Եռյակ-Դաշնակցություն պատերազմը թեժանում է

Եռյակ-Դաշնակցություն պատերազմը թեժանում է

Դաշնակցության եւ եռյակի միջեւ պատերազմը շարունակվում է: Իսկ դա սկսվեց այն պահից, երբ ՀՅԴ-ն որոշում կայացրեց չմասնակցել հոկտեմբերի 10-ի հանրահավաքին: ԲՀԿ եւ ՀԱԿ-ամերձ կայքերը լայնամասշտաբ գրոհ սկսեցին քառյակի սառեցված անդամի դեմ: Երեկ լրատվամիջոցներում հետաքրքիր ինֆորմացիա էր պտտվում այն մասին, թե ինչպես է ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանն իրենց համակիրների հետ հանդիպման ժամանակ «մերկացնում» Դաշնակցությանը:



Նախօրեի երեկոյան Slaq.am-ի լրագրողն այցելել էր Սարյան պուրակ եւ լսել Արամ Մանուկյանի փաստարկները ՀՅԴ-ի՝ քառյակից առանձնանալու վերաբերյալ: Նա ՀՅԴ-ի ծախվածության վերաբերյալ կոնկրետ փաստեր էր նշել՝ բացատրել էր, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական լիազորությունները եւ դրանից բխող ֆինանսական եկամուտները բաժին են հասնելու ՀՅԴ-ին, եւ դա է նրանց իշխանամետ դառնալու հիմնական պատճառը: Եվ երկրորդ փաստարկը. հանրապետությունից ծիրանի արտահանման ողջ գործընթացն իրականացվում է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի կողմից: ՀԱԿ փոխնախագահը նաեւ ակնարկել է, թե չի բացառվում, որ ՀՅԴ-ն նախապես էր Սերժ Սարգսյանի կողմից ուղարկվել քառյակ` ընդդիմադիր դերակատարություն ստանձնելու նպատակով: Ի դեպ, երեկ նույն տրամաբանության մեջ նաեւ ԲՀԿ-ի կայքերում էր հոդված հայտնվել: ՀՅԴ-ին անարգանքի սյունին գամելուց հետո Արամ Մանուկյանը հայտարարել է, թե չնայած ներկայում ՀՅԴ-ն կորցրել է իր վարկանիշն ու համակիրների մեծ մասը, այնուամենայնիվ, իրենք առայժմ նպատակահարմար չեն գտնում լրատվամիջոցներով բացահայտ քննադատել ՀՅԴ-ին, քանի որ ԱԺ-ում կայանալիք քվեարկությունների ժամանակ ակնկալում են ստանալ այդ խմբակցության ձայները:



Արամ Մանուկյանը երեկ մեզ հետ զրույցում հերքեց, թե ինքը նման զրույց է ունեցել, ասաց, որ ՀՅԴ-ի մասին իր իրական գնահատականը կարող ենք իմանալ՝ Կենտրոնի «Ուրվագիծ»-ը դիտելով: Դաշնակցական Արտյուշա Շահբազյանն էլ հերքեց Դաշնակցության մասնակցությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպմանը, ասաց, թե մասնակցություն կա, բայց միայն ելույթների տեսքով, եւ որ այդ միջոցառումները կազմակերպվում են սփյուռքի նախարարության կողմից, հետո փորձեց ճշտել. «Մի հատ ասեք՝ որտե՞ղ է մեր մասնակցությունը»:



ՀԳ. Երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցությունում տեղի է ունեցել եռյակի անդրանիկ նիստը, որի ժամանակ քննարկվել է մարզային հանդիպումների եւ հանրահավաքի օրակարգը:
«Ստեղծվել են եռակողմ համատեղ կառույցներ, որոնք պետք է նախապատրաստեն հավաքները եւ իրազեկեն հանրահավաքի մասին»,- լրագրողներին ասել է Լեւոն Զուրաբյանը: Իսկ հնարավո՞ր է մինչեւ հանրահավաքը կուսակցությունների ղեկավարների մակարդակով հանդիպում լինի, Զուրաբյանը պատասխանել է, որ այս պահին նման հարց չկա, ինչպես նաեւ չի քննարկվել հանրահավաքին լիդերների մասնակցության հարցը: