Փողերը ծախսել են, իսկ դպրոցները մինչև վերջ չեն շինել

Փողերը ծախսել են, իսկ դպրոցները մինչև վերջ չեն շինել

Վերահսկիչ պալատի 2013թ-ի տարեկան հաշվետվության մեջ քաղաքաշինական ոլորտում մի շարք խախտումներ ու թերություններ են արձանագրված: Մասնավորապես անդրադառնալով դպրոցաշինության ծրագրին՝ զեկույցում նշվում է, որ դեռևս 2006թ-ից սկսված կրթական 74 օբյեկտների շինարարության, վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքների ծրագիրը, շարունակվում է առ այսօր:




Այդ նպատակով 2006-2013թթ-ի ընթացքում ծախսվել է 22 մլրդ 768 մլն 806 հազ դրամ, սակայն որևէ օբյեկտի շինարարություն չի ավարտվել: Ըստ պայմանագրերի՝ անհրաժեշտ կլինի ծախսել ևս 11 մլրդ 469 մլն 534 հազ. դրամ:




Սակայն խնդիրն այն է, որ բացի վերը նշված գումարից, վերանախագծվող թվով 26 օբյեկտների տեխնիկական վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքների արդյունքում հնարավոր է ծախսվեն ևս զգալի գումարներ, քանի որ ժամանակին ծրագրերը սկսելիս կառավարությունը շենքերի ուժեղացման կամ սեյսմակայունության բարձրացման վերաբերյալ հարցերը պատշաճ չի ուսումնասիրել:




Ըստ ՎՊ-ի ՀՀ կառավարության դպրոցաշինության ծրագիրը տարիներ շարունակ չի ավարտվում: Ավելին, հստակեցված չեն պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման վերջնական ժամկետները: Նման մեթոդով իրականացվող դպրոցաշինության ծրագիրը հարցականի տակ է դնում պետական բյուջեի միջոցների ծախսման արդյունավետությունը: