Ինչո՞վ են զբաղվում նախկին վարչապետերը պաշտոնաթող լինելուց հետո

Ինչո՞վ են զբաղվում նախկին վարչապետերը պաշտոնաթող լինելուց հետո

«Պրեմիեր մինիստր»-ը ֆրանսերեն le premier բառից է, որ նշանակում է առաջին։ Հետաքրքիր է իմանալ՝ ինչով են զբաղվել աշխարհի տարբեր երկրների կառավարության ղեկավարները պաշտոնաթողությունից հետո։ 






Սկսենք ոչ հեռավոր Ռուսաստանից։ Իր թևավոր արտահայտություններով հայտնի և Ռուսաստանի ամենաերկար պաշտոնավարած վարչապետերից մեկը՝ Վիկտոր Չերնոմիրդինը, Ռուսաստանի կառավարությունը ղեկավարել է 1992-98 թվականներին։ Վարչապետությունից հետո՝ 2001-2009 թվականներին, Չերնոմիրդինը Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանն էր Ուկրաինայում, իսկ 2009թ․-ից մինչև իր կյանքի վերջ՝ 2010-ի նոյեմբեր, Ռուսաստանի դաշնության նախագահի խորհրդականն էր և նրա հատուկ ներկայացուցիչը ԱՊՀ մասնակից պետությունների հետ տնտեսական համագործակցության հարցերով։






Ուկրաինայի վարչապետերից Լեոնիդ Կուչման, ով ղեկավարել է կառավարությունը 1992-1993-ականներին, 1994-ին դարձել է երկրի նախագահ՝ մնալով այդ պաշտոնին մինչև 2005 թվականը, նախագահելով երկու ժամկետ, իսկ 1999-2001-ին Ուկրաինայի վարչապետ Վիկտոր Յուշչենկոն հետագայում դարձել է երկրի երրորդ նախագահը՝ պաշտոնավարելով 2005-2010-ականներին։ Ուկրաինայի պատմության մեջ առաջին կին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դեմ, ով վարչապետի պաշտոնին է եղել 2005թ․-ի ընթացքում և 2007-2010-ականներին, պաշտոնաթող լինելուց հետո մի շարք քրեական գործեր են հարուցվել՝ 2011-ին  նա ձերբակալվել էր և 7 տարի ազատազրկման դատապարտվել՝ 2009-ի հունվարին Ռուսաստանի հետ գազի պայմանագրերի կնքման ընթացքում իշխանության և պաշտոնական լիազորությունների չարաշահման համար։ Տիմոշենկոն բանտից ազատվեց այս տարի։






Անցնենք Եվրոպային։ Բելգիացի և համաեվրոպական հայտնի քաղաքական գործիչ Հերման վան Ռոմպեյը, 2008-2009 թվականներին Բելգիայի վարչապետը լինելով, 2009-ին Բրյուսելում` Եվրախորհրդի ոչ ֆորմալ գագաթաժողովի ժամանակ ընտրվել է որպես Եվրախորհրդի առաջին մշտական նախագահ։






Մեծ Բրիտանիայի վարչապետ Տոնի Բլերը, ով ղեկավարել է Անգլիայի կառավարությունը 1997-2007-ականներին, 2007-ին իր հրաժարականի օրը նշանակվել է «Մերձավորարևելյան կարգավորման գծով քառյակի» հատուկ պատվիրակ։ 2008-ին նա նշանակվել է JPMorgan Chase ընկերության միջազգային հարաբերությունների գծով խորհրդի անդամ և ավագ խորհրդատու։ 2011-ի հոկտեմբերին հայտարարվել է, որ Տոնի Բլերը կղեկավարի Ղազախստանի հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ տնտեսական հարցերով խորհրդականների խումբը։






2005-2007 թվականներին Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դե Վիլպենի նկատմամբ պաշտոնավարումից հետո հետաքննություն է սկսվել՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ զրպարտության փորձի մեջ հանցակցության համար։ 2010-ից սկսած նա ղեկավարել է սեփական քաղաքական շարժումը՝ «Համերաշխ հանրապետություն»։






Մեր հարևան Վրաստանի վերջին վարչապետերից Վանո Մերաբիշվիլին (2012) պաշտոնաթողությունից հետո՝ 2014-ի փետրվարին, 5 տարվա ազատազրկման է ենթարկվել մի քանի հոդվածով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման, պետական միջոցների վատնումի և ընտրակաշառքների համար։