին, այլ պարզապես կփորձենք մեկ անգամ էլ հայացք նետել փակ վարագույրից ներս, որտեղ պահվում է հոգեւոր խավի իրական դեմքը` գլխավորությամբ վեհափառ հայրապետի, ում անձն ու գործը հանրության կողմից այդպես էլ չարժանացան միանշանակ գնահատականի` փոխարենը հեշտորեն վերածվելով ամենախոցելի թիրախի:



 



ՆՈՐ ԿԱԹՈՂԻԿՈՍ, ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



Ինչո՞ւ այսպես ստացվեց: Հարցի պատասխանը հազիվ թե պետք է որոնել միայն վերջին դեպքերի համատեքստում: Իրականում այս ամենը նոր չէ, եւ դրա արմատները թաղված են անցած տարիների մեջ, երբ քայլառքայլ հիմք էր դրվում ու ձեւավորվում էր ապագա կաթողիկոսի մոտալուտ թագադրումը:



Ամենայն հայոց կաթողիկոս դառնալու առաջին փորձի ձախողումից հետո Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին Ներսիսյանը չհուսահատվեց, բայց եւ չմոռացավ նրանց, ովքեր «նպաստեցին» իր անհաջողությանը: Առաջին հերթին` Լեւոն Տեր-Պետրոսյանին (2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ կաթողիկոսական դերակատարության ու պահվածքի շարժառիթներում անպայման պետք է տեսնել այդ հին վերքի կսկիծը եւ եթե ոչ վրեժխնդրությունը, ապա գոնե հակադարձման քայլը): Հոգեւոր առաջնորդի հետագա վերելքի ու անկումների ճանապարհին իշխանության մասնակցությունն էլ հենց առանցքային դարձավ նոր գահակալի ստանձնած քաղաքականության ձեւավորման հիմքում: Եվ այստեղ է, որ պետության հետ եկեղեցու հարաբերությունների կառուցման մեջ կաթողիկոսը կատարեց իր ամենամեծ եւ ամենաճակատագրական սխալը` Ամենայն հայոց վեհափառի դիրքերից նահանջելով մինչեւ իշխանության հպատակ ծառայողի ստորին աստիճանը:



Իր դիրքորոշումը պայմանավորելով եկեղեցու շահով` կաթողիկոսը սկզբնապես հանգեց այն եզրակացությանը, որ էականն այն չէ, թե իշխանությունն ինչպես կվերաբերվի եկեղեցուն, այլ այն, թե եկեղեցին ինչպես կհարաբերվի իշխանության հետ: Խաղատախտակի վրա թողնելով երկու գլխավոր ուժերին` նա այդպես էլ մոռացության տվեց երրորդին` ժողովրդին: Եվ եթե պարբերաբար ու համառորեն հավատացյալ հանրությունը նրան հիշեցնում էր իր տեսանելի ու շոշափելի գոյությունը, միեւնույն է, գահակալության 14 տարիների ընթացքում կաթողիկոսը նույնիսկ կես քայլ չի նահանջել այս գործելակերպից: Եվ տրամաբանորեն հասկանալի է, թե ինչու առաջին անգամ Գարեգին Երկրորդի օրոք հասարակությունը բացահայտ կերպով հակադրվեց եկեղեցուն եւ կաթողիկոսին` հրապարակավ հայտարարելով. «Վեհափառ, դու ճիշտ չես»:



 



ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻ ԳՎԱՐԴԻԱՆ



Երկրորդ աններելի սխալը, աշխարհիկ ձեւակերպմամբ ասած, նրա վարած կադրային քաղաքականությունն էր: Իր ընտրությունից անմիջապես հետո Գարեգին Երկրորդն Էջմիածին տեղափոխեց ողջ Արարատյան թեմի վարչակազմը` ընդհուպ քարտուղար, վարորդ, օպերատոր եւ խոհարար: Նրա երիտասարդ համակիրները շատ շուտով զբաղեցրին Մայր Աթոռի  բոլոր կարեւոր եւ առանցքային պաշտոնները` դուրս մղելով նրանց, ովքեր ավելի փորձառու էին, սակայն նորերի պատկերացմամբ վստահելի չէին: Մնացյալ աթոռները բաշխվեցին Գարեգին Բ-ի մտերիմների, համակուրսեցիների եւ ընտրության հարցում աջակցած անձանց միջեւ: Իհարկե, եղան նաեւ ընդվզողներ, բայց դրանք պատժվեցին անմիջապես եւ անխնա (հիշենք Տիրան արք. Կյուրեղյանին, Ներսես արք. Պոզապալյանին, մի քանի վանահայրերի ու քահանաների): Եթե Մայր Աթոռի պատերի ներսում կաթողիկոսի սուրը կտրում էր աջուձախ, ապա դրսի աշխարհի հետ սերվելու համար նրան ժամանակ էր հարկավոր: Նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք կաթողիկոսի կենսական տարածքները սահմանափակ էին: Քոչարյանը չէր մոռացել, որ 1999-ի հոկտեմբերի 27-ի գիշերը Գարեգին Երկրորդը գնացել էր ոչ թե նախագահական նստավայր, այլ պաշտպանության նախարարություն: Ու թեեւ պահպանվում էին հարաբերությունների պատշաճության արտաքին ատրիբուտները, այնուամենայնիվ, կաթողիկոսի երկրորդ շնչառությունը բացվեց միայն Սերժ Սարգսյանի իշխանության գալուց հետո: Մարտի 1-ի չեզոքությունն այդ հավատարմության առաջին լուրջ հավաստիքն ու երդումն էր: Իսկ հետո վրա հասավ փոխհատուցման ժամանակը: Իբրեւ վաստակի պատասխան` ոչ նախագահը, ոչ կառավարությունը որեւէ հարցում կաթողիկոսին մերժելու հակում չունեին: Եկեղեցապատկան տարածքնե՞րն է պետք վերադարձնել` խնդրեմ: Մայրաքաղաքում նստավա՞յր ես ուզում` հարց չկա: Սեւանա կղզում քոթեջնե՞ր ես դնում` դիր: Պետք է հարկերի՞ց ազատել` ազատեցինք: Բիզնես ծրագրե՞ր ունես` գործիր ազատ…



Եկեղեցու քարտեզի վրա հայտնվեցին նորաթուխ թեմեր ճիշտ այն սկզբունքով, ինչ սկզբունքով մեր կառավարությունն է արհեստականորեն ավելացնում նախարարությունների կամ առանձին գերատեսչությունների թիվը` մեծ ծառայություններ մատուցած յուրայիններին եկամտաբեր պաշտոններով պարգեւատրելու համար: Սակայն եկեղեցու պարագայում դա ուներ եւս մի հետին նպատակ: Ստացվում էր, որ տրոհվում էին խոշոր թեմերը` նվազեցնելով իրենց ազդեցության գոտիները: Իսկ այդպիսիներին վերահսկելն ավելի հեշտ էր: Մյուս կողմից, եկեղեցու վերնախավում կավելանար կաթողիկոսի յուրայինների թիվը: Այսպես, «անհնազանդ» դիտվող Սյունիքի թեմից պոկվեց ու ձեւավորվեց Վայոց թեմը, եւ հենց Սյունիքի առաջնորդ Աբրահամ սրբազանին էլ բաժին հասավ այդ փոքրիկ կտորն այն դեպքում, երբ նրա տեղում բազմեց ոչնչով աչքի չընկած աբեղա Զավենը: Գուգարաց թեմը զոհաբերեց իր տարածքները` ծնունդ տալով Տավուշի թեմին: Այստեղ թեմակալ նշանակվեց յուրային, Արարատյան թեմից եկած Թորգոմ վարդապետը: Իսկ ահա Արարատյան թեմը, որն ընդգրկում է ահռելի տարածք ու միլիոնանոց հավատացյալ հոտ, բացարձակապես ոչ մի սանտիմետր չկորցրեց, ընդհակառակը` ամրացավ ու հարստացավ մայրաքաղաքում եւ հարակից շրջաններում ձեռք բերած նորանոր հաստատություններով ու կառույցներով: Սփյուռքի ամենաընդարձակ ու մարդաշատ` Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմը կաթողիկոսը նվիրաբերեց հարազատ եղբորը` Եզրաս Ներսիսյանին, ով այն ժամանակ նույնիսկ եպիսկոպոս էլ չէր:



Հետզհետե ձեւավորվեց նաեւ հակադրության երկրորդ ճակատը: Ի հայտ եկան կաթողիկոսի «երիտգվարդիականները» կամ, ինչպես Մայր Աթոռում են սիրում շեշտել, Սեւանի դպրանոցի նախկին սաները` ի հակակշիռ ճեմարանականների: Եթե վերջինները համարվում էին հոգեւոր կեցության դասական կեցվածքի կրողները, ապա առաջինները ներկայացան որպես «ոսկե երիտասարդություն»` հոգեւոր արժեքների հետ նույն հարթության վրա դնելով նյութական բարիքների նկատմամբ անթաքույց ուշադրությունն ու պրագմատիկ (իմա` բիզնես) մտածողությունը: Նրանց համար օրինակ վերցնելու եւ բարի նախանձի առարկա են այն ավագները, որոնք կաթողիկոսի խրախուսական հայացքի ներքո արդեն վերածվել են պետության վարչական գործիքի կամ կուսակցական դաշտի դեկորատիվ ատրիբուտի:



Եվ այսպես, սքեմավորների փոքրիկ կլանների ձեւավորումը հետզհետե ծնունդ տվեց այն մթնոլորտին, որ այսօր առկա է հոգեւոր շրջանակներում: Անվերջանալի ինտրիգները, բանսարկությունները, փոխադարձ խայթոցները վաղուց են դարձել այս միջավայրի անքակտելի բաղկացուցիչը: Պատմում են, որ որոշ հոգեւորականների միջեւ ատելությունն այնքան մեծ է, որ նույնիսկ երեկոյան` Էջմիածնից Երեւան վերադառնալիս, հրաժարվում են տեղ գրավել նույն ավտոբուսում:



Շարունակելի



 



Արման ՎԱՀԱՆՅԱՆ