Գոնե այսօր ձեզ խելոք պահեք (լուսանկարներ)

Գոնե այսօր ձեզ խելոք պահեք (լուսանկարներ)

Քաղաքում տոնական տրամադրություն է։ Նույնիսկ երթուղային մեքենաներն են այսօր զարդարվել գունավոր փուչիկներով, որոնք մի քիչ ծիծաղելի տեսք են տալիս մռայլ մեքենաներին և մռայլ դեմքերով վարորդներին։



Թիվ 152 հիմնական դպրոցում արևի տակ կանգնած փոքրիներն այսօր հագել են իրենց նոր զգեստները, սովորել դպրոցի մասին բանաստեղծություններ և չհամբերող հայացքով նայում են այն նոր շենքին, որտեղ անցկացնելու են դեռ երկար ժամանակ։ Մայրիկի հետևից լացողներ չկան։



Տնօրենը կարդաց քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Մալաթիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի ուղերձը։ Երեխաները ոչինչ չհասկացան «մեծական» այդ խոսքերից։ Շարքում կանգնած երեխաները հոգնած մեկ իրար էին բզում, մեկ ծիծաղում մեկ էլ ծանր պայուսակը դնում գետնին և նստում վրան։ Մի փոքրիկ աղջիկ իր մեծ մազակալն էր անընդհատ ձեռք տալիս։ Կողքից էլ դասատուներից մեկը տարիքով ավելի մեծ երեխաներին հորդորում էր․ «Գոնե այսօր ձեզ խելոք պահեք, ամո՛թ արեք, մեծ երեխեք եք»։



«Դպրոցում լավ եմ սովորելու։ Միշտ 10-եր կստանամ»․ ասաց առաջինդասարանցիներից մեկը։ Մեծահասակ մի խումբ կանայք էլ ծիծաղեցին․ «Մեր ժամանակ 5 էր, հիմա 10 է դարձել։ Բայց ընդհանուր, որ նայում եմ շուրջս, ոչինչ էլ չի փոխվել։ Մարդիկ նույնն են, երեխաներն էլ»։