Նորիկ Սարգսյանը խնդրում է երեխաներին դպրոց հասցնել մեկ մեքենայով, ոչ թե ուղեկցող շարասյունով

Նորիկ Սարգսյանը խնդրում է երեխաներին դպրոց հասցնել մեկ մեքենայով, ոչ թե ուղեկցող շարասյունով

ՀՀ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սեպտեմբերի 1-ի կապակցությամբ ձեռնարկվելիք միջոցառումների մասին՝ անդրադարձավ նաև ՃՏՊ-ներին ու ներկայացրեց որոշ վիճակագրական տվյալներ։




Ըստ նրա՝ անցած տարվա սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում դպրոցների հետ կապված որևէ ճանապարհատրանսպորտային պատահար չի գրանցվել։ Խոսքն այն պատահարների մասին է, որոնք վերաբերում են տուն-դպրոց-տուն ճանապարհին: Իսկ այ մինչև 16 տարեկան երեխաների մասնակցությամբ մեկ ամսվա ընթացքում գրանցվել է 29 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 30 երեխա:




«Եթե համեմատական անցկացնենք 2012թ․ հետ, ապա կարող ենք արձանագրել, որ պատահարների թիվը նվազել է 6-ով, զոհերի թիվը՝ 1-ով, վիրավորների թիվը՝ 5-ով: Այսինքն 2012թ. ավելի անբարենսպաստ միամսյակ ենք ունեցել»,- ասաց Սարգսյանը՝ ընդգծելով, որ այս տարի էլ պետք է ամեն ինչ անեն, որ նման պատահարների թիվը նվազի։
Նորիկ Սարգսյանը իր խոսքում նաև կոչով դիմեց ծնողներին, որ իրենց երեխաներին մեքենաներով դպրոց հասցնելուց հետո անմիջապես ազատեն բանուկ մասը, այլապես կարող են խցանումներ առաջանալ, ինչպես նաև երեխաներին դպրոց տանեն մեկ մեքենայով, այլ ոչ թե մի քանի մեքենաներոից բաղկացած շարասյոնով։




Նա ասաց, որ իրենք այս ուղղությամբ ևս աշխատանքներ են տանելու և հուսով են, որ մեր մեծահարուստներից շատերը, ովքեր սովոր են ուղեկցող մեքենաներով շրջել, կգան այդ գիտակցությանը, որ գոնե երեխաներին դպրոց հասցնեն միայն մեկ մեքենայով՝ զերծ մնաով ավելորդ ցուցամոլությունից։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ