Համակարգը եկավ ի շրջանս յուր

Համակարգը եկավ ի շրջանս յուր

Հովիկ Աբրահամյանի նշանակումը վարչապետի պաշտոնում ներքաղաքական ճգնաժամի ամենականխատեսելի, ոչ «կրեատիվ» լուծումն էր: Այն, անշուշտ, քննարկվել էր ոչ իշխանական քառյակի բանակցությունների ժամանակ եւ պետք է որ ազդեցություն չունենար նրանց հետագա համատեղ քայլերի վրա: Բայց այս նշանակումը լիցքաթափեց ներքաղաքական իրավիճակը: Անմիջապես ամրապնդվեցին սպասումները, թե ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն պորտֆելներ կվերցնեն, իսկ օրվա երկրորդ կեսին նոր վարչապետը, կարծես, հաստատելով  այս սպասումները, հայտարարեց, որ քաղաքական եւ քաղաքացիական տարբեր ուժերի հետ բանակցում է՝ նոր կառավարության ձեւավորման մեջ նրանց ներգրավելու համար: Մյուս կողմից՝ պորտֆելներ վերցնելու մեջ կասկածվողներն առավոտից հերքում էին տարածվող խոսակցությունները:



 



ԲՀԿ-ի հերքումները կատեգորիկ էին:  ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը հայտնեց, որ Ծառուկյանի կողմից տեսակետների որեւէ  փոփոխություն չի եղել, եւ որ նա եւս մեկ անգամ բացառել է կոալիցիոն կառավարության մաս կազմելը, իսկ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ժխտեց, որ Աբրահամյանն ընդունելի վարչապետացու էր ԲՀԿ-ի համար, եւ նույնիսկ սպառնաց պաշտոնամոլ կուսակիցներին, ովքեր ներգրավված կլինեն կառավարության մեջ . «Նույն պահից այդ մարդիկ կդադարեն լինել ԲՀԿ անդամ, կհեռացվեն կուսակցութունից,  կդադարեն լինել մեր թիմակիցը», - ասաց Նաիրա Զոհրաբյանը, որին բոլորը որպես Հովիկ Աբրահամյանի նվիրյալ են ճանաչում եւ նրա հատուկ հանձնարարություններով դեսպան ԱԺ կուլուարներում: ՀՅԴ հերքումներն այնքան էլ միանշանակ չէին: Նրանք շեշտում էին, որ կսպասեն ՀՅԴ հայաստանյան կազմակերպության գերագույն ժողովին, որ կմեկնարկի ապրիլի 18-ին՝ Ծաղկաձորում, եւ կտեւի մոտ մեկ շաբաթ: ՀԱԿ-ը մինչեւ օրվա վերջ լռեց, իսկ երեկոյան տագնապալի հայտարարություն արեց, որում հանրապետական մեծամասնությանը մեղադրեց իշխանությունների մեղքերի եւ ձախողումների համարգ «Մենք չպետք է սպասենք կառավարության ձեւավորմանը, եւ նրա կողմից ծրագրի ներկայացմանը, որպեսզի վերաբերմունք հայտնենք նոր կառավարության նկատմամբ: Հայաստանի ոչ լեգիտիմ, կոռումպացված իշխանությունները՝ ի դեմ Սերժ Սարգսյանի ռեժիմի, ի վիճակի չեն Հայաստանի զարգացման որեւէ ծրագիր իրականացնել եւ կորցրել են Հայաստանում կառավարություն ձեւավորելու որեւէ իրավունք: Մենք ոչ թե մերժում ենք վարչապետի կամ որեւէ նախարարի անձը կամ նրանց ներկայացրած ծրագիրը, այլ մերժում ենք Հայաստանում կառավարություն ձեւավորելու հանրապետականների կեղծված մեծամասնության իրավունքն ընդհանրապես: Ուստի, մեր կարծիքով՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը»: Այսպիսով,  ակնհայտ է, որ քառյակը բաժանվեց: Մի մասը՝ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, սպասում են Կառավարության նոր ծրագրի ներկայացմանը, որ կլինի մոտ 20 օրից: Մյուս երկուսը՝ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», դեմ են այս սպասմանը: 



 



ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԻ ՔԱՆԻ ԱՄԻՍ ԺԱՄԱՆԱԿ ՏԱՆՔ






 «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համարում է, որ վարչապետի նշանակումը քայլ էր քառյակի դեմ, բայց որքանով էր այդ քայլն արդյունավետ, ցույց կտա ժամանակը: Լինելու են, թե ոչ հանրահավաքներ, նա եւս չգիտեր, ասելով, որ ժամանակը ցույց կտա: Իսկ հարցին, թե հնարավոր է, որ իշխանությունը գնա ԲՀԿ-ից կեղծ ընդդիմություն ձեւավորելու  ճանապարհով, պատասխանեց. «Չեմ կարծում: Բայց եթե ընդդիմության բոլոր սեգմենտները կոնկրետ քայլեր չարեցին, ապա բնականաբար նրանք  hասարակության կողմից խիստ անտարբերության կարժանանան: Իշխանությունը ընդամենը փորձեց այս նշանակմամբ զսպել  ԲՀԿ-i ակտիվությունը:  Թե ինչ գործընթաց կգնա այս պահից, դժվարանում եմ ասել, բայց ակնհայտ է, որ իշխանությանը եթե մի քանի ամիս տրվի, հասարակությունը հերթական հիասթափությունը կապրի եւ կսկսի զբաղվել բոլորի հարցերով:



 



-Այս նշանակումով փոխվե՞ց մի բան:






- Ոչ: Համակարգը եկավ ի շրջանս յուր, եւ պարզ է, որ այլ ճանապարհ չի մնում, քան իշխանափոխությունը, եթե ուզում ենք քաղաքացի պահել այս երկրում, այլ ճանապարհ չկա:



 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ