Դպրո՛ց, խելքդ գլուխդ հավաքիր

Դպրո՛ց, խելքդ գլուխդ հավաքիր

«Հանրապետական կուսակցությունը ցանկացած ընտրություններից առաջ ծրագրով նախատեսում է ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնել: 2011թվականին խոստացել էին 40 տոկոսով բարձրացնել». հիշեցնում է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ մատնանշելով, որ «նրանք ոչինչ չկարողացան»։ «Հոռետես» Անահիտ Բախշյանը գուժում է ուսուցիչներին. «Ոչ մի ուսուցիչ թող չակնկալի, որ իր աշխատավարձը կբարձրանա։ Բյուջեն գումար չի տրամադրել, ուղղակի ասել է. «Դպրո՛ց, խելքդ գլուխդ հավաքիր, կրճատումներ արա ու աշխատավարձերը բարձրացրու»»։ Ժամանակին տնօրեն աշխատած Անահիտ Բախշյանը համաձայն է այն մտքին, որ դպրոցներում կադրերի ավելցուկ կա՝ դպրոցում պետք է օպտիմալ թվաքանակով աշխատակազմ լինի:




- Հիմա նորմատիվ չկա, պետությունն աշակերտով է ֆինանսավորում դպրոցը։ Միանշանակ, ուսուցիչների քանակի կրճատումով ուսուցիչների աշխատավարձերը բարձրանում են: Աշխատավարձերն ուղիղ համեմատական են այդ քաղաքականության հետ։ Կրճատումը, սակայն, պետք է լինի միայն աշակերտի կրթական իրավունքի շահերից ելնելով, դպրոցին պետք են բանիմաց, աշխատող, նվիրյալ մարդիկ։ Ուսուցչի միջին աշխատավարձը կազմում է մոտավոր 90 հազարի կարգի:




- Իսկ ո՞ր տարբերակն է ավելի արդյունավետ, դասարանների՞ քանակով դպրոցների ֆինանսավորումը, թե՞ աշակերտների։
- Մարզերում դպրոցներ կան, որ 100 աշակերտ ունեն, բայց 10 դասարան։ Եթե նախկինի նման ֆինանսավորվեր, ապա ավելի շատ գումար կկազմեր, քան 100 հոգու համար նախատեսված գումարը։ Փոխվել է ամբողջ ֆինանսավորման համակարգը։ Համեմատականներ անելն այդքան էլ ճիշտ չէ։




Կրթության մասին օրենսգրքում չեք գտնի այն նորմատիվները, թե պետությունը որքան գումար է ծախսում մեկ դպրոցական երեխայի վրա։ Կրթության եւ գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ կան բազմաթիվ բանաձեւեր եւ գործակիցներ, եւ հստակ թիվ ասել չեն կարող։



 



Անահիտ Բախշյանն անդրադարձավ երկու օր առաջ Արմեն Աշոտյանի՝ տնօրենների հետ հանդիպմանը. «Արմեն Աշոտյանը գցեց իր վրայից պատասխանատվությունը կրճատումների մասով, սակայն հորդորեց նրանց կրճատումներ անել։ Մեր երկրում բյուջեում այնքան անարդյունավետ ծախսեր կան, եթե կրճատենք մեքենաները, որ վարում են մեծ ու փոքր պաշտոնյաները, եթե կրճատենք անիմաստ կադրերի վրա ծախսերը եւ էլի նման շատ բաներ, ապա աշխատավարձերը կբարձրանան։ Մենք պարտավոր ենք ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնել»։



Ի դեպ, տնօրեններն իրենց հայեցողությամբ են կրճատումներ կատարելու դպրոցներում։ Կրթության եւ գիտության նախարարությունը որեւէ վերահսկողություն չի իրականացնում։ Այս պայմաններում մարզերի դպրոցներում մաֆիաներ են ձեւավորվում, կրկին գործում է ծանոթ-բարեկամ սկզբունքը։ Ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում սպասվող կրճատումներից հետո Հայաստանում կձեւավորվեն «ընտանեկան» դպրոցներ։



Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ