Տիկնայք «փափկասուն» հայոց բանակի

Տիկնայք «փափկասուն» հայոց բանակի

«Կուրսանտներ, պատրա՛ստ, ըստ վաշտերի աջ դա՛րձ». այս խոսքերն էին երեկ հնչում Վարդան Մամիկոնյանի արձանի հարեւանությամբ գտնվող այգում։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտների երդման արարողությունն այս անգամ տեղի էր ունենում երեւանցիների աչքի առջեւ։ Անծանոթ մարդիկ կանգնած նայում էին ու հուզված ասում. «Դեռ երեխաներ են ու արդեն զինվորական շորերով, Աստված պահի»։



Այս տարի առաջին անգամ ռազմական ինստիտուտում սովորելու հնարավորություն ունեն նաեւ իգական սեռի ներկայացուցիչները։ Չնայած այս փորձը նոր է, սակայն 10-ից ավելի աղջիկների նկատեցի։ Շարքում ձիգ կեցվածքով կանգնած 19-ամյա Ռոզային հարցնում եմ՝ ինչպե՞ս որոշեց դառնալ զինվորական, մեղմ ժպտում է եւ առանց կեցվածքը փոխելու պատասխանում. «Ինձ դուր է գալիս, ես սիրում եմ զինվորական գործը։ Եթե աղջիկ եմ, չի նշանակում, որ չեմ կարող պաշտպանել իմ հայրենիքը։ Ճի՛շտ այդպես, տղաների չափ ուժեղ ենք»։



Գյումրիից եկած Ռոզան պատմում է, որ իրենք աշխատում եւ սովորում են տղաների նման՝ չկա ոչ մի խտրականություն. «Սեպտեմբերի 1-ից կսկսվեն դասերը, մենք կսովորենք նրանց հետ հավասար»։ Աղջիկների ծնողներն էլ ավելի հպարտությամբ ասացին, որ երբեւէ չեն մտածել իրենց երեխաների նպատակներին խոչընդոտել. «Եթե ուզում են զինվորական դառնալ, ինչո՞ւ չէ։ Ընդհակառակը, մենք ուրախ ենք։ Եթե մի գործ սիրով ես անում, ուրեմն ամեն ինչ կստացվի»։



Ի դեպ, աղջիկներին շատ սազում էր զինվորական համազգեստը։ Տիկնիկներն ու կոսմետիկան մի կողմ դրած՝ փոքրիկ հայուհիների ձեռքին հրացանները շատ գեղեցիկ էին նայվում։ Հայկական բանակի հզորացումն արդեն նաեւ կանացի նուրբ ձեռքերում է։



«Թերեւս բոլորս կարեւորում ենք ռազմական ինստիտուտի գոյությունը մեր կյանքում։ Որքան են երազել մեր պապերը՝ ունենալ նման փառահեղ կառույց։ Այդ հույժ կարեւոր կառույցին կենդանություն եւ շունչ են հաղորդում մեր սիրելի կուրսանտները»,- ասաց ինստիտուտի հոգեւոր սպասավոր հայր սարկավագ Թադեւոսյանը։ Այդ ընթացքում, սակայն, վառող արեւի տակ կանգնած երիտասարդներից մեկը կորցրեց գիտակցությունը։ Մինչ զինվորականներն այդ երիտասարդին տարան շարքերի վերջը, նրա մայրը վախեցած մոտ վազեց։ Երիտասարդին օգնություն ցույց տվեցին, այդ ընթացքում ելույթ ունեցավ Մարիամը՝ առաջին աղջիկներից մեկը, ով ընդունվել է ռազմական ինստիտուտ. «Ռազմական ինստիտուտն այս անգամ համալրում են աղջիկ կուրսանտները, քանզի հայրենիքի պաշտպանության խնդիրը բոլորինս է։ Իսկ հայրենասիրությունը չի ճանաչում սեռային խտրականություն»։



ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, կարծում եմ, լավ կուրախանա այս լուրից։ Նա մի քանի տարի է, ինչ առաջարկում է բանակում ծառայելու հնարավորություն տալ նաեւ աղջիկներին։ Հայ կանայք, ի դեպ, դեմ չեն այդ մտքին։ «Ինչո՞ւ ոչ, Իսրայելում կանայք ծառայում են, Աստված չանի՝ պատերազմ սկսի, բոլորս էլ կանգնած կլինենք տղամարդկանց կողքին»,-ասաց մի աղջիկ։ «Պատերազմական իրավիճակում հնարավոր է, չեմ կասկածում, որ բոլոր աղջիկներն էլ ուզենան մի բանով էլ իրենք օգնեն»։



Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ



[email protected]