Ինչ արժեք ունեցավ Հովիկ Աբրահամյանի հանդիմանությունը

Ինչ արժեք ունեցավ Հովիկ Աբրահամյանի հանդիմանությունը

Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնն ստանձնելուց մեկուկես ամիս անց կառավարության հերթական նիստի ժամանակ հրապարակավ հանդիմանեց իր ենթականերին` դեսպանների հետ արդյունավետ չհամագործակցելու համար: Նա հայտարարեց, որ արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպաններն իրեն բողոքել են, որ նախարարներից ներդրումային ծրագրեր չեն ստանում: «Դեսպաններն ասել են, որ իրենց առաջարկությունները պատշաճ ուշադրության չեն արժանանում նախարարների կողմից: Դեսպաններն ասում են, որ չեն ստանում ներդրումային առաջարկություններ նախարարություններից: Դեսպանները, եթե հանդիպում են ներդրողներին, պետք է ունենան ծրագրեր: Համապատասխան նախարարները պետք է մտածեն դեսպաններին լիարժեք ներդրումային ծրագրեր տրամադրելու մասին»,-խրոխտ հայտարարեց վարչապետն ու հանձնարարեց պատրաստել ծրագրեր եւ ԱԳ նախարարի միջոցով ներկայացնել դեսպաններին: Այս խոսակցությունից անցել է գրեթե 3 ամիս: Թե այս ընթացքում ինչ է փոխվել, ինչ ծրագրեր են նախարարները ներկայացրել դեսպաններին, հետաքրքրվեցինք մի քանի գերատեսչություններից:



Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը մեզ հետ զրույցում ասաց, որ այժմ ավելի ակտիվացել է արտերկրում եւ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների միջոցով իրականացվող աշխատանքը: «Առողջապահության նախարարությունը միջազգային կապերի միջոցով լայնածավալ աշխատանքներ է իրականացնում: Երկկողմանի հարաբերություններ ունենք տասնյակ երկրների հետ, համագործակցում ենք նաեւ միջազգային կառույցների, մասնավորապես ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակներում ընդգրկված 52 երկրների հետ՝ եւ տեղեկատվության, եւ փորձի փոխանակման, եւ տարբեր ոլորտներում ընդհանուր քաղաքականության մշակման մասով: Ունենք հումանիտար եւ դրամաշնորհային ուղղության, օրինակ, ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության եւ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Համաշխարհային բանկի գլոբալ ֆոնդի հետ: Բոլոր հարաբերությունները կանոնակարգով իրականացվում են այդ երկրներում հավատարմագրված մեր դեսպանների եւ մեր երկրում այլ երկրների դեսպանների միջոցով»: Քաղաքաշինության նախարարության մամլո խոսնակ Անահիտ Եսայանը նկատեց, որ այդ նպատակով ստեղծվել է կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչություն: Ինչպես նաեւ, միջազգային համագործակցությունը խթանելու նպատակով, արտաքին կապերի բաժնի փոխարեն նախարարությունում ստեղծվել է արտաքին կապերի վարչություն: «Կատարված փոփոխությունները համահունչ են նաեւ ՀՀ վարչապետի ներդրումների խրախուսմանը միտված հանձնարարականին` ուղղված կառավարության անդամներին: Քաղաքաշինության նախարարության կազմում ներդրումային վարչության ստեղծմամբ հնարավոր կլինի առավել համակարգված աշխատանք ծավալել` ներդրումային ծրագրերը խրախուսելու համատեքստում: Այս առումով նախարարությունն արդեն իսկ բազմաթիվ մտահղացումներ ունի: «Հայկական տուն» ճարտարապետական բաց մրցույթի նախաձեռնում «Մոնարխ» ընկերության հետ համատեղ: Ակնկալվում է, որ մրցույթի շրջանակում հայկական տարբեր բնակավայրերի ավանդույթներին եւ տեղանքին բնորոշ, տեղական շինարարական նյութերի օգտագործմամբ, տների բազմաթիվ հետաքրքիր նախագծեր կներկայացվեն»: Գյուղնախարարության մամլո խոսնակ Անի Սմբատյանն ասաց. «Ի կատարումն ՀՀ կառավարության 2014թ. հունիսի 4-ի հանձնարարականի, ՀՀ ԱԳ նախարարություն է ներկայացվել գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված ներդրումային ծրագրային առաջարկների փաթեթը»: Թե ինչ առաջարկների մասին է խոսքը, եւ դրանք ինչ ընթացք են ստացել, մանրամասներ չկան: Բնապահպանության նախարարությունից էլ վստահեցրին, որ ներդրումային 14 փաթեթներ են Հովիկ Աբրահամյանի հանձնարարականից հետո ուղարկվել էկոնոմիկայի նախարարություն: ԲՆ մամլո խոսնակ Թեհմինա Արզումանյանի փոխանցմամբ, բնապահպանության նախարարության կողմից մշակվում եւ միջազգային կառույցներին են ներկայացվում ծրագրային հայտեր՝ ֆինանսավորման համար: «Ներկայում բանակցային գործընթաց է իրականացվում Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կիզակետային 3 ոլորտների (կլիմայի փոփոխություն, հողերի դեգրադացիա եւ կենսաբազմազանության պահպանություն) ԳԷՀ-6 ֆինանսական միջոցների շրջանակներում ծրագրերի ներկայացման շուրջ»:



ՀԳ. Մամլո խոսնակների այս ոչինչ չասող պատասխանները գրեթե առանց խմբագրման ներկայացրինք, որպեսզի ընթերցողը համոզվի՝ պետական ապարատում կոնկրետ գործեր անելու, ծրագրեր իրականացնելու փոխարեն զբաղված են բարձրագոչ ճառեր ասելով եւ մարդկանց ականջներից լապշա կախելով: Փաստը մնում է փաստ, որ մեր երկիրը ոչ միայն օտարերկրյա, նույնիսկ մեր հայրենակիցների համար, մեղմ ասած, գայթակղիչ չէ: Եվ դեսպաններին ուղղված հանձնարարականներով հոսքեր ապահովել դեպի Հայաստանի տնտեսություն, նույնն է, թե Հովիկ Աբրահամյանը կարողանա իրենց հետ սերտաճած օլիգարխներին դուրս բերել ստվերից դեպի հարկային դաշտ:



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ



[email protected]