Ճապոնիայում անսպասելիորեն ակտիվացած հրաբխից մարդիկ են տուժել

Ճապոնիայում անսպասելիորեն ակտիվացած հրաբխից մարդիկ են տուժել

Ճապոնիայի Նագանո կենտրոնական վարչական շրջանում Օնտակե ակտիվացած հրաբխից դուրս ելնող ծխի սյան բարձրությունը կարող է հասնել 10 կիլոմետրի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 27-ին հաղորդել է «Կիոդո» գործակալությունը:
Այս կարծիքը փորձագետները հայտնել են ինքնաթիռներից մեկից տվյալներ ստանալուց հետո, որի երթուղին անցնում էր ժայթքումի վայրից ոչ հեռու:



Օնտակե լեռան շրջանում, որը զբոսաշրջիկների մոտ ժողովրդականություն է վայելում հատկապես աշնան ամիսներին, հրաբխային ակտիվություն է գրանցվել սեպտեմբերի 27-ի կեսօրին մոտ՝ տեղական ժամանակով ժամը 11:00-ից մինչև 17:00-ն: Օդերևութաբանները գրանցել են 313 հրաբխային երկրաշարժ, ընդ որում՝ դրանցից 240-ը տեղի են ունեցել ժայթքման առաջին երկու օրվա ընթացքում:



Մինչ այժմ Ճապոնիայի բուժհիմնարկները մարդկանց հոսպիտալացնելու ավելի քան 70 դիմում են ստացել: Ինչպես իրենց հերթին հայտնել են Նագանոյի իշխանությունների ներկայացուցիչները, առնվազն 32 մարդու վիճակը գնահատվում է ծանր, տասը մարդ անգիտակից վիճակում է: Հրաբխի ժայթքման պահին նրա լանջերին ավելի քան 220 մարդ է եղել:



Օնտակե հրաբխի ժայթքման հետևանքով, որը գտնվում է Ճապոնիայի Նագոյա խոշոր քաղաքից 100 կիլոմետր հյուսիս-արևելք և Տոկիոյից 200 կիլոմետր արևմուտք ընկած շրջանում, չեղյալ են հայտարարվել մի շարք միջազգային չվերթներ: Ներքին չվերթներն իրականացվում են ուշացումներով: