Պահանջում են ազատ արձակել մարզի գլխավոր վիրաբույժին (տեսանյութ)

Պահանջում են ազատ արձակել մարզի գլխավոր վիրաբույժին (տեսանյութ)

Անցյալ տարի Վանաձորում ձեռքի գնդակի հանրապետական մրցաշարին մասնակցող Երևանի բնակիչ 15-ամյա Դավիթ Հովակիմյանն այգում տեղի ունեցած դանակահարությունից հետո տեղափոխվել էր «Վանաձորի բժշկական կենտրոն», որտեղ էլ մահացել: Մահվան պատճառի հետ կապված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել են նախորդ փորձաքննությամբ արձանագրված բացթողումներն ու թերությունները, ինչպես նաև, որ բժշկական կենտրոնում բուժօգնության ցուցաբերման թերություններն ու բացթողումները գտնվում են պատճառահետևանքային կապի մեջ անչափահասի մահվան հետ, որոնց առավել վաղ իրականացումը զգալիորեն կմեծացներ բարենպաստ ելքի հավանականությունը՝ հնարավորություն ընձեռելով փրկել Դ. Հովակիմյանի կյանքը:



Սպանության մեջ մեղադրվող Կ. Կունգուրցևին Քր. օր.-ի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախկինում առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, նոր մեղադրանք է առաջադրվել Քր. օր.-ի 34 -104 հոդվածի 1-ին մասով: Միաժամանակ նախաքննական մարմինը որոշում է կայացրել քրեական գործ հարուցել Քր. օր.-ի 130-րդ հոդվածի 2-րդ մասով /Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունների չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը/ և առանձնացնել առանձին վարույթում: Որպես մեղադրյալ է ներգրավվել անչափահասի վիրահատությունն իրականացրած վիրաբույժ, «Վանաձոր ԲԿ» ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանը: Այսօր Վանաձորի դատարանում քննարկվում էր նրա խափանման միջոցի հարցը: Վանաձորցի բժիշկներն ու բուժաշխատողները եկել էին իրենց վերաբերմունքը հայտնելու գործընկերոջ նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու՝ նախաքննական մարմնի միջնորդության դեմ:



Նրանք պնդում են, որ Վանաձորի հիվանդանոցում առկա պայմաններում բժիշկն արել է առավելագույնը անչափահասի կյանքը փրկելու համար: Վստահեցնում են նաև, որ մարզի գլխավոր վիրաբույժի բացակայությունից տուժելու է ոչ միայն հիվանդանոցի բուժանձնակազմը, այլև մարզի ողջ բնակչությունը:



«Բժիշկը երբեք հանցագործ չէ, իսկական հանցագործներին թող ուրիշ տեղ փնտրեն: Ուզում ենք, որ Վլադիմիր Ղուկասյանը մեր կողքին լինի»,-պահանջում էին դատարանի բակում հավաքված բուժաշխատողները:





Ադրինե Թորոսյան